Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՍՑՐԵՑ

Սեպտեմբեր 20,2011 00:00

Մեկամյա Բենիկի մահվան պատճառները դեռ պարզվում են

\"\"

5 ամիս է անցել մեկամյա Բենիկ Կիրիկյանի մահից, սակայն ծնողները չեն հաշտվում այդ մտքի հետ: Ամիսներ առաջ, երբ 1-ամյա Բենիկի ինքնազգացողությունը վատացել է, ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա, սակայն բժշկուհին գլխի չի ընկել, թե ինչ խնդիր է, եւ միայն հանգստացրել է ծնողներին՝ ասելով, որ «գազեր» են, կանցնի: Սակայն որոշ ժամանակ հետո, ծնողների վստահեցմամբ՝ երեխան կտրուկ դեղնել է եւ վատացել. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները հորդորել են տանել որեւէ մանկական կլինիկա՝ շտապ վիրահատության: «Առավոտի» հետ զրույցում Բենիկի ծնողները պատմեցին. «Մեզ ասել էին, որ լավագույն մասնագետը Նիկոլայ Դալլաքյանն է, եւ շատերը խորհուրդ էին տվել տանել հենց նրա հիվանդանոց: Երեխայի լեղապարկի վրա կիստա կար, եւ պետք է վիրահատական միջոցով լեղապարկն ու կիստան հեռացվեր: Մենք էլ հավատացած լինելով, որ այդ հիվանդանոցում կփրկեն մեր երեխային՝ տարանք հենց «Սուրբ Աստվածամայր»: Մենք ասացինք, որ եթե հնարավորություններ չունեն, կարող ենք երեխային տանել Գերմանիա՝ վիրահատելու, բայց բժիշկները վստահեցրին, որ կարիք չկա՝ մենք շատ լավ տեխնիկա ունենք, ամեն ինչ լավ է լինելու»:
Այսօր, սակայն, երեխայի ծնողները կարծում են, որ բժիշկների ոչ պրոֆեսիոնալ վիրահատության պատճառով է Բենիկը մահացել: Երեխայի հոր ներկայացմամբ՝ առաջին վիրահատությունից հետո հույս ունեին, որ շուտով երեխան կկազդուրվի. «Ծնող ենք, անհանգիստ էինք ու հարցեր էինք տալիս բժշկին, բայց վիրահատությունից հետո բժիշկ Կարապետյանը խուսափողական պատասխաններ էր տալիս, վստահեցնում, որ ամեն ինչ նորմալ է, բայց վիրահատությունից հետո երեխայի փորն ուռչում էր ու ամբողջ հեղուկը, որը պետք էր տեղադրված խողովակի միջով թափվեր դուրս, լցվում էր երեխայի որովայնի մեջ: Մենք սթրեսային վիճակում էինք, իսկ բժիշկն այս երեւույթը՝ վիրահատությունն ու լեղին ներս լցվելը համեմատեց շինարարության հետ եւ այսպես բացատրեց՝ խողովակները ոնց են սվարկայով կպցնում, որ հետո ժանգոտի ու այդ ժանգը խողովակներն իրար կպցնի: Երեւի հենց այդ ժանգը լավ չի կպել եւ այդ տեղից լեղին թողնում է»:
Մեկ շաբաթ անց փոքրիկ Բենիկին կրկին վիրահատել են. «Բժիշկը վիրահատարանից դուրս եկավ եւ մեզ ասաց՝ այս անգամ իրոք ամեն ինչ կարգին է, եւ վիրահատությունը լավ է անցել: Բայց երեխան էլի ջերմում էր եւ իրեն լավ չէր զգում»: Տեսնելով փոքրիկի վիճակը, բժիշկները որոշել են նրան 3-րդ վիրահատությունն անել՝ որովայնը մաքրել: Բենիկի ծնողների պատմելով՝ իրենք մտավախություն են հայտնել, որ հնարավոր է երեխան 3-րդ վիրահատությանը չդիմանա: Սակայն բժիշկներն այդպես էլ չեն հասցրել 3-րդ անգամ վիրահատել, քանի որ երեխայի վիճակը կտրուկ վատացել է եւ նա մահացել է սրտի կանգից: «Հենց վերակենդանացման բաժանմունքում երեխաս վատացավ, երբ բուժքույրը մոտեցավ, ասացի՝ երեխայիս աչքերը կուլ են գնում, մի բան արեք, խնդրում եմ, բուժքույրն ինձ պատասխանեց՝ ինչի եք խառնվել իրար, երեխայի աչքերը միշտ էլ տենց են եղել»:
Բենիկի մահվան պատճառը պարզելու համար նրա ծնողները դիմել են մի շարք ատյաններ: Իսկ վիրահատության գնահատականը առաջիկայում կտա Փորձաքննությունների ազգային բյուրոն: Սակայն մինչ բյուրոյի գնահատականը՝ «Առավոտը» զրուցեց նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանի հետ: Բժիշկ Ն. Դալլաքյանի խոսքերով. «Կատարվել է բարդ եւ լրջագույն ռեկոնստրուկտիվ վիրահատություն՝ որովայնահատում լեղապարկի եւ կիստոզ փոփոխված ընդհանուր լեղածորանի հեռացում եւ ընդհանուր լեղածորանի բերանակցում: Դուք կարող եք ցանկացած մասնագետի հարցնել, թե դա ինչ բարդ վիրահատություն է: Երեխայի մոտ ի ծնե կիստա է եղել եւ ամեն օրգանիզմ յուրօրինակ է արձագանքում նման վիրահատություններին: Մենք ցավում ենք, որ չկարողացանք փրկել երեխայի կյանքը, սակայն ամեն ինչ արել ենք նրան փրկելու համար: Եվ նախապես ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ինչ կլինի: Երեխայի վիճակն աստիճանաբար բարելավվում էր, աղիները սկսել էին գործել, որովայնը փափուկ էր, սոնոգրաֆիան որովայնի խոռոչում բորբոքային հեղուկ չէր հայտնաբերել: Ամեն օր ծնողներին տեղեկություն տալով երեխայի վիճակի մասին, նաեւ բացատրվել է հիվանդության եւ հետվիրահատական բարդությունների արդյունքում հնարավոր բացասական ելքի մասին: Երեխայի մահվան պատճառը հանդիսացել է թրոմբոէմբոլիան»: Ն. Դալլաքյանի խոսքերով, մահվան նման ելքը սովորաբար անկանխատեսելի է՝ անկախ տարիքից, սեռից ու վիրահատության բարդությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել