Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ՝ «ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 29,2011 00:00

\"\"Զանգվածային սխալ որակումներ

Աշտարակի բնակիչ, վաստակավոր ուսուցչուհի Հայրենուհի Գեւորգյանը մեկն է այն բազմաթիվ քաղաքացիներից, ով քրեական պատասխանատվության է ենթարկվում այն բանի համար, որ իրեն մեղսագրված արարքը ձեւականորեն պարունակում է ՀՀ քրօրի 258 հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմի հատկանիշները:
Հայրենուհի Գեւորգյանն աշխատել է Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես տարրական դասարանի դասվար: Նրա եւ դպրոցի տնօրենի հարաբերությունները մշտապես եղել են լարված: Գեւորգյանն ամիսներ առաջ ենթարկվել է կարգապահական տույժի, ինչը բողոքարկել է դատական կարգով: Դատական քաշքշուկները եւ իր իրավունքները պաշտպանելու ուսուցչուհու փորձերն էլ ավելի են խորացրել դպրոցի տնօրենի հետ ունեցած լարված փոխհարաբերությունները:
Այս տարվա մայիսի 16-ին ուսուցչուհին հրավիրվել է տնօրենի աշխատասենյակ՝ տետրեր ստուգելու նպատակով: Իր աշխատասենյակում տնօրենը հանդիմանել է ուսուցչուհուն՝ հայտարարելով, որ նրա ղեկավարած դասարանում երեխաները թվաբանական աղյուսակին չեն տիրապետում: Արդյունքում վիճաբանություն է առաջացել տնօրենի եւ ուսուցչուհու միջեւ, ինչը, դպրոցի մի քանի ուսուցիչների պնդմամբ, զուգորդվել է «վաստակավոր ուսուցչուհու կողմից սեռական բնույթի հայհոյանքներ տալով»:
Այս հիմքերով Հայրենուհի Գեւորգյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով:
Եթե անգամ համարենք, որ տեղի է ունեցել վիճաբանություն եւ որի ժամանակ անգամ հնչեցվել են հայհոյանքներ, ապա անհրաժեշտ է պարզել, թե որքանով է այն տեղավորվում խուլիգանության հանցակազմում:
2003 թվականին, Քրեական նոր օրենսգրքի ընդունմամբ, որպեսզի անձի արարքը դիտվեր որպես քրեորեն պատժելի խուլիգանություն, հասարակական կարգի կոպիտ խախտումը պետք է զուգորդված լիներ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, կամ այլոց գույքը վնասելով: 2005թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ներկայումս խուլիգանությունը բնորոշվում է որպես դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Նման պարագայում, որպեսզի արարքը համարվի խուլիգանություն, հասարակական կարգի խախտումը պետք է լինի «կոպիտ» եւ արտահայտվի հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Փաստորեն, արարքը որպես հասարակական կարգի «կոպիտ» խախտում բնորոշելու հարցը թողնված է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: Գործնականում, որպես կանոն, քրեական հետապնդում իրականացնող մարմինները չեն անդրադառնում արարքի՝ հանրորեն վտանգավորության հարցին, ինչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հանդիսանում է հանցագործության կարեւորագույն հատկանիշ: Արդյունքում, անձի արարքում միայն առերեւույթ խուլիգանության հանցակազմի հատկանիշներ պարունակելու փաստով նրա նկատմամբ իրականացնում են քրեական հետապնդում:
Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգիրքն ուղղակիորեն սահմանում է՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեեւ ձեւականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որեւէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել եւ չի կարող պատճառել:
Քննարկվող դեպքով, երբ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում մի քանի րոպեով ընդհատվել են հարակից դասասենյակում ընթացող պարապմունքները, արդյո՞ք այն կարելի է որակել որպես հանրորեն վտանգավոր այնպիսի արարք, որը տեղավորվում է ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված հանցագործություն եզրույթի մեջ:
Բացի այդ, արարքը խուլիգանություն որակելիս անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք արարքը կատարվել է խուլիգանական մղումներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով խուլիգանության որակման առանձնահատկություններին, մասնավորապես նշել է, որ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր՝ ուղղված հասարակական կարգի դեմ եւ թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, այսինքն՝ անձի դիտավորությունը պետք է նպատակաուղղված լինի հասարակական կարգը խախտելուն: Հետեւաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով եւ չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտման հետ, մեր կարծիքով, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն: Մեղադրյալի կողմից տուժողին անգամ վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները եւ խուլիգանության հանցակազմը կարող են բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատեւ ժամանակահատվածի ընթացքում ձեւավորված հակակրանքի արդյունքում: Խուլիգանական մղումների առկայությունը գնահատելու համար էական նշանակություն կարող է ունենալ նաեւ տուժողի վարքագիծը:
 Ցանկալի է, որ վճռաբեկ դատարանը կրկին անդրադառնա խուլիգանության որակման հարցերին՝ հատկապես անձի դիտավորության մասով: Մեզ համար անընդունելի է այն մոտեցումը, որ երբ կենցաղային վեճն ու կռիվը տեղի են ունենում հասարակական վայրում, առկա է հասարակական կարգը խախտելու անուղղակի դիտավորությունը: Մինչդեռ, խուլիգանությունը պետք է կատարված լինի միայն ուղղակի դիտավորությամբ: Հենց անուղղակի դիտավորության կիրառումն է, որ հնարավոր է դարձնում ցանկացած վեճ, կռիվ որակել որպես խուլիգանություն, գործ ենք ունենում հոդվածի տարածական մեկնաբանման հետ:
Այսպիսով, եթե անգամ համարենք, որ դպրոցի ուսուցիչը տնօրենի հետ վիճաբանության ժամանակ իրապես դրսեւորել է ուսուցչին ոչ վայել վարքագիծ, եթե անգամ համարենք, որ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում մի պահ խաթարվել են այդ պահին ընթացող պարապմունքները, ապա այն չի կարող որակվել որպես խուլիգանություն, քանի որ ցածր է արարքի հանրային վտանգավորության աստիճանը, արարքը կատարվել է ոչ խուլիգանական մղումներով, այն կատարվել է ուսուցիչ-տնօրեն կենցաղային, տեւական ժամանակ ձեւավորված հակակրանքի արդյունքում եւ ուղղված չի եղել շրջապատին հակադրվելու, շրջապատի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ:
Ավելացնենք նաեւ, որ խուլիգանության հանցակազմի տարածական մեկնաբանման արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը բավական մեծ է: Ամիսներ առաջ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել նաեւ «Գրանդ Քենդի» ֆիրմային խանութի հաճախորդներից մեկի նկատմամբ, ով աշխատակիցների հետ վիճաբանություն էր ունեցել հսկիչ-դրամարկղային խոտանված կտրոնը նորով փոխարինելու համար: Նա ընդամենը դուրս էր եկել հավասարակշռությունից իր նկատմամբ անարդարացի վերաբերմունքի պատճառով՝ ոչ թե ցանկացել է հասարակությանն արհամարհել, խախտել հասարակական կարգը, այլ բարձրաձայնել իր դժգոհությունը, աշխատողների բացասական վարքագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել