Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՐԲՈՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 29,2011 00:00

\"\"Ֆրանսիական դեսպանատունը չի մեկնաբանում երկարաժամկետ ուսանողական վիզաների մերժման պատճառները:

23-ամյա Իրինա Հայրապետյանը ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, աշխատել SPSA-ի ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպության Արտաշատի մասնաճյուղում, Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնում, զբաղվել թարգմանչությամբ: Ասում է՝ այս տարվա փետրվարին որոշել էր շարունակել ուսումը ու կանգնել է խնդիրների առաջ: «Դեսպանատանը կա հատուկ մարդ՝ Անն Ռոզենստիլը, ով զբաղվում է ուսանողների գործերով, դիմեցի իրեն, ինքը տվեց դոսյե, որպեսզի համալսարաններ ընտրենք եւ լրացնենք: Ես ընտրել էի Փարիզ-4-ը, Փարիզ-7-ը եւ Ստրասբուրգի համալսարանը: Պետք էր նաեւ հանձնել ֆրանսերենի իմացության TCF քննություն, ինչը եւ արեցի: Քննությանս արդյունքները եւ իմ լրացրած դոսյեն Աննը ուղարկեց Ֆրանսիա: Ինձ առաջին հայտով Փարիզ-4 համալսարանը ընտրեց, որը Սորբոնի մասնաճյուղն է: Դիմել էի ժամանակակից գրականություն ուսումնասիրելու համար»,- պատմում է Իրինան: Նա հայտնեց, թե բազմաթիվ դժվարություններից հետո խնդրել է ավելի շուտ հանդիպում նշանակել դեսպանատանը, ու սեպտեմբերի 6-ին ներկայացրել է թղթերը՝ վիզա ստանալու ակնկալիքով, քանի որ սեպտեմբերի 16-ի համար տոմս ուներ, դասերն էլ սկսվում են սեպտեմբերի 26-ից: «Պատասխանը տալիս են մեկ շաբաթից, այսինքն՝ սեպտեմբերի 13-ին պետք է այն ունենայի: Ու մինչ կհասնեի դեսպանատուն, զանգեցին ու ասացին, որ դիմումս մերժվել է, ավելի ուշ պատճառաբանեցին, թե երկարաժամկետ վիզայի մերժման պատճառների մասին չեն ասում: Ինձ մեկ տարով էր վիզա անհրաժեշտ, 365 օրով: Դիմեցի SPSA-ի Ֆրանսիայի մեր տնօրեն Ջանիկ Մանիսյանին, ինքը գրություն ուղարկեց, թե պատրաստ է գարանտ լինել, որ ես մեկ տարուց կվերադառնամ Հայաստան: Խոստացան հարցը ուսումնասիրել, բայց այդպես էլ չպատասխանեցին»,- ասում է Ի. Հայրապետյանը: Նա հավելում է, որ 3 անգամ եղել է Ֆրանսիայում, մեկ անգամ՝ որպես թարգմանչուհի, 2 անգամ՝ որպես զբոսաշրջիկ, միշտ վերադարձել է ժամանակին: Ու էդպես էլ չի հասկանում, թե ինչո՞ւ հավատ չի ներշնչել ֆրանսիացիներին:
ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատնից «Առավոտին» փոխանցեցին, որ համաձայն ֆրանսիական օրենսդրության, ուսանողական երկարաժամկետ վիզաների մերժումը չի մեկնաբանվում, իսկ Իրինա Հայրապետյանի գործը բացառիկ չէ, նրանից բացի այլ ուսանողներ էլ են մերժվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել