Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՊԱՊԱՆԵՐԻ ԲԱՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ

Սեպտեմբեր 30,2011 00:00

«Իմ որդիները շատ խելոք, իսկական հայի որդիներ են։  Իմ որդիները մեղավոր չեն, էդ բանդայի հետ ընդհանրապես գործ չունեն»,-
հավաստիացնում էր Սուրեն Հակոբյանը:

\"\"

Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ջանքերով վնասազերծվել էր մի ավազակախումբ, որը զինված կողոպուտներ էր իրականացրել նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաների բնակարանների վրա: Ոստիկանության գործողության ընթացքում՝ փախուստի ժամանակ, հիշեցնենք՝ ժայռ մագլցելիս ընկել եւ մահացել էր, ոստիկանների ասելով, բանդայի պարագլուխներից մեկը՝ Գուրգեն Հայրապետյանը՝ «Եթիմը»: Այդ եւ հաջորդ օրերին ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել էր 13-ի: Այսօր արդեն նախաքննական մարմինը պնդում է, որ բանդայի պարագլուխներից մեկն էլ «Լավաշի Սուրիկ» անունով հայտնի գործարար Սուրեն Հակոբյանի որդին է՝ Արտուշ Հակոբյանը, որը, որպես պարագլուխ, ձերբակալվել էր բանդայի վնասազերծման հաջորդ օրը:
Վերջին երկու օրերին, սակայն, Ա. Հակոբյանի հայրը հերքում է, թե իր որդին որեւէ առնչություն ունի բանդայի հետ, եւ պնդում է, թե Արտուշը խելոք, կարգին տղա է, ընդամենը մեկ անգամ է դատապարտվել, այն էլ՝ «ինչ-որ աղջիկ փախցնելու» համար: Ոստիկանության մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ կալանավորվածները՝ հատկապես «բանդիտիզմի» մեջ մեղադրվող հինգ հոգուց երեքը, այդ թվում՝ Ա. Հակոբյանը, նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված են եղել: Այսպես, 1961թ. ծնված Արտուշ Հակոբյան. առաջին անգամ դատվել է 1987թ. մարտին՝ պետական ունեցվածքի հափշտակման մեղադրանքով եւ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: 1990թ. հունիսին կրկին դատապարտվել եւ երեք այլ կալանավորների հետ փախել է կալանավայրից: Իրեն հետապնդելու ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին: Արդեն 1998-ին կազմակերպել եւ առեւանգել է այն ժամանակ Բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանին, պահել Գառնիում եւ 100 հազար դոլար փրկագին պահանջել: Հաջողացրել է խույս տալ, բայց կարճ ժամանակ անց կրկին կալանավորվել է, բայց դատարանում, ինչպես բոլոր նախորդ անգամները, դատախազի միջնորդությամբ ճանաչվել է հոգեկան հիվանդ եւ տեղափոխվել Սովետաշենի հոգեբուժարան՝ իբր, հարկադիր բուժման: Մեր աղբյուրը պնդում էր, թե նա այսօր էլ «օրենքով» պիտի լիներ հոգեբուժարանում՝ ուժեղացված ռեժիմի տակ, բայց այդ ռեժիմն էլ է խախտված եղել, եւ նա եղել է կիսաբաց ռեժիմում: Ասում են՝ այդ ողջ ընթացքում նրան այցելել են ազդեցիկ դատախազներ: Վերջին անգամ հոգեբուժարանից փախել է 2001-ին եւ մինչ օրս ազատության մեջ է եղել: 
Մահացած Գուրգեն Հայրապետյանը՝ «Եթիմ» մականունով, 4 անգամ դատապարտված է եղել, հայտնի է, որ մեկը՝ դարձյալ բանդիտիզմի հոդվածով: Առաջին անգամ դատապարտվել է 1980թ.-ին, վերջին անգամ՝ ՌԴ-ում կատարած ավազակային հարձակման մեղադրանքով:
1980թ. ծնված Դավիթ Գալստյան. հինգ անգամ դատված: Առաջին անգամ դատապարտվել է 18 տարեկանում: 1968թ. ծնված Սամվել Դավթյանը՝ «Ցուլ» մականունով, 3 անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ դատապարտվել է 1994-ին, վերջին անգամ՝ 2007-ին: 2011-ի հունվարի 11-ին ազատ է արձակվել՝ կրելով իր համար սահմանված ողջ պատժաժամկետը:
1989թ. ծնված Արթուր Մանուկյանը եւս նախկինում դատապարտված է եղել. առաջին անգամ դատապարտվել է 2009-ին եւ կրկին դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան: Քյարամ Ամոյանն առաջին անգամ դատվել է 1992-ին՝ «կողոպուտի» մեղադրանքով: Վերջինս, ի դեպ, քրեական աշխարհում հայտնի «հեղինակություն» «Ճակոյի» քրոջ տղան է: Կալանավորված այս հինգ անձինք մեղադրվում են «բանդիտիզմի», մյուսները՝ ապօրինի զենք-զինամթերք պահել ու կրելու, թմրանյութերի հոդվածներով:
Ինքը՝ Արտուշ Հակոբյանը, իր ձերբակալության օրը, ինչպես հայրն էր ասում, իսկապես եղել է ընկերոջ՝ մի ավագ դատախազի ծննդյան տարեդարձին, որին մասնակցել է նաեւ ճանապարհային ոստիկանության մի բարձրաստիճան սպա եւս: Ո՛չ այս վերջինիս, ո՛չ դատախազի անունը ճշտել մեզ չհաջողվեց:
Փոխարենը մեր աղբյուրը փորձեց փարատել «Լավաշ Սուրիկի» տարակուսանքը, որ՝ եթե իր որդին է եղել բանդայի պարագլուխը, այդ դեպքում ինչպե՞ս է պատահել, որ հաջորդ օրը շատ հանգիստ, զենքը վրան մասնակցել է իր դատախազ ընկերոջ ծնունդին՝ փոխանակ փախուստի դիմեր: Բանն այն է, որ մեր զրուցակցի ասելով, Ա. Հակոբյանը՝ որպես բանդայի պարագլուխ, գործ է ունեցել եւ կազմակերպչական աշխատանքները վարել է բացառապես սպանված «Եթիմի» հետ: Ա. Հակոբյանը, ըստ էության, կազմակերպիչն ու «նավոդչիկն» է եղել, իսկ հարձակումների համար բանդան ձեւավորել է «Եթիմը»՝ դրանում ներառելով այսօր արդեն նույն գործով կալանավորված իր հորեղբոր որդուն: Ու քանի որ չկար «Եթիմը» ու, ըստ Ա. Հակոբյանի, չկար նաեւ իր համար որեւէ խնդիր ստեղծող անձը, նա շատ հանգիստ է եղել՝ չենթադրելով անգամ, որ իր գործընկեր «Եթիմը» իր գոյության եւ դերի մասին պատմել է իր հորեղբոր որդուն:
Ոստիկանները տեղյակ են եղել, որ այդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, խմբի անդամները ծրագրել էին կողոպտել Այգեստանում հայտնի մի գինեկոլոգ-բժշկի բնակարանը: Ոստիկանության աշխատակիցները հենց այդ թաղամասում են հանցագործներին սպասելիս եղել՝ հույս ունենալով, որ վերջիններիս կբռնեն հենց հանցանքի վայրում եւ հանցանքի պահին: Բայց ինչ-որ բան այնպես չի եղել, եւ հանցագործները գլխի են ընկել, որ իրենց հետեւում են: Հերթական կողոպուտն իրականացնելու համար նրանք ընտրված հասցե են մեկնել «Օպել» մակնիշի ավտոմեքենայով. այն նույն ավտոմեքենայով, որը, փաստաթղթային ձեւակերպմամբ, պատկանել է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի քրոջ աղջկան, վաճառված եւ դեռեւս անվանափոխված չի եղել: Հենց այդ մեքենայում նրանք ունեցել են կողոպուտի համար հարմար «գործիքներ»՝ զենք, դիմակներ, ձեռնոցներ եւ այլն: Մեքենան նրանք թողել են դեպքի վայրում, մեկ այլ մեքենայով փախուստի դիմել դեպի Նոր Նորքի զանգված, «Վալենսիա» հյուրանոցի մոտ փոխել են մեքենան, նստել նախապես այնտեղ կայանված «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան ու շրջադարձ արել դեպի Կենտրոն, որի ճանապարհին էլ վնասազերծվել են: Ոստիկանությունն, ի դեպ, մեր տեղեկություններով, պատրաստվում է զբաղվել նաեւ Սովետաշենի հոգեբուժարանով, որը, դատելով այս պատմությունից, ըստ էության, դարձել է կրիմինալ «հոգեխանգարվածների» ապահով ապաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել