Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼԸ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՐՑ Է

Հոկտեմբեր 05,2011 00:00

\"\"Ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը

 Անցած ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել ՄԱԿ-ի՝ նոր անդամների ընդունման հարցով փորձագիտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել է Պաղեստինի ազգային վարչակազմի՝ Ինքնավարության՝ որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչելու վերաբերյալ հայտը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ հայտը քննարկել էր դեռ սեպտեմբերի 26-ին եւ որոշում էր ընդունել այն փոխանցել հիշյալ հանձնաժողովին, որն էլ սեպտեմբերի 30-ի դռնփակ նիստում քննարկեց  Պաղեստինի Ինքնավարության հայտը: Ու թեեւ այդ նիստի մասին հավելյալ տեղեկություններ չկան, բայց հայտնի է, որ հաջորդ շաբաթ հայտը կքննարկվի նաեւ իրավական փորձագետների կողմից։ ՄԱԿ-ի ԱԽ-ում նմանատիպ հայտերի քննարկումը, ըստ ընթացակարգի, տեւում է սովորաբար մինչեւ 35 օր:
Հայաստանը Պաղեստինի Ինքնավարության ճանաչման առնչությամբ դեռեւս պաշտոնապես եւ հստակ դիրքորոշում չի հայտնել, թեեւ հայտնի է, որ այդ ուղղությամբ կողմերի միջեւ ակտիվ բանակցություններ են ընթանում դեռեւս հունիսից, երբ Պաղեստինի Ինքնավարության իշխող «Ֆաթհ» կուսակցության պատվիրակությունը՝  Պաղեստինի վարչապետ Մահմուդ Աբբասի գլխավոր խորհրդական Նաբիլ Շաաթի գլխավորությամբ, ժամանել էր Հայաստան: Արդյոք Հայաստանը պե՞տք է ՄԱԿ-ում աջակցություն ցուցաբերի Պաղեստինի Ինքնավարությանը, եւ արդյոք դա պիտի անի բացառապես սկզբունքի՞, թե՞ նաեւ որոշակի պայմաններ առաջադրելու պարագայում:
Դեռ սեպտեմբերի 30-ին «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծիք էր հայտնել, թե սկզբունքորեն ՀՅԴ-ի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը պետք է «կողմ» քվեարկի Պաղեստինի անկախության ճանաչմանը, բայց խնդիրն այլ է Հայաստան պետության պարագայում: Մանոյանի կարծիքով, Հայաստանը, ինչպես ցանկացած պետություն, ե՛ւ սկզբունքային դիրքորոշում պիտի ունենա այս հարցում,  ե՛ւ պետք է պաղեստինյան իշխանություններից համարժեք եւ համապատասխան սկզբունքային կեցվածք ակնկալի Հայաստանին եւ Ղարաբաղին վերաբերող հարցերում՝ հաշվի առնելով Պաղեստինի Ինքնավարության նախագահ Աբբասի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ մի քանի ամիս առաջ Բաքվում կատարած հայտարարությունը: Կ. Մանոյանը շեշտեց, որ այս հայտարարության առնչությամբ Հայ դատի Երուսաղեմի հանձնախումբը բողոք էր ներկայացրել եւ դրան ի պատասխան՝ նամակ էր ստացել նախագահ Աբբասից, բայցեւ պնդեց, որ որպես ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչման պատրաստակամությանն ընդառաջ քայլ՝ Պաղեստինի իշխանություններն էլ պետք է հստակ եւ սկզբունքային դիրքորոշում հայտնեն Ղարաբաղի հարցում:
Արդյոք կա՞ երաշխիք, որ Պաղեստինը, որն այս պահին աջակցության կարիք ունի, եթե անգամ խոստանա ԼՂ հարցում ՀՀ կողմից ակնկալվող դիրքորոշում ունենալ, ունենալո՞ւ է ամրագրված պարտավորություն՝ միջազգային ատյաններում չքվեարկելու ԼՂ դեմ կամ պաշտպանելու ադրբեջանական նախաձեռնությունները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա մեծապես կախված է նաեւ Արաբական լիգայի երկրների ազդեցությունից, նաեւ հավասարապես ակնկալում է ՄԱԿ-ում Ադրբեջանի աջակցությունը:
«Սկսենք նրանից, որ Արաբական լիգայի երկրները միշտ չէ, որ մեր դեմ քվեարկել են՝ թեկուզ Ադրբեջանի հետ կապված մեր խնդիրների վերաբերյալ, կամ Ադրբեջանի կողմ են քվեարկել. խուսափել են քվեարկելուց եւ այլն: Կարծում եմ՝  վաղվա հաշվին ինչ-որ պարտավորություններ պահանջել մեկից՝ ճիշտ չի լինի: Բայց Բաքվում Պաղեստինի նախագահի հայտարարությունն այսօր ի զորու հայտարարություն է: Պետք է  ճիշտ դիրքորոշում դրսեւորվի, որպեսզի նաեւ հասկանալի լինի Հայաստանի կեցվածքը, որովհետեւ պարզ է, որ Հայաստանն իր  այդ դիրքորոշման համար, այսինքն՝ Պաղեստինի ճանաչմանը «կողմ» քվեարկելով, եւս ինչ-որ գին վճարելու է: Եվ չնայած, օրինակ՝ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ «կողմ» կքվեարկի, բայց նման դեպքերում, կարծեք, Իսրայելն ավելի «ներողամտաբար» կնայի Ադրբեջանին, քան Հայաստանին»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, նրանց շահերը համընկնում են տարբեր հարցերում եւ այն աստիճանի, որ «այսօր Թուրքիա-Իսրայել հարաբերությունների լարվածության պայմաններում էլ տակավին շարունակվում են Ադրբեջան-Իսրայել ակտիվ հարաբերությունները, դրա համար էլ ներողամիտ կլինեն: Դա արդա՞ր է. ըստ մեզ՝ արդար չէ, բայց այդպես է: Դրա համար էլ պետք է, որ Հայաստանի սկզբունքային կեցվածքը նաեւ քաղաքականորեն հասկանալի լինի»:
Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը պիտի փորձի ճանաչել Պաղեստինի անկախությունը եւ ՄԱԿ-ում նրա լիիրավ անդամակցությանը «կողմ» քվեարկի՝ Իսրայելի հետ հարաբերություններ փչացնելու հավանականության գնով, եթե, իհարկե, այդպիսի հարաբերություններ կան:
«Պաղեստինի անկախության ճանաչումը չի նշանակում Իսրայելի գոյության դեմ լինել»,- ասաց Մանոյանն ու հավելեց, թե՝ Պաղեստինի ճանաչումը Իսրայելի կողմից ցավագին ընդունելը այդ երկրի այսօրվա իշխանությունների խնդիրն է, բայց Իսրայելի հարցը չէ. «Իսրայելն ինքն ընդունել է, որ պաղեստինյան պետություն, ի վերջո, պետք է լինի. դրա ժամանակը, ձեւը եւ այլն՝ քաղաքականության հարց է: Հայաստանի՝ Պաղեստինի անկախության ճանաչմանը «կողմ» քվեարկելը  պետք չէ, որ վատ ընկալվի Իսրայելի կողմից, չնայած՝ կարող է»,- նկատեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, որի համոզմամբ՝ Իսրայելը Հայաստանի նկատմամբ ավելի պակաս «ներողամիտ» կլինի, որովհետեւ Հայաստանի հետ  չունի այն հարաբերությունները, որ ունի Ադրբեջանի հետ:
Պաղեստինի Ինքնավարության անկախությունը ճանաչելը սկզբունքի խնդիր է, բայց որքանո՞վ դա կնպաստի նաեւ ԼՂ անկախության ճանաչմանը: Արդյոք նախադեպերի՞ իմաստով: Մանոյանի համոզմամբ, ԼՂ խնդրով չէ, որ պետք է պայմանավորվի Պաղեստինի անկախության ճանաչումը, որովհետեւ  Պաղեստինը միակ օրինակը չէ, կան բազմաթիվ այլ նախադեպեր, որոնք հաստատում են նաեւ Արդարադատության միջազգային դատարանի անցած տարվա հուլիսի 22-ի տեսակետը, որտեղ հստակ ասվում է, որ անկախություն հռչակելը՝ առանց անպայման այն համաձայնեցնելու կամ համապատասխանեցնելու, այսպես կոչված, բաղկացուցիչ պետության հետ, աշխարհի պատմության վերջին 150 տարվա պրակտիկան է: Մենք նոր ընթացակարգերի պետք չունենք: Մենք պետք է քվեարկենք սկզբունքային տեսանկյունից եւ ոչ թե այն բանի համար, որ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին էլ կարող է դա օգտակար լինել, որովհետեւ Ղարաբաղն առանց պաղեստինյան հարցի էլ արդեն շատ լավ օրինակ է, որ պետք է ճանաչվի:
ՀՅԴ ներկայացուցչի դիտարկմամբ, Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության հայտը ԱԽ կոմիտեում քննարկելը ընթացակարգային հարց է եւ դեռ ժամանակ կպահանջի, դա նաեւ պատեհ առիթ է ժամանակն օգտագործելու եւ Պաղեստինի վրա ճնշումներ գործադրելու համար, որպեսզի Ինքնավարությունն իր այդ նախաձեռնությունը հետ վերցնի: «Չեմ կարծում, որ  կվերցնի»,- հավելեց Մանոյանը:
Երկար ժամանակ է, ինչ Իսրայելի եւ Թուրքիայի «ջրերը մի առվով» չեն գնում, երկու երկրների միջեւ դիվանագիտական պատերազմը շարունակվում է: Իսրայելի խորհրդարանն այդ ընթացքում նույնիսկ օգտագործեց հայկական խաղաքարտն ու, ի հեճուկս Թուրքիայի, Կնեսետի օրակարգ բերեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ԱՄՆ-ում էլ հրեական լոբբինգը սպառնաց աջակցել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Արդյոք Հայաստանը պե՞տք է օգտվի այդ հակասություններից եւ փորձի սերտացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հարցում ընդհանուր մոտեցումներ գտնելու հարցում: «Նախ, սխալ է Իսրայելի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման հարցը կապել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարման հետ, որովհետեւ Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի հետ շատ սերտ հարաբերությունների ժամանակ էլ եղել է: ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչմանն օգնելու մասին հայտարարություն էլ արեց Իսրայելի ԱԳ նախարարը, բայց նրա հայտարարության չվանով ջուր չենք իջնում: Ուզում եմ շեշտել, որ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պատճառով հայերի համար, Հայոց ցեղասպանության  ճանաչման համար Իսրայելը ոչինչ չի արել: Իսրայելում կա հասարակական ուժեղ կարծիք, որը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը եւ կարող է՝ այսօրվա Թուրքիայի հետ հարաբերությունների լույսի տակ մի քիչ ավելի բարձրաձայնում է դրա մասին. այդքան բան: Բայց քաղաքական ուժերը, Իսրայելի գործադիր իշխանությունը միշտ էլ դեմ են եղել Կնեսետում դրա քննարկումին՝ ներառյալ այս լարված իրավիճակում»,- պարզաբանեց Մանոյանը: ՀՅԴ ներկայացուցիչը միաժամանակ կարծիք հայտնեց, թե Հայաստանը չէ պատճառը, որ Իսրայելի հետ հարաբերությունները սերտ չեն. «Եթե Իսրայելը ցանկանա հարաբերություններ սերտացնել Հայաստանի հետ՝ անկախ այն բանից, թե նա ինչ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, պետք է որ դրանք սերտացնի: Իսկ եթե հարաբերություններ պետք է սերտացնի, որպեսզի Թուրքիայի վրա ազդելու լծակներ ունենա, իսկ վաղը վերադառնա նախկին սիրաբանությանը, ու եթե պիտի «քցի» մեզ՝ այդ սերտացման պետքը չկա: Հայաստանի կողմից արկածախնդրություն կլինի փորձել այսօրվա հաշվարկներով օգտվել, այսպես ասած, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների լարվածությունից, որովհետեւ դրանք այդ ընթացքում էլ չեն դադարել լինել ռազմավարական, եւ  փորձել օգտվել այսօրվա այդ լարվածությունից՝ Հայաստանի կողմից ճիշտ չի լինի: Հայաստանը, կարծում եմ,  միշտ էլ պատրաստ է սկզբունքային մոտեցում ցուցաբերելով հարաբերություններ մշակել Իսրայելի հետ: Իսրայելից են կախված այդ հարաբերությունները: Երբ որ Իսրայելը մեր նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերող երկու պետությունների հետ, մի պահ անտեսենք այս վերջին մեկուկես տարին, ունի ռազմավարական գործընկերություն, ակնկալել, որ շատ ջերմ կլինեն մեր հարաբերությունները՝ իրապաշտ չի: Մենք այդ հարաբերություններին փոխարինող կլինենք, եթե Իսրայելում որոշեն, որ Թուրքիան չէ իրենց ռազմավարական գործընկերը: Նման վիճակ եւ Թուրքիային փոխարինելու հարց Իսրայելում այսօր չկա: Հակառակը՝ Իսրայելը փորձում է վերականգնել Թուրքիայի հետ իր հարաբերությունները, ոչ թե փչացնել: Դրա համար մենք օգտվելու խնդիր չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել