Լրահոս
Օրվա լրահոսը

Հինը չընտրվեց, նորը՝ hրաժարվեց

Հոկտեմբեր 06,2011 00:00

«Առավոտի» սեպտեմբերի 30-ի համարում տպագրված «ԿԳ նախարարությունում տեղյակ չեն» լուրին հետեւել է Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը: Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն կար այն մասին, թե Հրազդանի Մռավյանի անվան թիվ 4 դպրոցի անձնակազմը, ծնողներն ու երեխաները օրերս մի քանի ժամով փակել էին դպրոցի հարակից փողոցը` պահանջելով վերականգնել դպրոցի տնօրեն Ռուբեն Առաքելյանին իր պաշտոնում: Ըստ Կոտայքի մարզպետարանի. «Հրազդանի Ա. Մռավյանի անվան թիվ 14 հիմնական դպրոցի տնօրենը, մինչ մրցույթը, պաշտոնավարել է անորոշ ժամկետով կնքված պայմանագրի հիման վրա։ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ նշվում է. «Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2011 թ. օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր ե մասնակցում տնօրենի ընտրության համար մրցույթին՝ համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի եւ ժամանակացույցի»։ Ռ. Առաքելյանը վերապատրաստվել է եւ ստացել ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր, ինչը դեռեւս չի նշանակում հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնել»: Մարզպետարանի պատասխանում վկայակոչվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների համար մրցույթների անցկացման րնթացակարգը, նաեւ հավելվում, որ օրենքով անորոշ ժամկետով կնքված պայմանագրերը լուծվում են: Պատասխանում ասվում է, որ սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթին մասնակցել է 2 թեկնածու: Կառավարման խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ՝ ձայների 5:3 հարաբերակցությամբ դպրոցի գործող տնօրեն Ռոբերտ Առաքելյանը չի ընտրվել տնօրենի պաշտոնում եւ ընտրվել է մյուս թեկնածուն՝ Հասմիկ Հայրապետյանը։ «Մրցույթի արդյունքում տնօրեն ընտրված թեկնածուն, դպրոցում ստեղծված հայտնի իրադարձությունների արդյունքում, սեպտեմբերի 28-ին իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցնել Հրազդանի Ա. Մռավյանի անվան թիվ 14 հիմնական դպրոց ՊՕԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Այս ամենի արդյունքում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգին եւ ժամկետներին համապատասխան պետք է կազմակերպվի նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով, նոր թեկնածուների առաջադրման սկզբունքով»,- գրված է մարզպետարանի պատասխանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել