Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երկրորդ

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ասացի, որ ես ու Ռոլանդը բախտ չէինք ունեցել ներկա գտնվել Սարոյանի էդ երկու հանդիպումներին: Ի տարբերություն համալսարանի Խորենի ու շատերի, ես ու Ռոլանդը միանգամայն հաջողակ գրողներ էինք ու արդեն աջուձախ տպագրվում էինք եւ, տպագրվելուց էլ բացի, «Ծիծեռնակի» պոեզիայի ու արձակի բաժինների վարիչներն էինք, բայց էդ հանգամանքներն ամենեւին չխանգարեցին, որ թե՛ Գրողների միությունում եւ թե՛ Համալսարանում հսկիչներն ինձ ու Ռոլանդին ներս չթողնեին, որովհետեւ մենք ոչ Խորենի արտաքինն ունեինք եւ ոչ էլ՝ Խորենի ինքնավստահությունը, եւ, դրանից էլ բացի, մենք հսկիչների հետ երկարբարակ քյալլա չէինք տալիս ու վիրավորված շրջվելով՝ անմիջապես հեռանում էինք, որպեսզի հանկարծ որեւէ մեկը չտեսներ, որովհետեւ երկուսս էլ արդեն գրողական ինքնասիրության տեր էինք:
Երբ Սարոյանի երկրորդ՝ Համալսարանի հանդիպմանն էլ մեզ ներս չթողեցին, կարմրատակած Ռոլանդը վճռականորեն ինձ ասաց.
– Ընենց եմ անելու, որ Սարոյանն ինքը իրա ոտով մեր մոտ գա:
– Ո՞նց իրա ոտով,- չհասկացա ես:
– Հենց ըտենց,- նեղսրտած ասաց Ռոլանդը:
– Բայց ո՞նց ես անելու,- հարցրի ես:
– Քո գործը չի,- ինքնավստահ ասաց Ռոլանդը.- կանեմ՝ կտենաս:
– Դու քո ասածին հավատո՞ւմ ես,- ժպտալով հարցրի ես:
– Խոսք ե՞ս քաշում,- քմծիծաղ տվեց Ռոլանդը.- աչքովդ կտենաս, որ իրա ոտով էկել ա մեր խմբագրություն:
– «Ծիծեռնա՞կ»,- ժպտալով հարցրի ես:
– Կարող ա՞ ուրիշ տեղ էլ ես աշխատում,- քամահրանքով հարցրեց Ռոլանդը:
– Չէ,- ժպտացի ես:
– Ուրեմն՝ «Ծիծեռնակ» կգա,- քմծիծաղ տվեց Ռոլանդը:
– Բայց ո՞նց,- հարցրի ես:
– Ինքը քանի՞ օր ա Հայաստանում մնալու,- հարցրեց Ռոլանդը:
– Կարծեմ՝ չորս,- ասացի ես:
– Ուրեմն՝ կհասցնի,- ասաց Ռոլանդն ու քմծիծաղով ավելացրեց.- կհասցնի իրա ոտով գա «Ծիծեռնակ»:
– Ասածիցդ բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի ես:
– Վաղը կամ ամենաուշը մյուս օրը կհասկանաս,- խորամանկ ժպտաց Ռոլանդը:
– Ախր ո՞նց պիտի «Ծիծեռնակ» գա,- նորից հարցրի ես:
– Չեմ ասի,- խորամանկ ժպտաց Ռոլանդն ու լրջանալով ավելացրեց.- ես որ նախօրոք մի բան ասում եմ, չի ըլնում:
Երբ հաջորդ օրը մի քիչ ուշացած մտա խմբագրություն, Ռոլանդը խմբագրի կաբինետից դեմս դուրս եկավ:
– Սարոյանը հըլը չի էկե՞լ,- ժպտալով հարցրի ես:
– Ձեռ ե՞ս առնում,- թարս նայեց Ռոլանդը:
– Էրեկ դու էիր ասում,- ժպտալով ասացի ես:
– Հիմի էլ եմ ասում,- խորհրդավոր ժպտաց Ռոլանդը:
– Ի՞նչ ես ասում:
– Մտի Ժենյա Ղուկասովնայի մոտ, ինքը կասի,- քմծիծաղ տվեց Ռոլանդն ու լրջանալով ավելացրեց.- հանաք չեմ անում. խմբագիրը հենց նոր քեզ էր հարցնում:
Երբ ներս մտա, Ժենյա Ղուկասովնան ինձ հարցրեց.
– Վաղվա հանդիպմանը պատրա՞ստ ես:
– Ի՞նչ հանդիպում,- զարմացած հարցրի ես:
– Իսկապես չգիտե՞ս,- զարմացավ Ժենյա Ղուկասովնան եւ մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- եթե ժամանակին աշխատանքի գայիր, կիմանայիր. ամբողջ քաղաքն իրար ենք խառնել, դու բանից բեխաբար ես:
– Ինչի՞ց եմ բեխաբար:
– Վաղը, ուրեմն, Սարոյանը մեր հյուրն է լինելու,- ինքնագոհ ժպտաց Ժենյա Ղուկասովնան եւ արհամարհանքով հարցրեց.- գոնե գլխի ընկնո՞ւմ ես՝ ինչ Սարոյանի մասին է խոսքը:
– Վիլյամ,- ժպտացի ես:
– Լավ է գոնե գլխի ընկար: Ուրեմն լսիր՝ քեզանից ինչ է պահանջվում:
– Ի՞նչ:
– Շատ մի վախեցիր. առանձնապես ոչինչ: Հայաստանի մասին ընդամենը մի բանաստեղծություն պիտի ընտրես, որ դպրոցականներից մեկնումեկն արտասանի,- եւ մի քիչ մտածեց ու հարցրեց.- «Ես իմ անուշ Հայաստանին» հարմար չի՞:
– Դուք իմ փոխարեն արդեն լավ էլ ընտրել եք,- խմբագրիս հաճոյացա ես:
– Ձեր ձեռը շուտով բանաստեղծություն էլ կսկսեմ գրել,- հանդիմանանքով ասաց Ժենյա Ղուկասովնան.- դու էս անգամ էլ, փաստորեն, ձեռներդ լվացիր, Արմեն տղա: Ամբողջ հանրապետությունն իրար ենք խառնել, խեղճ մարդու ռեժիմը Կենտկոմով-բանով փոխել ենք տվել. վաղը առավոտյան իրեն պիտի Գառնի-Գեղարդ տանեին, բայց ոչինչ. առավոտյան կգա «Ծիծեռնակ», երեխաների հետ կհանդիպի, հետո նոր՝ օրվա երկրորդ կեսին կտանեն Գառնի-Գեղարդ:
– Արդեն հաստատ ա՞ որոշված,- հարցրի ես. – Սարոյանն արդեն գիտի՞:
– Էդ հեչ կարեւոր չի. իրենով զբաղվողներն արդեն տեղյակ են,- ասաց Ժենյա Ղուկասովնան եւ ավելացրեց.- ինքը երեխաների մասին շատ է գրել եւ, կարծում եմ, ուրախ կլինի հանդիպել մեր երեխաների հետ:
– Հա,- համաձայնվեցի ես:
– Սարոյանի հանդիպումը «Ծիծեռնակի» մանուկ ընթերցողների հետ,- իր անզուգական ժպիտն իր կաբինետով մեկ սփռեց Ժենյա Ղուկասովնան:
– Շատ լավ եք մտածել,- ասացի ես:
– Ամբողջ միջոցառումը մեկուկես ժամ է տեւելու: Երեխաների հետ մեզ մոտ կհանդիպի, հետո նոր էստեղից կտանեն Գառնի-Գեղարդ:
– Շատ լավ գաղափար ա,- ասացի ես:
– Գաղափարը Ռոլանդինն է:
– Գիտեմ,- ասացի ես:
– Մի օր չեղավ, որ մի էդպիսի գեղեցիկ գաղափար էլ քո գլխում ծագի:
– Սարոյանն արձակագիր ա,- ժպտալով արդարացա ես ու ծիծաղելով ավելացրի.- Սարոյանը Ռոլանդի գծով ա:
– Բա քո՞ գծով ովքեր են:
– Բանաստեղծները:
– Հա, լավ հիշեցրիր,- ասաց Ժենյա Ղուկասովնան.- Ռոլանդի հետ կհետեւեք, որ ձեր էդ հարբեցող բանաստեղծները միջոցառումը հարամ չանեն: Որ իմացան, ինչ է, բոլուկով կլցվեն էստեղ:
– Ամեն ինչ լավ կլինի,- ասացի ես:
– Պետք է էնպես անենք, որ շատ մարդ չիմանա: Առանց այդ էլ՝ իմ էս կաբինետում ահավոր նեղվածք է:
– Հանդիպումն էստեղ ա՞ լինելու:
– Հա,- ասաց խմբագիրը:- Ֆուրշետ է լինելու:
– Ֆուրշետն ի՞նչ ա,- կյանքումս առաջին անգամ էդ բառը լսելով՝ հարցրի ես:
– Էն՝ որ ոտքի վրա են ուտում ու խմում,- բացատրեց Ժենյա Ղուկասովնան:- Կնայեք, որ ձեր էդ բանաստեղծները միանգամից կոնյակին վրա չտան: Անաստվածները շատ անշնորհք են ախր: Ինձ որ մնար, ոչ մի գրողի էլ ներս չէի թողնի. միայն Սարոյանն ու երեխաները կլինեին, մեկ էլ՝ մենք,- եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց.- հա, մեկ էլ՝ Վարդուհին:
– Ի՞նչ Վարդուհի,- զարմացած հարցրի ես:
– Վարդերեսյանը,- ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց Ժենյա Ղուկասովնան:- Ինքը Ջոնիի հագուստով ու գրիմով կլինի: Լավ ենք չէ՞ մտածել:
– Հա,- ասացի ես.- շատ լավ եք մտածել:
– Վարդուհու ու Ջոնիի գաղափարն ինձամբ իմն է,- ինքնագոհ ժպտալով ասաց Ժենյա Ղուկասովնան:
– Շատ լավ եք մտածել,- կրկնեցի ես:
– Ինձ որ Կենտկոմից էստեղ գլխավոր խմբագիր էին նշանակում, սկզբում հեչ սրտովս չէր. որ մտածում էի՝ ամեն օր ձեր էդ գրողների ու մանավանդ բանաստեղծների հետ եմ շփվելու, ուղղակի սարսափում էի:
– Գրողներն անշառ մարդիկ են, Ժենյա Ղուկասովնա,- ասացի ես ու ժպտալով ավելացրի.- մանավանդ՝ մանկագիրները:
– Հասկանում եմ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Ժենյա Ղուկասովնան,- բայց… դրանց մեջ ինչ-որ աննորմալ բան կա. իրենց նորմալ մարդկանց պես չեն պահում. դրանցից մի տեսակ վախենում եմ,- եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց.- ոչ բոլորից, իհարկե:
– Վախենալու բան չկա,- ժպտալով ասացի ես.- բոլորն էլ խեղճուկրակ մարդիկ են, մանավանդ՝ մանկագիրները:
– Բան չունեմ ասելու, Արմեն ջան, բայց ես միշտ վախեցել եմ փնթի ու թափթփված մարդկանցից,- ամաչելով խոստովանեց Ժենյա Ղուկասովնան եւ ժպտալով ավելացրեց.- ինձ որ Կենտկոմից էստեղ գլխավոր խմբագիր նշանակեցին, սկզբում ուղղակի սարսափում էի:
– Սարսափելի բան չկա,- ժպտալով ասացի ես:
– Հա,- համաձայնվեց Ժենյա Ղուկասովնան եւ ժպտալով ավելացրեց.- եթե էսպիսի հետաքրքիր միջոցառումներ հաճախակի կազմակերպենք, լավ էլ հետաքրքիր կլինի:
– Վաղը ամբողջ հանրապետությունը կթնդա, որ Սարոյանն էկել ա «Ծիծեռնակ»,- ասացի ես ու ժպտալով ավելացրի.- հաստատ ձեր ամուսինն ա կազմակերպել, որ Սարոյանի ռեժիմը փոխեն:
– Դե իհարկե, առանց Գուրգեն Աշոտիչի միջամտության էս գործը գլուխ չէր գա, բայց, բոլոր դեպքերում, գաղափարը մերն է,- ինքնագոհ շողշողալով՝ ասաց Ժենյա Ղուկասովնան:
– Չտեսնված գաղափար ա,- ասացի ես ու ավելացրի.- Սարոյանը Հեմինգուեյից պակաս գրող չի:
– Մի քիչ շատ ես ասում, բայց, բոլոր դեպքերում, ինքը մեր հայն է,- ասաց Ժենյա Ղուկասովնան ու ավելացրեց.- ինքը մեր ժողովրդին համաշխարհային ճանաչման հասցնողներից մեկն է:
– Ես ուրիշ անելիք չունե՞մ:
– Էդ ասածս շատ լուրջ անելիք է. Ռոլանդի հետ աչքներդ ձեր էդ գրողներից չկտրեք:
– Չենք կտրի,- ժպտալով ասացի ես ու դուրս եկա խմբագրի կաբինետից:
– Վերջը ասածդ արիր,- մեր սենյակ մտնելով՝ ասացի Ռոլանդին:
– Էդ էր պակաս՝ չանեի,- ինքնագոհ փռթկացրեց Ռոլանդը:- Էս սաղ հարցը կես ժամում ա լուծվել: Երեւի կես ժամ էլ չտեւեց:
– Ճիշտն ասած՝ հավատս չէր գալիս, որ էս գործը գլուխ կգա:
– Դու ասա՝ գնահատող ըլնի,- ասաց Ռոլանդը:
– Գնահատում են. Ժենյա Ղուկասովնան մի քանի անգամ շեշտեց, որ էս ամեն ինչի գաղափարը քոնն ա:
– Մենակ գաղափարը չի իմը. գաղափարի իրականացման մեխանիզմն էլ ա իմը,- ինքնագոհ ժպտալով ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- Ժենյա Ղուկասովնային զաստավիտ արեցի, որ Գուրգեն Աշոտիչին ասի:
– Հա,- ասացի ես.- Կենտկոմից որ չխառնվեին, էս գործը դժվար թե գլուխ գար:
– Ինքը չէր ուզում մարդուն ասեր. զոռով եմ ասել տվել:
– Էլի հավատս չի գալի, որ Սարոյանը վաղը մեր խմբագրություն ա գալու:
– Փախնելու տեղ չունի,- փռթկացրեց Ռոլանդը:- Փաստորեն, սարն ա գալու Մուհամեդի մոտ:
– Բա Տաթեւն ու Կատյա՞ն ուր են,- հարցրի ես:
– Փաստորեն, սաղի համար գործ եմ ստեղծել,- փռթկացրեց Ռոլանդը.- խմբագիրն իրանց ուղարկեց Կրուպսկայայի դպրոց, որ էնտեղից լավ աշակերտներ ջոկջկեն:
– Բայց ինչի՞ Կրուպսկայայի դպրոցից:
– Բա իրանց քաղքենիությունը ո՞նց ցույց տան,- դժգոհեց Ռոլանդը:- Մեռա ասելով՝ մեր Աշնակի դպրոցից էրեխեք բերեմ. բնական էրեխեք կբերեի, ոչ թե՝ մամայի բալեք: Սարոյանն ըտենց մամայի բալիկներ Ամերիկայում շատ ա տեսել. իրան ըտենց կուլտուրական բալիկներով չես կարա զարմացնես:
– Ձեր Աշնակի էրեխեքը տարազներով կերգեին ու կպարեին,- ասացի ես:
– Ընենց յարխուշտա պարեին, որ Սարոյանը շշմած մնար:
– Մալադեց,- ասացի ես.- փաստորեն, ասեցիր ու արեցիր:
– Վաղը ըստեղ ասեղ գցելու տեղ չի ըլնելու,- ասաց Ռոլանդը:
– Էլ մեզ չեն կարա ներս չթողեն,- ծիծաղեցի ես:
– Սրանց շատ չկա,- ծիծաղեց Ռոլանդը.- չթողին՝ չթողին:
– Հիմի մենք ենք որոշելու՝ ում թողենք, ում՝ չէ:
– Մենք մեր անելիքն արել՝ պրծել ենք,- ինքնագոհ ժպտալով ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- վաղը մենք կարանք չգանք էլ:
– Ժենյա Ղուկասովնան ասեց, որ աչքներս գրողների վրա պահենք. ինքը վախենում ա, որ հարբած գան՝ լցվեն խմբագրություն:
– Ամենաապասնին էն բեդովլաթ Խորենն ա,- ասաց Ռոլանդը.- շողքի պես Սարոյանին կպած՝ հետեւից ամեն տեղ գնում ու Հեմինգուեյի մասին իրա անհամ հարցերն ա տալի. խեղճ բիձու տրամադրությունն ամեն տեղ փչացնում ա:
– Խորենը հաստատ կգա,- ասացի ես:
– Իրա դեմը մի ձեւի պիտի առնվի,- ասաց Ռոլանդը:
– Ներս չթողե՞նք,- հարցրի ես:
– Մենք հո միլիցա չենք, որ ներս չթողենք,- ասաց Ռոլանդը.- մենք ներս չթողողների ինադու ենք էս ամեն ինչը կազմակերպում:
– Բա Խորենի հաշվով ո՞նց ենք անելու:
– Մի բան կմտածենք,- ասաց Ռոլանդը.- անհնարին բան չկա:
– Խորենը շատ ծանր դեպք ա:
– Խորենի հարցը հնարավոր ա լուծել,- մի քիչ մտածելուց հետո ասաց Ռոլանդը.- ինքն իմ մոտ պատմվածք ունի. կասեմ, որ իրան խելոք չպահի՝ էդ պատմվածքը չի տպվի: Ինքը կյանքում մի հատիկ պատմվածք չի տպագրել:
– Բայց տպագրելու բան ա՞:
– Չեմ կարդացել, բայց հաստատ լավը կըլնի, որովհետեւ ինքը Հեմինգուեյից ա թխում. մեկին մեկ արտագրում ա:
– Դրա համար ա՞ Հեմինգուեյին ըտենց պաշտում:
– Իրա գործն ա. ում ուզում ա՝ թող պաշտի, բայց Սարոյանի հաշվին թող չպաշտի: Բիձին խի՞ ա նիզաշտո նեղացնում: Կարող ա՞ Սարոյանի մակարդակի լիքը հայ ունենք:
– Խորենի դեմը մի ձեւի պիտի առնենք,- ասացի ես:
– Ուսանող վախտերն էլ էր ըսենց թիթիզ: Հեմինգուեյին էլ ընենց ա Հեմ ասում, մեկը կմտածի՝ հորոխպոր տղեն ա:
– Խորենը ձեր հետ ա՞ սովորել,- զարմացած հարցրի ես.- ինքը ուսանող էղել ա՞:
– Ուսանող չի էղել, բայց սաղի հետ էլ սովորել ա,- ծիծաղելով ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- բանասիրականի մեր գրական խմբակի պարապմունքներին ինքն ավելի ակտիվ էր, քան՝ մենք:
– Լավ էլ մեծամիտ ա:
– Որովհետեւ անտաղանդ ա. անտաղանդները միշտ էլ մեծամիտ են ըլնում,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- որ մեծամիտ չըլնեն, իրանց ոչ մեկը չի նկատի. շան տեղ չեն դնի:
– Պիտի իրան համոզես, որ գոնե վաղը Սարոյանին ավելորդ հարցեր չտա:
– Ժենյա Ղուկասովնան իզուր ա մեր գրողներից էդքան վախենում: Սարոյանն Ամերիկայում ըսենց գրողներ ա՞ տեսել: Ինքը շատ դժվար՝ իսկական գրողի կյանք ա ապրել: Հեչ ամերիկացիք չեն կարացել իրա դեմն առնեն. խեղճուկրակ Խորենն ի՞նչ կարա անի: Ինչքան ուզում ա՝ թող հարցեր տա. Սարոյանը մեր նոմենկլատուրային գրողներից չի, որ հարց տվողներից վախենա:
– Եթե Սարոյանը հայ չըլներ, երեւի Հեմինգուեյի չափ անուն կունենար:
– Մեծ հաշվով էրկուսն էլ Ֆոլկներ չեն,- մի քիչ մտածելուց հետո ասաց Ռոլանդը:
Ես գլուխս տմբտմբացրի, բայց ոչինչ չասացի, որովհետեւ Ֆոլկներ չէի կարդացել:
Էդ տարի նոր-նոր բլոտ խաղալ էի սովորել, եւ մինչեւ գիշերվա կեսը Կրիվոյի մեր բակում խաղում էինք, եւ առավոտներն էլ ուշ էի զարթնում, ու էդ առավոտ էլ, մինչեւ կհասնեի խմբագրություն, Սարոյանն արդեն էնտեղ էր: Կարմիր բանակի վրայի խմբագրությունների շենքի դռան մոտ ահագին ժողովուրդ էր հավաքված: Բոլորն ուզում էին ներս մտնել, բայց պահակ Սերոժը կրծքով դուռը փակել՝ ոչ ոքի ներս չէր թողնում:
– Մի րոպե, ժողովուրդ,- ինձ տեսնելով՝ գոռաց Սերոժը:- Արմեն ջան, ներս գնա. նոր Ռոլանդը քեզ էր հարցնում:
– Էդ ծանոթով ե՞ք ներս թողնում,- ինձ մատնացույց անելով՝ բղավեց տարեց մի մարդ.- ես պատերազմի մասնակցի վկայականս ցույց եմ տալիս՝ ինձ ներս չեք թողնում, էս դեղնակտուցներին ներս եք թողնում:
– Էս մսի հերթ չի, որ պատերազմի վկայական ես ցույց տալի,- ասաց Սերոժն ու ավելացրեց.- ինչ վերաբերում ա Արմենին, ինքը խմբագրության աշխատող ա:
– Ի՞նչ ա պատահել, Սերոժ,- անտեղյակ ձեւանալով՝ հարցրի ես:
– Հեչ, Արմեն ջան. Շիրազն ու Սերո Խանզադյանն են ձեր խմբագրություն էկել,- պատասխանեց ու ասաց Սերոժը:
– Խանզադյանին ու Սարոյանին էլ իրարից չեք տարբերում,- ճչաց միջին տարիքի ակնոցավոր մի կին.- հետաքրքիր է՝ ձեզ ո՞վ է էստեղ աշխատանքի ընդունել:
– Սաղին էլ տարբերում եմ,- արդարացավ Սերոժն ու ինձ ասաց.- Արմեն ջան, ներս գնա, էրեւում ա՝ դուռը պիտի ներսից փակեմ:
Ես ներս մտա ու աստիճանների վրա հանդիպեցի Շիրազին ու գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանին, իսկ քիչ վերեւ՝ «Ոզնու» դռների մոտ կանգնած էին Հրանտ Մաթեւոսյանն ու Ռաֆիկ Ավագյանը, նրանցից մի քիչ հեռու՝ Նանսեն Միքայելյանն ու Համալսարանի Խորենը, իսկ «Ոզնու» դռներից էն կողմ, ուր մինչեւ վերջերս «Ա1+»-ի զուգարանն էր, լիքը մարդիկ էին հավաքված, ըստ երեւույթին՝ Սարոյանի գրականության երկրպագուներն էին, իսկ Ժենյա Ղուկասովնայի կաբինետի շեմին երկու թիկնեղ երիտասարդներ էին կանգնած, ըստ երեւույթին՝ պետանվտանգության աշխատողներ: Ես չգիտեի՝ ինձ ներս կթողնե՞ն, թե՝ չէ, եւ թիկնեղների կողքին կանգնած մտմտում էի, երբ դուռը բացվեց, դուրս եկավ Տաթեւիկն ու ինձ հարցրեց.
– Էս ինչի՞ ներս չես մտնում, ա՛յ Արմեն:
– Կթողե՞ն,- ժպտալով հարցրի ես:
– Արմենը մերոնցից ա,- թիկնեղներին բացատրեց Տաթեւիկը:
– Պարզ է,- ասաց թիկնեղներից մեկը:
– Ինքը ներսում ա՞,- Տաթեւիկին հարցրի ես:
– Ո՞վ,- հարցրեց Տաթեւիկը:
– Սարոյանը,- ասացի ես:
– Ինքը քեզանից շուտ ա աշխատանքի էկել,- ծիծաղելով ասաց Տաթեւիկը, հետո Շիրազին ու Հրանտին հարցրեց.- դո՞ւք ինչի ներս չեք գնում:
– Մենք արտասանել չգիտենք,- ժպտալով ասաց Հրանտը:
Ներսից դպրոցականների ասմունքը միանգամայն լսելի էր, եւ երբ «Ես իմ անուշ Հայաստանի»-ին հաջորդեց «Խոսք իմ որդուն»-ը, Տաթեւիկն ինձ հարցրեց.
– Սիլվա ծյոծյան չի էկե՞լ:
– Չգիտեմ,- ասացի ես:
– Սիլվա ծյոծյան ըսենց տեղեր միշտ ուշացումով ա հայտնվում,- ասաց Նանսենը:
– Էս դո՞ւ ինչի ես չարացել, այ Նանսեն,- հարցրեց Հրանտը:
– Ո՞նց չչարանամ, Հրանտ ջան,- նեղսրտեց Նանսենը.- սրանք հենց մի հատ ախպար են տենում, գլուխները կորցնում են:
– Ծո ի՞նչ ախպար,- գոռաց Շիրազը.- Սարոյանը բիթլիսցի է:
– Փաստորեն, դու էլ ես ախպար, Նանսեն ջան,- կատակեց Տաթեւիկն ու Շիրազին հարցրեց.- ախալքալաքցիք ախպար չե՞ն, վարպետ:
– Վիլյամը բիթլիսցի է,- աղաղակեց Շիրազը:
– Սարոյանը զտարյուն անեցի է,- ինքնագոհ ժպտալով ասաց Խաթլամաջյան Սեյրանը:
– Սարոյանը հազար անգամ ասել ու գրել ա, որ բիթլիսցի ա,- ասաց Ռաֆիկը:
– Ինքը չգիտի,- ինքնավստահ ասաց Սեյրանը.- անեցիների մի մասը Նոր Նախիջեւան է գաղթել, մյուս մասը՝ Ամերիկա:
– Ուզում ես ասես՝ զեմլյակդ ա՞,- ժպտալով Սեյրանին հարցրեց Ռաֆիկը:
– Մեծ մարդիկ բոլորն ալ անեցի են,- ինքնագոհ ժպտալով ասաց Սեյրանը:
– Սեյրա՞ն, էդ կարող ա՞ նկար ա,- Սեյրանի ձեռքի մեծ փաթեթին նայելով՝ հարցրեց Տաթեւիկը:
– Հա,- ժպտալով ասաց Սեյրանը:- Ուզում եմ մեծ անեցուն նվիրեմ:
– Էդքան ինձ նկար խոստացար, բայց չնվիրեցիր,- ժպտալով ասաց Տաթեւիկը:
– Դու ախպար չես. քեզ ինչի՞ պիտի նկար նվիրի,- Տաթեւիկին ասաց Նանսենը:
– Ախպար չի, բայց շատ սիրուն ա,- ասաց Ռաֆիկը:
– Պարզվում ա՝ Սեյրանի համար հեչ էլ սիրուն չեմ,- կատակեց Տաթեւիկը:
– Ես քեզ նկար չեմ խոստացել,- լրջանալով արդարացավ Սեյրանը.- ես ընդամենը ասել եմ, որ քեզ ուզում եմ նկարել,- շարունակեց Սեյրանն ու ավելացրեց.- դրանք տարբեր բաներ են:
– Կատակ եմ անում, Սեյրան ջան,- ժպտալով ասաց Տաթեւիկն ու ժպտալով ավելացրեց.- շատ ճիշտ ես անում, որ Սարոյանին նկար ես նվիրում:
– Քեզ ալ կնվիրեմ,- ժպտալով Տաթեւիկին ասաց Սեյրանը:
– Ես ներս գնամ,- ինձ ասաց Տաթեւիկը.- Սիլվա ծյոծյան որ գա, ներս կբերես:
– Սիլվա ծյոծյա չի, Տաթեւ ջան,- ասաց Նանսենը.- Ամենայն հայոց բանաստեղծուհի ասա:
– Կամ էլ ասա՝ Շիրազի կնիկը,- փռթկացրեց Ռաֆիկը:
– Մամայիս հետ նույն կուրսում են սովորել. ընկերուհիներ են,- արդարացավ Տաթեւիկը.- փոքրուց իրան Սիլվա ծյոծյա եմ ասել:
– Բան չունեմ ասելու, Տաթեւ ջան. ուղղակի ուզում եմ ասեմ, որ մեկ-մեկ էլ մեր տեղական գրողներին ըսենց պատվեք ու մեծարեք,- ասաց Նանսենն ու ծիծաղելով ավելացրեց.- հեչ պարտադիր չի, որ անեցի կամ վանեցի ըլնեն:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել