Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաստան՝ բռնության զոհերի համար

Հոկտեմբեր 29,2011 13:27

«Լայթհաուս-Փարոս» հիմնադրամը փորձում է կանանց ազատել բռնության հետեւանքներից

Գայանեին հանդիպեցի «Լայթհաուս» հիմնադրամում: Առաջին օրն էր, ինչ երիտասարդ կինն այդտեղ էր: Եկել էր բավականին ընկճված, բարոյապես կոտրված. ոչ խոսելու, ոչ էլ, առավել եւս, գլխին եկածը պատմելու տրամադրություն ուներ: Հոգեբանի միջամտությունից հետո միայն նորատի կինը, որ երկու ամիս հետո մայր է դառնալու, մասամբ ներկայացրեց իր կյանքի ոդիսականը:
Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ինքն էլ է նպատակներ ու երազանքներ ունեցել: Սիրել, սիրվել ու ամուր ընտանիք է երազել: Ուսումնառության, հետագայում նաեւ՝ կարճատեւ աշխատանքի ընթացքում չի հանդիպել որեւէ տղամարդու, որին կցանկանար տեսնել կողքին: Բայց չարաբաստիկ մի օր նրան իրենց հարսը դառնալու առաջարկություն է արել… ապագա ամուսնու մայրը:
Չնայած նրան, որ սիրո եւ հավատարմության վրա խարսխված ընտանիքն է համարվում ամուր ու երջանիկ, բայց գավառական կարծրատիպը կոտրել ու ինքնուրույն տղամարդ ընտրել՝ չի համարձակվել: Ավելին, ապագա ամուսնուն ընտրել է առանց նրան տեսնել-ճանաչելու: Իմանալով, որ տղամարդը պատիժն է կրում ուղղիչ- աշխատանքային գաղութում եւ որ դեռ երկար տարիներ էլ փակված է մնալու, համաձայնում է նրա կինը դառնալ: Մերժելի իմաստով պապենական ավանդույթներով շարժվող եւ մտածող Գայանեի համար տանը մնացած աղջկա պիտակն ավելի ծանր էր, քան այն ճանապարհը, որն ընտրեց գիտակցաբար: Բայց իսկական զավեշտը սկսվեց ավելի ուշ, երբ աղջկան առաջարկեցին հարսանիքը տոնել ուղղիչ- աշխատանքային գաղութում:
Որոշում կայացնելը փոքր-ինչ դժվար էր, բայց համաձայնեց: Ճիշտ է՝ ճերմակ հարսնազգեստ կրելու բախտ չունեցավ, բայց միտքը, որ մի քանի այցելությունների ընթացքում կարողացել էր սիրել իր տղամարդուն, կոտրում էր բոլոր այն կապանքները, որ ընկած էին իրենց միջեւ: «Ես չեմ փոշմանել, որ գաղութում եմ ամուսնացել, կյանքս կապել դատապարտյալի հետ: Ես ամուսնուս այնքան եմ սիրում, որ եթե պետք լինի, մի ամբողջ կյանք կսպասեմ»,- ասաց Գայանեն:
Մտքերը դժվարությամբ էր ի մի բերում: Ամուսնու ծնողներից ստացած ցավն ու վիրավորանքը լեղի էր դարձել ու դեմ առել կոկորդին:
Վիրավորված է, որ ընտանիք ունենալու իր հերոսական քայլն անգամ ի զորու չեղավ հաղթահարել ամուսնու ծնողների տանն օրեցօր սրվող սոցիալական խնդիրների ծանրությունը: Ակամա հայտնվելով դրանց կենտրոնում, նորատի հարսը դառնում է թիրախ՝ իր վրա կրելով սկեսուր-սկեսրայրի դաժան ու նվաստացնող վերաբերմունքը:
Թե ինչ դաժանության մասին է խոսքը՝ դեռատի կինը չի գաղտնազերծում: Խնայում է անազատության մեջ գտնվող ամուսնուն: Միայն այն, որ ամուսնու ծնողները հղիության վեցերորդ ամսում գտնվող իրենց հարսին ելքի դուռն են ցույց տվել, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում:
Հայտնվելով փողոցում, Գայանեն փորձում է ապաստան գտնել հարազատ ծնողների գրկում: Սակայն հայրական տան դռներն էլ չեն բացվում հղի կնոջ առաջ: Սփոփվում է միայն նրանով, որ գոնե մեկուսարանում գտնվող ամուսինն իրեն չի մեղադրում: «Մի հարս չկարեցա՞ն պահեին»,- սա էր ամուսնու հակիրճ ձեւակերպած, բայց ծավալուն վերաբերմումքը:
Հուսահատ ու ընկճված, մայրության շեմին կանգնած, միայնակ ու լքված դեռատի կինը փրկության ելք է փնտրում Աստծո տանը: Հենց այստեղ էլ հանդիպում է եկեղեցու սպասավորին եւ նրա օգնությամբ հասնում «Լայթհաուս». երեք ամիս առաջ ծնունդ առած մի կազմակերպություն, որտեղ Գայանեի ճակատագիրը կիսող չորս կանայք էլ են ապրում:
«Ամուսինների ու ընտանիքի այլ անդամների կողմից բռնության ենթարկված կանայք են: Ապաստան ենք տալիս, հոգում առողջական խնդիրները, դուրս բերում հոգեկան ծանր ապրումներից ու դեպրեսիայից: Ոմանց ընդունել ենք՝ մարմիններին բռնության հետքերով: Գայանեն միակը չէ, որ ընդունել ենք հղի վիճակում: Աղջիկներից մեկն էլ՝ Աննան, հղիության հինգերորդ ամսում էր, որ եկավ: Ամբողջովին կապտուկների մեջ էր, կողերը՝ կոտրված, հույս չուներ, որ առողջ երեխա կծնի: Օր ու գիշեր ողջ անձնակազմը կողքին էր, մշտական հսկողություն էին իրականացնում նաեւ բժիշկները: Իսկ երբ ծննդաբերեց, առաջին բանը, որ հարցրեց՝ երեխայի առողջության մասին էր»,- ներկայացրեց «Լայթհաուս-Փարոս» հիմնադրամի նախագահ Նաիրա Մուրադյանը:
Հիմնադրամը ստեղծել են ամերիկաբնակ տեր եւ տիկին Ղազարյանները: Էջմիածնի մեծ առանձնատունը, որն ամբողջությամբ կանանց տրամադրության տակ է, ապահովված է անվտանգության համակարգով: Ամեն ինչ արված է, որպեսզի բռնության ենթարկված կանայք այստեղ իրենց հոգեպես թեթեւ զգան, ընտանեկան ջերմություն ստանան, ապրեն ապահով ու հանգիստ կյանքով: Հիմնադրամի ղեկավարությունը մտածել է նաեւ կանանց ապագայի մասին. որպեսզի հետագայում՝ «Լայթհաուսի» պատերից դուրս էլ կարողանան ինքնուրույն կյանք վարել ու ոտքի կանգնել, նրանց այստեղ համակարգչային գիտելիքներ են տալիս, կարուձեւ սովորեցնում:
Կանանց ազատությունն այստեղ անսահմանափակ է, բայց վերահսկելի, նույնիսկ շենքից դուրս: Մուտքի ու ելքի թույլտվության մատյանում մինչեւ հարցերին մանրամասն չեն պատասխանում՝ ելքի դռները չեն բացվում:
Համաձայն գործող պայմանագրի, շահառուները «Լայթհաուսում» ապրելու են երեք տարի: Դրանից հետո նորից են հայտնվելու ճակատագրի դաժան մարտահրավերների առաջ, բայց այս անգամ արդեն՝ իրենց փոքրիկների ձեռքը բռնած:

ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31