Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Հայհեղինակի» նախագահի՝ հեղինակներն ակտիվացել են ու դիմում են դատարան

Նոյեմբեր 03,2011 15:01

«Զարգացած երկրներում հեղինակային իրավունքի պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել այդ խնդիրը»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայհեղինակ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Ներսիսյանը: «Եթե խնդրի շուրջ օրենքը կարգավորված չէ, այն խախտվում է: Որքան ավելանում են հեղինակային իրավունքի  օգտագործման ձեւերը, այնքան շատանում են խնդիրները»-հավելեց նա:

«Հայհեղինակի» նախագահի կարծիքով` հեղինակային իրավունքի մասին  օրենքը կրկին վերանայվելու անհրաժեշտություն ունի. «Այդպես կկարողանանք աշխատել մյուս երկրների հետ, որպեսզի սուբյեկտներն իրենց պաշտպանված զգան»: Ս. Ներսիսյանը նշեց, որ շատ դեպքերում հեղինակային իրավունքները խախտվում են առեւտրի վաճառակետերում:  Օրինակ, եթե սուպերմարկետում ռադիոյով հնչում է որեւէ երաժշտություն, ապա տվյալ կազմակերպությունը պետք է հեղինակից օգտագործման թույլտվություն ստանա,  ինչի համար վճարվում է տարեկան 40.000 դրամ: «Եթե շարունակեն չվճարել, ապա գործը դատարան կհասնի»,– «սպառնում» է տիկին Ներսիսյանը:

Ինչպես նշեց «Հայհեղինակի» նախագահը, Հայաստանում հեղինակներն ակտիվացել են եւ խախտումների դեպքում դիմում են դատարան` շատ դեպքերում շահելով գործը: Ս. Ներսիսյանի տեղեկացմամբ` 2010 թ. մարտից ընդունվել է օրենք, որի համաձայն, վերարտադրված եւ բազմացված ապրանքները պետք է վաճառվեն դրոշմապիտակներով. «Ցավոք, այդ օրենքը մինչ օրս չի գործում: Շատ կազմակերպություններ դիմում են մեզ` օրինական աշխատելու պատրաստակամությամբ, քանի որ հարկային մարմինները չեն արձագանքում նրանց դիմումներին»: Հեղինակային իրավունքն ուժի մեջ է հեղինակի մահից 70 տարի անց, ինչից հետո ստեղծագործությունը թույլատրվում է օգտագործել առանց աղավաղումների:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930