Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեթեթություն եւ զառանցանք»

Նոյեմբեր 12,2011 13:13

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի դեմ։ Հայցի առիթը սեպտեմբերի 21-ի միջադեպն էր։ Հիշեցնենք, որ այդ օրը, ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված շքերթի ընթացքում, ոստիկանության Երեւանի Կենտրոնականի բաժանմունքի պետի տեղակալն ու մի քանի այլ աշխատակիցներ Սարյանի արձանի մոտից բերման էին ենթարկել Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Կուռին՝ այն բանի համար, որ վերջիններս 10 հոգու հետ քայլերթ էին սկսել այդտեղ, պարզել էին եռագույն դրոշը եւ վանկարկել «Ազատ-անկախ Հայաստան»: Ակցիան ընդդեմ ՀՀ-ում ռուսական զորամիավորման էր, որը նույնպես մասնակցում էր ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումներին: Բերման ենթարկվածներին ոստիկանությունում պահել էին իրենց կամքին հակառակ, 3 ժամ շարունակ թույլ չէին տվել լքել ոստիկանության տարածքը, թույլ չէին տվել նրանց հետ հանդիպել փաստաբանին, ով դրսում սպասել էր մոտ մեկուկես ժամ: Շքերթի ավարտից հետո բերման ենթարկվածներին ազատ էին արձակել: Միջադեպից հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են ոստիկանություն՝ զրույցի: Հայցվորը պահանջում է ճանաչել կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը, ճանաչել ոստիկանների գործողությունները որպես ոչ իրավաչափ:

Երեկ այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը պատասխանելով հարցին՝ հավատո՞ւմ է, որ ընթացք կտրվի հայցին, առավել եւս դրական արդյունք ակնկալո՞ւմ է եւ մինչեւ ո՞ւր է պատրաստ պայքարել հանուն արդարության, ասաց. «Պատրաստ եմ պայքարել մինչեւ ապօրինի ոստիկանների վերջը»: Նա համարում է, որ դատարանը հնարավորություն չունի այսօրինակ հայցին ընթացք չտալու: Իսկ թե արդյունքներն ինչպիսիք կլինեն՝ «Կարծում եմ, որ հայաստանյան դատական համակարգում եւ այս ավտորիտար ռեժիմի պայմաններում ոստիկանների դեմ նման հայցերով արդարության հասնել հնարավոր չէ, որովհետեւ ոստիկանները կատարում են ռեժիմի հանձնարարականները: Եթե ոստիկանությունում տեղի ունեցող պաշտոնների փոփոխություններն ինչ-որ որակական փոփոխությունների կբերեն, ես կասեմ, որ սխալվել էի: Բայց հիմա համարում եմ, որ որակական փոփոխություն չկա»: Ամեն դեպքում, Լեւոն Բարսեղյանն իր քաղաքացիական պարտքն է համարում ձեռքերը ծալած չնստելը: «Մարդու հիմնարար իրավունքներից երեքի՝ տեղաշարժվելու, արտահայտվելու եւ հավաքների ազատության մասին է խոսքը, որոնք Հայաստանում այնքան շատ են ոտնահարվում, այդ մասին այնքան հրապարակումներ, տեսանյութեր, լուսանկարներ եւ այլ նյութեր կան, բայց օրինազանցությունը ճանաչելու այս հայցը կարծես թե առաջինն է: Մենք ֆինանսական փոխհատուցում, քրեական պատասխանատվություն կամ էլի ինչ-որ բան չենք ուզում: Ուզում ենք, որ երկրի արդարադատությունը ճանաչի, որ իր գործադիր իշխանության այդ թեւը կոնկրետ օրինազանցություն է արել, շատ կոնկրետ մարդկանց տեղաշարժի, արտահայտման եւ հավաքների ազատության իրավունքն է ոտնահարել: Ուղղակի անհեթեթություն եւ զառանցանք կարելի է համարել ոստիկանական համակարգի գործողությունները՝ թե ինչի՞ համար ոտնահարեցին մեր իրավունքը»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930