Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Ղազինյանի հայցը պետք է քննվի դռնբացության կարգով, քանի որ քննչական մարմինը եւ հսկող դատախազությունն իրենք են առաջինը հանրայնացրել այս գործի նյութերի 95 տոկոսը». Արամ Վարդեւանյան

Հունիս 22,2026 12:20 Share

«Մեր դիրքորոշումն ինչպես ԿԸՀ -ում, այնպես էլ Վարչական դատարանում անփոփոխ է՝ մենք գտնում ենք, որ նշված հարցը պետք է քննության առարկա դառնա դռնբացության կարգով՝ հատկապես ելնելով այն հանգամանքից, որ հենց քննչական մարմինը, հենց հսկող դատախազությունն իրենք են առաջինը հանրայնացրել այս գործի նյութերի 95 տոկոսը, որը վերաբերում է լրիվ այլ անձանց միջեւ խոսակցությանը, որը փորձում են վերագրել Դավիթ Ղազինյանին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի քննությանը։ Վարչական դատարանն այսօր դռնփակ ռեժիմով սկսեց Ղազինյանի հայցի քննությունը։

Դատական նիստը հետաձգվեց, պատճառներից մեկն այն է, որ ԿԸՀ-ն վարչական վարույթի նյութերի հետ դատարան չէր ներկայացրել էլեկտրոնային կրիչները։

«Սա հերթական ապացույցն է, թե գործունեության ինչ նոր մոդել է մշակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այստեղ առիթից օգտվելով կարող են նշել վերաքվեարկության հետ կապված նույն ԿԸՀ որոշումը. չնայած Ընտրական օրենսգիրքը արձանագրել է, որ պարտավոր էին վերաքվեարկություն անել, բայց չեն կատարել»,- ասաց Վարդեւանյանը։

Նա նշեց, որ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են։ «Մեկ իրավիճակ եմ նկարագրում՝ հունիսի 6-ին այս քրեական վարույթի մասին ՀՀ-ում գիտեին բոլորը, այդ թվում՝ Դավիթ Ղազինյանը։ Հունիսի 6-ից մինչեւ հունիսի 17-ը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսեւորել՝ չի թաքնվել, չի խոչընդոտել, հակառակը՝ պատշաճ վարքագիծ է դրսեւորել։ Բայց ԿԸՀ-ն այդ ամենն անտեսում է։ Հետագայում քննչական մարմինն է այդ ամենն անտեսում, դատախազությունն է անտեսում, իսկ դատարանները շատ ցցուն կերպով խախտում են դա՝ կալանքի որոշում կայացնելով։ Այս ամենը, իհարկե, խոսում է քաղաքական դրդապատճառների առկայության, քաղաքական կոմպոնենտի առկայության մասին»,- նշեց Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ իր նկատմամբ երկամսյա կալանքի որոշումից հետո Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել են դատախազության միջնորդությունները, եւ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ու զրկել ազատությունից:

Վարչական դատարանում այս գործով հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին՝ դարձյալ դռնփակ ռեժիմով։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930