
Հայկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվերյանի խոսքերով՝ Հայաստանի բնակիչների ամեն 3-րդն ունի զարկերակային բարձր ճնշման հետ կապված խնդիրներ. «Սրտանոթային խնդիրների պատճառները ծխախոտի օգտագործումն է, խոլեստերինի բարձր քանակը արյան մեջ եւ ճարպակալումը»: Մասնագետի ներկայացմամբ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի բնակիչների, հայերի մոտ ավելի շատ տարածված է ոչ թե ճարպակալումը, այլ ավելցուկային քաշը, որը լուրջ ռիսկի գործոն է սրտանոթային բարդությունների՝ ինֆարկտների, ինսուլտների համար. «Մեր հասարակության մեջ դեռեւս օրգանիզմը հարգելու եւ սիրելու փիլիսոփայությունը չկա, որպեսզի մի փոքրիկ շեղում նկատելու դեպքում դիմեն բժշկի»:
Aravot.am-ի այն հարցին, թե արդեն խաշի սեզոն է, եւ այն եւս համարվում է ճարպոտ սնունդ, որքանո՞վ է խաշը նպաստում սրտանոթային հիվանդություններին, Պ. Զելվերյանը պատասխանեց. «Այն, ինչ օգտագործում ենք չափավոր, չի խանգարի: Բայց եթե ամեն օր խաշ օգտագործվի, դա արդեն վնասակար կլինի: Նկատի ունեցեք, եթե մարդը մի բան հաճույքով է անում, դրանից ակնկալվող օգուտն ավելի շատ կլինի: Այսինքն՝ հաճույքի պահին սինթեզված էնդոֆիններն ավելի օգտակար կլինեն, քան խաշի միջի պոտենցիալ խոլեստերինը»:
ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանի խոսքերով էլ, 16 տարեկանից բարձր տղամարդկանց 54 %-ը ռեգուլյար ծխախոտ օգտագործող է, իսկ 20%-ի մոտ կան ֆիզիկական ակտիվության եւ ավելորդ քաշի լուրջ խնդիրներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































