Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Սերժ Սարգսյանի արձագանքը անբացատրելի ու անհասկանալի ագրեսիվ էր

Նոյեմբեր 26,2011 23:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գեղարքունիք կատարած իր այցի ընթացքում անդրադարձել էր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված նամակին: Մասնավորապես, ասել էր, թե «այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու սկսված գործընթացը», ապա թե՝«հայտարարության նպատակը ուղղակի սևացնել և մեր գործընթացին վնաս տալն էր»։

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը կարդացածները դժվար թե համաձայնեն պարոն նախագահի մեղադրանքների հետ: Այդուհանդերձ, «Առավոտը» խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին մեկնաբանել Սերժ Սարգսյանի պատասխանը: Նա ասաց.

«Եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի նամակում շարադրված 14 առաջարկներին ի պատասխան ՀՀԿ նոյեմբերի 25-ի նամակը անադեկվատ էր, քանի որ այդպես էլ ուղղակիորեն վերաբերմունք չէր արտահայտում դրանում թվարկված բոլոր քայլերի կապակցությամբ, ապա մեկ օր անց Հովհաննիսյանի նամակին գործող նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը անբացատրելի ու անհասկանալի ագրեսիվ էր: Անհասկանալի է, թե ինչ հայտարարության մասին է խոսում գործող նախագահը, երբ օգտագործում է “այդ հայտարարություն” ձեւակերպումը. Իրականում Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը 14 կետերի ներքո շարադրված կոնկրետ առաջարկների ամբողջություն է, եւ ոչ թե հայտարարություն: Արդյո՞ք նախագահը միտումնավոր է խեղաթյուրում այս հանգամանքը, թե՞ նրան այդպես է զեկուցվել: Եթե նախագահականից կամ ՀՀԿ-ից ինչ-որ մեկը գործող նախագահին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները մեկնաբանել է իբրեւ “գործընթացը սեւացնող ու վարկաբեկող” հայտարարություն եւ մեղադրանք, ապա վատ է աշխատում նախագահին զեկուցելու ինստիտուտը: Իսկ եթե նախագահը տեղյակ է, որ դրանք զուսպ տոնի մեջ գրված եւ շատ առարկայական քայլեր կատարելու առաջարկներ են` առանց ածականների, գնահատականների եւ պիտակումների, բայցեւ խեղաթյուրում է դա, ապա ավելի քան վատ է:

«Մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ» միտքը շարադրելիս Սերժ Սարգսյանը պետք է որ տեղյակ լիներ Հովհաննիսյանի ձեւակերմանը, չաղավաղեր նրա նամակի նույնաբովանդակ նպատակը. այն է` «ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Ձեր հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար անմիջապես անհրաժեշտ ենք համարում, ուստիեւ առաջարկում ենք հետեւյալ հիմնաքայլերը» (Րաֆֆի Հովհաննիսյան): Միտումնավոր թե ոչ միտումնավոր խեղաթյուրել Հովհաննիսյանի նամակի այդ տողերը, թե իբր դրա «նպատակը ուղղակի սեւացնել եւ մեր գործընթացին վնաս տալն էր», կամ որ “այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու սկսված գործընթացը», ուղղակի անազնիվ է: Կարող էր չէ՞ ՀՀ նախագահը պատասխանել, որ մենք անում ենք այն, ինչի մասին հիշատակել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այլ բան է` «Ժառանգություն» կվիճարկե՞ր արած-չարածը կամ արածի արդյունքները, թե՞ ոչ:

Սերժ Սարգսյանի այս վերաբերմունը առավելապես հիշեցնում է «մեզ մի ասեք, թե մենք ինչ անենք» կամ «մեզ մի հիշեցրեք, թե մենք ինչ ենք ասել» հակաքաղաքական կեցվածք: Միթե՞ ՀՀԿ ղեկավարի համար սեւացնող կամ վարկաբեկող է իր արտահայտած մտքերը մեջբերելը եւ հիշեցնելը: Եթե այո, ապա նա պետք է առաջինը իր կուսակցական ընկերներին հորդորի չհիշեցնել դրանք:

«Անցկացնելու ենք ընտրություններ ազատ, հանգիստ, առանց ավելորդ աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականներին, որովհետև նրանք իրավունք ունեն գնահատական տալու, կարծիք արտահայտելու, եւ մենք հաշվի չառնելով նրանց նպատակը, փորձելու ենք առաջ շարժվել։ Եվ բոլորը հնարավորություն կունենան դրանում համոզվել»: Այս նախադասությունները արտասանելիս թե ում եւ ինչ նպատակների մասին է խոսում Սերժ Սարգսյանը` դա միայն իրեն է հայտնի, ճիշտ այնպես, ինչպես մեզ է հայտնի մեր նպատակը` ունենալ ազատ, արդար եւ հավասար մրցակցային ընտրություններ:

Այս տողերից հետո առնվազն մխիթարված ենք զգում, որ դեռեւս մեր իրավունքն է համարվում կարծիք կամ գնահատական տալը: Իսկ դեպի ազատ եւ արդար ընտրությունները «առաջ շարժվելու» մեջ համոզվելու կամ չհամոզվելու առումով քաղաքական ուժերս ժամանակ ունենք: Այդ գնահատականը կարող ենք տալ եւ ընտրություններից հետո: Պարզապես ժամանակ չունի Հայաստանի Հանրապետությունը, որի ընտրությունները 1995թ.-ից ի վեր սեւացվել ու վարկաբեկվել են (միջազգային դիտորդներն ու զեկույցները մեղմաբար կասեին` մթագնել են, կամ «հիմնականում», այլ ոչ թե ամբողջովին են համապատասխանել միջազգային չափանիշներին) կեղծիքների, լցոնումների, անհավասար մրցակցության, վարչական լծակների օգտագործման արդյունքում: Այն արատավոր իրավակիրառական պրակտիկայի արդյունքում, ինչը առաջարկում է բացառել Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի եւս մեկ կեղծված ընտրություն կնշանակի Հայաստանի ետքայլ դեպի անկարող եւ անիրավ երկրների ընտանիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930