Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ միայն սիրո, այլ նաև հաճույքի արդյունք եմ». Հրաչ Մուրադյան

Նոյեմբեր 30,2011 18:48

 

«Առավոտ երիտասարդականն» այս անգամ ժամադրվեց հեռուստահաղորդավար, շոումեն Հրաչ Մուրադյանի հետ: Ժամադրությունը   ATV հեռուստաընկերությունում էր: Հեռուստահաղորդավար համբերատար եւ ժպիտով պատասխանեց մեր բոլոր հարցերին:

 

 

Կյանքում ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը:

-Ինձ համար ամենակարևորը իրողություններն են, որոնցից ես որպես մարդ հաճույք եմ ստանում, որոնց օգնությամբ կարողանում եմ մարդ լինելս պահել:

Ինչի՞ համար եք փոշմանել:

-Ես չեմ մոռանում, թե աստված ինչու է ինձ գլուխ տվել ու մեջը խելք լցրել: Այնպես որ կատեգորիկ ու գլոբալ սխալներ չեմ գործել, որոնց համար արժե փոշմանել:

 Առաջին անգամ ե՞րբ եք սիրահարվել: Հիշո՞ւմ եք նրան:

-Դպրոցում եմ սիրահարվել: Իրինա էր անունը, շատ սպիտակամորթ, փոքր քթով ու կապույտ աչքերով աղջիկ էր:

Ձեր ամենասիրած արտահայտությունը:

-Հաճախ եմ ասում «Ի՞նչ արեցիք»:

Ի՞նչ տվեց Ձեզ  «Կիսաբաց լուսամուտները», ու ի՞նչ այն փոխեց Ձեր կյանքում:

– «Կիսաբաց լուսամուտները» առաջին հերթին փոխել է ինձ: Ես սկզբում ,գուցե, իդեալիստ էի, ու հիմա ամեն հաղորդումից հետո զայրանում եմ, փշաքաղվում եմ, զարմանում եմ, ցնցվում եմ: Հիմա ավելի զգույշ եմ ու սկսել եմ մանրուքներին ուշադրություն դարձնել, որոնք հետո մեծ պատմություններ են դառնում:

Ու՞մ եք համարում Ձեզ ամենամոտ մարդը:

-Ինձ ամենամոտ մարդիկ առաջին հերթին ծնողներս են, հետո իմ մի քանի ընկերները:

 Ինչի՞ց եք ամենաշատը նյարդայնանում:

-Ամենաշատը նյարդայնանում եմ անպատասխանատվությունից:

 Կնկարագրեք Ձեզ երեք բառով:

-Ծայրահեղ օպտիմիստ, ծայրահեղ նյարդային, ծայրահեղ ռեալիստ:

Ամենահիշվող բարեմաղթանքը ո՞րն է եղել:

-Ծննդյանս օրը մայրս զանգահարեց և ասաց. «Շնորհավոր տղաս, դու մեր հաճույքի արդյունքն ես»: Փաստորեն ես ոչ միայն սիրո, այլ նաև հաճույքի արդյունք եմ:

Ինչի՞  համար եք պատժվել առաջին անգամ:

-Ես նման դեպք չեմ հիշում: Ծնողներս ինձ չէին պատժում, այլ մեծ մարդու նման բացատրում էին, թե ինչու այս կամ այն բանը չի կարելի անել:

 Ո՞րն է Ձեր համար իդեալական ընտանիքի մոդելը, ինչպիսին կուզենայիք, որ լիներ Ձեր ընտանիքը:

-Ինձ համար  իդեալական ընտանիքը առողջ ընտանիքն է, որտեղ բոլորն իրենց տեղերում են: Իմ ընտանիքում պիտի հարգանք լինի ու առաջ սլանալու ձգտում բոլորի մոտ: Ինձ դուր է գալիս այն ընտանիքը, որտեղ ես մեծացել եմ: Կուզենայի, որ իմ ընտանիքն էլ այդպիսին լիներ:

 Գիտեմ, որ սիրում եք ճանապարհորդել: Կա մի բան մեր մայրաքաղաքում, որը ստիպում է Ձեզ կարոտել, երբ քաղաքում չեք լինում:

-Ես առհասարակ նյութականին չեմ կարոտում, եթե չլինեին ինձ հարազատ մարդիկ, հնարավոր է, որ ես չկարոտեի: Ես մարդկանց եմ կարոտում:

Ե՞րբ է եղել Ձեր առաջին ժամադրությունը և որտե՞ղ:

-Իմ  առաջին ժամադրությունը դպրոցական տարիներին էր, ձմռանը,պաղպաղակի վաճառակետի մոտ ու նորից Իրինայի հետ: Մենք միասին իմ ամենասիրած պաղպաղակը կերանք:

Մերի  Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930