Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելի՞ք, աշխատանքային փո՞րձ, թե՞ ցանկություն

Դեկտեմբեր 02,2011 21:31

 «Ակնկալիքներ առանձնապես չունեմ, ուղղակի փորձում եմ, որովհետև կազմակերպությունների մեծ մասը աշխատանքային փորձ են պահանջում, հաշվի չառնելով, որ մարդիկ սկզբում գիտելիք են ստանում, հետո նոր փորձ: 20-21 տարեկան ուսանողը ինչպես կարող է մի քանի տարվա աշխատանքային փորձ ունենալ»,- նշում է ՀՊՏՀ-ի ուսանողուհի Նարինե Գրիգորյանը, ում կարծիքին  էին այսօր Կոնգրես հյուրանոցում կազմակերպված աշխատանքային տոնավաճառին այցելած բազմաթիվ երիտասարդներ: «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» և IREX-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկայն խորհուրդների հետ համատեղ կազմակերպած տոնավաճառին մասնակցում էին շուրջ 31 կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը աշխատակիցների ընտրության հարցում առաջնորդվում էր սեփական չափանիշներով. մեկի համար գիտելիքն էր կարևոր, մյուսի համար` աշխատանքային փորձը, երրորդի համար էլ` աշխատելու պատրաստակամությունը: «Քանի որ մենք ներկայացնում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, որը նոր է զարգանում Հայաստանում, մեր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ այն երիտասարդները, ովքեր ունեն սովորելու ցանկություն, կարճ ժամանակում ճիշտ ընկերությունում դառնում են շատ ավելի լավ մասնագետներ, քան այն մարդիկ, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, բայց հոգնել են իրենց մասնագիտությունից»,-ասում է «Շահումյան Մեդիա» ընկերության տնօրեն Արիկ Շահումյանը, ով այսօր փնտրում էր ծրագրավորողների, web դիզայներների, բովանդակային մենեջերների ու վաճառքի պատասխանատուների: Տոնավաճառի այցելուները հիմնականում երիտասարդներ էին, ովքեր ցանականում էին ուսումը համատեղել աշխատանքի հետ, որպեսզի հետագայում կարողանան հաղթահարել «աշխատանքային փորձ» պատնեշը: Աշխատանք փնտրող երիտասարդները մեկ այլ կարևոր խնդիր էլ էին առանձնացնում. «Հայաստանում այսօր ավելի շատ մասնագետներ են թողարկվում, քան հարկավոր է: Այսինքն, եթե ֆակուլտետում պետք է լինի 30-40 ուսանող, սովորաբար լինում է 60-70 հոգի ու դրա արդյունքում նրանց մի մասը մնում է անգործ»,- ասում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Գևորգյանը: Պետք է նշել սակայն, որ մի շարք կազմակերպություններ ոչ թե թափուր աշխատատեղեր էին ներկայացնում, այլ երիտասարդներին առաջարկում էին կամավորական աշխատանքներ, վճարովի դասընթացներ և պրակտիկաներ: «Cosmopolitan» ամսագրի խմբագիր Հրաչուհի Ութմազյանը նշում է, որ թափուր աշխատատեղ չունեն, բայց պատրաստ են ընդունել կամավորների, ովքեր ցանկանում են աշխատել իրենց հետ. « Երբեմն ո՛չ աշխատանքային փորձն է կարևոր, ո՛չ էլ մասնագիտությունը: Մարդ կարող է ունենալ որևէ մասնագիտություն, բայց հետաքրքրվել օրինակ` նորաձևությամբ, կամ ունենալ լավ գրիչ: Եթե մարդու մեջ կա, մենք փորձում ենք դա վեր հանել»: Հյուրանոցի սրահը լեփ-լեցուն էր, աշխատանք առաջարկող «սեղանները»` բազմաբնույթ:

Հերմինե Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031