Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ստամբոլցյանի բացահայտումները

Դեկտեմբեր 06,2011 13:06

ՀՀ առաջին նախագահը ծույլ է, երկրորդը՝ ագահ, երրորդը՝ շրջապատի գերի, իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ խառնակիչ:

«Ցավոք, երբ 1988-ի շարժումը սկսվեց, մենք գաղափար չունեինք մասոնների, համաշխարհային կառույցների մասին, մեզ թվում էր՝ Արեւմուտքը հրաշք է, ազատության պատվար է: Բայց իրականում այդպիսին չէ: Սա միջազգային մի շարժում է, որին կցված են մերոնք»,- անցած դարավերջին սկիզբ առած ղարաբաղյան շարժման մասին, որը հետո վերածվեց ՀՀ անկախության շարժման եւ շարունակվում է մինչ օրս, «Առավոտի» հետ զրույցում ասաց այն ժամանակ ակտիվ գործունեություն ծավալող «Գթություն» բարեգործական միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն մոտ չորս տարի արդարության համար մղվող պայքարը նա իրական չի համարում. «Որովհետեւ այդ անարդարության եւ անբարոյականության սկիզբը դրվել է առաջին նախագահի օրոք: Բացի այդ՝ եթե դուք նայեք նրանց թռուցիկների վրա դրված էմբլեմային, էնտեղ սպիրալաձեւ գիծ կա՝ դա «Սորոսի» ֆոնդի նշանն է: «Սորոսը» գիտեք ով է՝ համաշխարհային բոլոր հեղափոխությունների հրահրողը: Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին, որ դուրս գա: Նա ծույլ է, ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ստիպեցին, դուրս եկավ, «մարտի 1» սարքեց… Ուկրաինայում հեղափոխությունը նախատեսված էր այնպես, որ Յուշչենկոն եւ Տիմոշենկոն միասին արեցին՝ դուրս եկան իրար դեմ: Սահակաշվիլին, Բուրջանաձեն, Ժվանիան միասին արեցին, հետո՝ տեսաք: Թուրքմենիայում տեսաք՝ ինչ եղավ: Այսինքն՝ խնդիրը «Սորոսը» տվել էր Լեւոնին, որ էստեղ էլ տեղի ունենար, բայց երբ 10 զոհ եղավ, նրան ետին պլան մղեցին: Մինչ փետրվարի 1-ը Լեւոնը գովերգում էր Արեւմուտքին, փետրվարի 1-ից սկսեց հայհոյել Արեւմուտքին, որովհետեւ Արեւմուտքն իրենից ձեռք քաշեց: Ու անցած տարի երբ տիկին Քլինթոնը՝ այդ համաշխարհային խառնակիչ տիկինը, եկավ այստեղ, բոլոր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպեց, բացի Լեւոնից: Որովհետեւ Լեւոնը չի արդարացրել նրանց հույսերը»:

Խաչիկ Ստամբոլցյանը ավելի խիստ է ՀՀ երկրորդ նախագահին ուղղված իր գնահատականներում. «Երկրորդ նախագահ՝ դաժանաբարո եւ ագահ»: Ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, Ստամբոլցյանն առավել գթասիրտ է. «Ինքն իր օլիգարխներով, ֆեոդալներով սանձվում է: Ասենք, այս վերջերս հայտարարեց բարոյական Հայաստանի կառուցման մասին, բայց բարոյական Հայաստանը ո՞նց անբարոյականներով կառուցես: Իսկ իր ամբողջ շրջապատը՝ գիտեք: Ես իրեն ծանոթ եմ եղել շարժման ժամանակ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ. այն ժամանակ այս հարցերը չէին քննարկվում: Ես զենք կամ սնունդ էի մատակարարում, մենք հարաբերվում էինք որպես եղբայրներ: Բայց այս իրադրության մեջ ես իրեն չեմ կարող բնութագրել, որովհետեւ շատ վաղուց կապ չեմ ունեցել: Իր այն դիրքից, որ հաճախ Աստծո անունն է տալիս, Աստվածաշնչից է խոսում, եկեղեցի է այցելում՝ մեջը կարծես բան է փոխվել, ուզում է ինչ-որ բան անել, բայց իր շրջապատը թույլ չի տալիս»:

Հարցին՝ որպես այս երկրով մտահոգ մարդ՝ ինքը երբեւէ փորձ արե՞լ է իր կարծիքը ՀՀ երեք նախագահներից մեկին կամ բոլորին միասին փոխանցել՝ փորձելով օգտակար լինել որոշ հարցերի կարգավորման գործում, Ստամբոլցյանը պատասխանեց. «1992-ին, երբ պարզեցինք, որ ղարաբաղյան շարժման մեջ մեծամասնությունը գործակալներ էին, 1993-ին մի խմբով դարձանք ընդդիմություն, 1994-ին մեզ հեռացրին կուսակցությունից, 1995-ին որդուս վրա մահափորձ կատարեցին, 1996-ի՝ ինձ. 1995-ից հետո բոլոր դռները փակվեցին: Այդ ժամանակ այլեւս գործակցելը, հանդիպելը, խոսելը դարձան անհնարին: Ես դարձա ոչ ընդունելի անձ եւ առ այսօր: Չհաշված, որ իրենք կազմակերպեցին այն համաշխարհային մեծ բամբասանքը, որ Ստամբոլցյանը աղետի գոտին թալանեց, բոլոր օգնությունները կերավ: Հայաստանում ինչ կառուցվում էր, ասում էին՝ Ստամբոլցյանի տունն է, խանութն է, բանկն է, բայց այսօր բոլորը տեսնում են՝ ով ինչ ունի, ես՝ ինչ»: Առաջիկա ընտրություններից մեր զրուցակիցը ոչ մի սպասելիք չունի, քանի դեռ մեր մեջ բարոյական խնդիրները լուծված չեն. «Պետրոս Դուրյանի աճյունը 1960 թվականից Հայաստանում է՝ չեն թաղում: Մեր հեռուստատեսությամբ Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան, Արմենակ Շահմուրադյան, Վահրամ Փափազյան անունները չեն հնչում: Դրված են գռեհկությունն ու անբարոյականությունը, սերիալները, որոնք ահ ու սարսափ են տարածում: Մինչեւ բարոյական խնդիրները չլուծվեն, մնացած հարցերը չեն լուծվի: Մինչեւ՝ «մի գողացիր, մի շնացիր, սուտ վկայություն մի տուր, սիրիր ընկերոջդ քո անձի պես» նորմերը մեր մեջ միս ու արյուն չդառնան, ոչ մի լավ բանի մի սպասեք»: Թե այս պարագայում ինքն ինչո՞ւ է պասիվ դիրք գրավել, Ստամբոլցյանը հակադարձեց. «Ես պասիվ դիրք չեմ գրավել: Պարզապես շատ ճանապարհներ ինձ համար փակ են: Բայց ես ամեն հնարավոր միջոցներով փորձում եմ արձագանքել քաղաքական այս կամ այն իրավիճակին: Ես մի դիրքորոշում ունեմ՝ կա մարդկային, հարաբերական ճշմարտություն, երբ ամեն մարդ իր ճշմարտությունն ունի, եւ կա բացարձակ՝ Աստվածային ճշմարտություն: Ես միշտ  ամեն բան դիտում եմ Աստվածային ճշմարտության լույսի տակ, դրա համար էլ ես ոչ մեկին հաճելի չեմ: Երբ կողքից նայում եմ, ինձ համար շատ տարօրինակ է, որովհետեւ բոլոր կուսակցությունները խոսում են, խոստումներ են տալիս ամենատարբեր բաների մասին, բայց լուծման ճանապարհը, ձեւը չեն ասում: Իսկ Ավետարանն ասում է. «Դու փոխվիր, եւ կփոխվի քո շրջապատը: Ինչպիսին դու ես, այնպիսին՝ քո վրա եղած իշխանավորը»: Որովհետեւ մեր միջից է ընտրվել այդ իշխանավորը, երկնքից չի իջել: Եթե ժողովուրդը հիվանդ է մի վարակիչ հիվանդությամբ, ում էլ ընտրես նախագահ՝ այդ հիվանդությունն իր մեջ է: Ուրեմն նախ պետք է այդ հիվանդությունը բուժենք՝ «Փոխիր քեզ, քո բնավորությունը»: Եթե մենք այսօր Աստվածային ճշմարտությամբ առաջնորդվենք, բացարձակ նշանակություն չի ունենա՝ սոցիալական ենք, ֆեոդալական ենք, պրեզիդենտական ենք, թագավորական ենք: Եթե մի պատվիրան իրագործենք՝ «սիրիր մերձավորիդ՝ ինչպես քո անձը», նշանակություն չունի, թե ինչ հասարակարգ է: Մենք այս խնդիրն է, որ պետք է առաջ քաշենք: Երկու օր առաջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն էր, ու բոլորը այդ վտանգի մասին էին խոսում, բայց ոչ ոք չասաց, որ սա անբարոյականության հիվանդություն է, եկեք դառնանք բարոյական, եւ էդ վտանգը մեր միջից կվերանա: Պողոս առաքյալի «Թուղթ հռոմեացոց»-ում գրված է էդ հիվանդության մասին: Ասում է՝ «եւ կանայք իրենց բնական պետքը փոխեցին անբնականով, արուները իրենց ցանկությունը հանդեպ կնոջ թողեցին, արուն արուների հետ խայտառակություն գործեցին եւ իրենց մարմնի վայելածի հատուցումը իրենց մարմնի մեջ ընդունեցին»: Դա «սպիդ» հիվանդությունն է, անգլերենից թարգմանվում է հարկ, վճար: Դա այդ վճարն է: Ու համաշխարհային ոչ մի լրատվամիջոց չի քարոզում բարոյական նորմերը պահելու մասին, որպեսզի սա մեր միջից դուրս գա, փորձում են բուժման դեղեր ճարել, որպեսզի շարունակեն իրենց լկտիությունը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031