Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեն Գրիգորյանի եւ Գեւորիկ Պողոսյանի դոպինգը դեռ չի հաստատվել

Դեկտեմբեր 12,2011 16:33

Այս տարվա ապրիլին Կազանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից մոտ վեց ամիս անց, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան, հիմնվելով ՎԱԴԱ-ի տվյալների վրա, հրապարակեց այն ծանրորդների անունները, որոնք կասկածվում են արգելված խթանիչներ` դոպինգ, օգտագործած լինելու մեջ: Նրանց մեջ էին նաեւ 53 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Էլեն Գրիգորյանի եւ բրոնզե մեդալակիր դարձած 94 կգ քաշային Գեւորիկ Պողոսյանի անունները:

«Առավոտն» այդ խնդրին անդրադարձել է` նշելով, որ վերջնական պատասխանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պետք է ստանա մինչեւ դեկտեմբերի 13-ը: Վաղը վերջնաժամկետը լրանում է, ուստի «Aravot.am»-ը փորձեց տեղեկանալ՝ վերջնական վճիռ է կայացվե՞լ, թե՞ ոչ:

Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը կրկնեց ամիսներ առաջ այդ առիթով իր արտահայտած խոսքերը:

«Բազմիցս ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ մեր ոչ մի ծանրորդ առանց մի քանի դոպինգ ստուգում անցնելու օդանավ չի նստում: Կազանից առաջ մեր բոլոր ծանրորդների դոպինգ ստուգման անալիզների վերջնական պատասխանը Մոսկվայի լաբորատորիայից ֆեդերացիան ստացել է մեկնելուց ընդամենը 10 օր առաջ: Ու բոլորն էլ միանգամայն մաքուր են եղել:

Միջազգային հակադոպինգային ծառայությունը Էլեն Գրիգորյանին եւ Գեւորիկ Պողոսյանին ընդամենը կասկածում է: Եթե նրանց դոպինգ օգտագործած լինելը հաստատված լիներ, նախ, անմիջապես արդյունքները չեղյալ կհայտարարվեին եւ նրանք պաշտոնապես արդեն որակազրկված կլինեին, ապա` նրանց անունները միանգամից Եվրոպայի առաջնության արդյունքների ցուցակից հանված կլինեին», – ասաց ֆեդերացիայի նախագահը:

Իսկ հարցին, եթե, այնուամենայնիվ, երկրորդ սրվակի պատասխանն էլ դրական լինի, ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն, Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Գործող կարգերով` չորս տարի որակազրկում եւ դրամական տուգանք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031