Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Հովհաննիսյան․ «Մենք հասել ենք այնտեղ, որ որոշ արտադրողներ մեր երեխաներին ներշնչում են, թե դոպինգը շատ լավ բան է»

Նոյեմբեր 07,2023 23:00

Օլիմպավանում կայացավ Արգելված նյութերի նույնականացման բջջային հավելվածի ներկայացման շնորհանդեսը։

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը իր նախնական խոսքում կարեւորելով սպորտում ազնիվ պայքարը՝ ասաց․ «Ինչպես գիտեք, սպորտը, ինչպես կյանքը, մեծ քայլերով է առաջ ընթանում։ Եվ շատ հաճախ մարզիչներն ու մարզիկները, այդ թվում՝ Հայաստանի, չեն հասցնում հետեւել, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի օգտագործել։ Օրերս ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանից տեղեկացա, որ շատ հզոր թիմեր ու մարզիկներ արդեն իսկ որակազրկված են։ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ նման անցանկալի անակնկալներից խուսափելու համար այսօր Հայաստանի ազգային հակադոպինգային կազմակերպության փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը կներկայացնի արգելված նյութերի նույնականացման բջջային հավելվածը, ինչը շատ կթեթեւացնի թե մարզիչների, թե մարզիկների գործը։

Արեգ Հովհաննիսյանը նշեց, որ արդեն երկու տարի օլիմպիական համերաշխության ֆոնդի օգնությամբ իրենք ՀԱՕԿ-ի հետ համատեղ իրականացրել են երկու շատ լավ ծրագիր․ ստեղծել են երկու կրթական տեսաֆիլմեր, որոնք շատ բարձր գնահատականի են արժանացել Հակադոպինգային համաշխարհային գործակալության կողմից եւ երկրորդը՝ ստեղծել են արգելված նյութերը որոնելու գործընթացում բջջային հավելվածը։

«Այս ծրագրերի իրականացումը կապված է այն իրավիճակի հետ, որում հիմա գտնվում է Հայաստանը։ Մի տեսակ հանգստություն կա Հայաստանում, ասես, դոպինգի խնդիրը մեզ չի վերաբերում, մեր մարզիկները մաքուր են։ Մի տեսակ հանգստացել ենք։ Այնինչ, մեր հարեւան երկրներում իրար հետեւից մարզիկներ են որակազրկվում։ ընդ որում, որակազրկվում են այն արգելված նյութերով, որ սովորաբար գալիս են շուկա ուրիշ անվանումներով։ Ու մենք չենք բացառում, որ վաղը ինչ-որ երկրում ինչ-որ մեկը մեր մարզիկներին կհամոզի, որ դա շատ լավ դեղ է, նա էլ կբերի ու այստեղ կտարածվեն արգելված նյութերը։

Մենք հասել ենք այնտեղ, որ մեր որոշ արտադրողներ մեր երեխաներին ներշնչում են, թե  դոպինգը շատ լավ բան է։ Օրինակ, կա «Դոպինգ» անունով պաղպաղակ։ Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ դոպինգը ՀՀ  օրենքի համաձայն նշանակում է հակադոպինգային կանոնների մեկ կամ ավելի խախտում։ Կա «Դոպինգ Սփեյս», «Դոպինգ» ՍՊԸ։ Այսպես երեխաներին եւ ապագա սերնդին ներշնչում են, թե դոպինգը այնքան էլ վատ բան չէ։

Մենք գտնում ենք, որ այս պահին մեր այս ծրագիր կազմելը, իրոք, անհրաժեշտություն է»,- ասաց Արեգ Հովհաննիսյանը եւ ներկայացրեց հավելվածի բաժիններն ու օգտվելու կարգը։

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե  Հայաստանի ազգային հակադոպինգային կազմակերպությունը դոպինգի քարոզչության դեմ պայքարելու նպատակով, արդյոք, դիմել է կառավարությանը կամ համապատասխան ատյաններին, որպեսզի Հայաստանում արգելվի «Դոպինգ» բառով կազմակերպությունների, ապրանքանիշերի գրանցումը, իսկ արդեն գրանցվածները լուծարվեն, որին Արեգ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մեր գործակալությունը միայն կարող է առաջարկել, իսկ ԿԳՄՍ նախարարությունը՝ դիմել։ Անկեղծ ասեմ, նախարարություն դեռ չենք դիմել, որովհետեւ երեկ ենք դա տեսել։ Բայց անպայման կդիմենք»։

Շնորհանդեսի ավարտին Արեգ Հովհաննիսյանը լրագրողներին նաեւ ասաց․ «Մեր իրականացրած թեստերի դրական արդյունքները բավականին շատ են փոքր երկրի համար։ Այս տարի մեր թեստավորած մարզիկների 2 %-ը դրական  պատասխան է ցույց տվել։ Բայց այս տարի առաջին անգամ, երբ կառավարությունը ավելացրեց թեստավորման ֆինանսավորումը, մենք կարողացանք թեստավորումը կատարել ոչ միայն օլիմպիական մարզաձեւերում։ Եվ ուժային եռամարտում վեց մարզիկից վերցրած փորձանմուշները դրական արդյունք ցույց տվեցին։ Ընդ որում հինգը օգտագործել էին Հայաստանում չգրանցված դեղեր։ Իսկ ինչ վերաբերում է օլիմպիական մարզաձեւերին, մենք բավականին գոհ ենք ստեղծված իրավիճակից, խնդրի նկատմամբ հատկապես առաջատար մարզիկների վերաբերմունքից։ Նույնիսկ վկա ենք եղել, որ մեր առաջատար մարզիկները մյուսներին սովորեցնում են, թե ոնց գտնել արգելված նյութերի մասին ինֆորմացիա։

Մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ միջազգային կազմակերպությունները մեր որակավորումը բարձրացրել են եւ ընդգրկել, այսպես կոչված, երկրորդ խումբ․ որն ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Հակադոպինգային համաշխարհային գործակալության  որոշման այն երկրներն են, որոնք, կարելի է ասել, 90 %-ով համապատասխանում են բարձր մակարդակի հակադոպինգային գործակալության գործունեությանը։ Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով մենք ստացել ենք 95,2 % համապատասխանություն եւ համապատասխան սերտիֆիկատ ունենք Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից»,-ասաց բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930