Armsport.. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում անդրադարձել է ազգային ընտրանի հրավիրված, սակայն միանալուց հրաժարված ֆուտբոլիստների թեմային։
Մասնագետը, որն ավելի վաղ ընդհանրական դժգոհություն էր հայտնել այդ խաղացողներից, այս անգամ փակագծեր է բացել՝ առանձնացնելով Հենրիխ Մխիթարյանին ու Լուկաս Սելարայանին։
«Եթե ես ուզենայի խոսքս ուղղել կոնկրետ Մխիթարյանին․․․ մեկ տարի առաջ, երբ նոր էի նշանակվել, անձամբ հրավիրեցի նրան, բայց նա չցանկացավ գալ։ Մենք այդ մասին խոսել ենք: Այն ժամանակ էլ նշել եմ, որ հասկանում եմ նրան. կան պատճառներ ու արգումենտներ:
Մխիթարյանին անպայման ուզում եմ առանձնացնել, քանի որ նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա շատ մեծ բան է արել հայկական ֆուտբոլի համար, հերոս է և լեգենդար տղա: Երբ ես Ուկրաինայում էի և հետևում էի հավաքականին, հիշում եմ՝ Մխիթարյանը վնասվածքի կամ այլ պատճառով բաց թողեց երկու խաղ։ Հավաքականն այդ խաղերում հաղթեց, և միանգամից սկսեցին խոսել, թե մեր ընտրանին առանց Մխիթարյանի ավելի լավ է խաղում: Դա աբսուրդ է. դրանով ցավեցրին ու նեղացրին այդ տղային, հիասթափեցրին նրան։
Կարդացեք նաև
Սա պատճառներից մեկն էր։ Կան նաև այլ պատճառներ, որոնց մասին թույլ չեմ տա խոսել՝ դա իր անձնական գործն է: Ես չեմ կարող մեղադրել նրան, թեև կարող եմ ափսոսալ, հիասթափվել կամ ջղայնանալ, որ նա չկա: Ինձ համար հավաքականը վեր է ամեն ինչից, բայց մարդիկ տարբեր են: Երբ մարդու սիրտը կոտրվում է մի բանից, երբ նվիրվածություն այլևս չի զգում, չի կարող այդ գործն առաջ տանել»,- նշել է Մելիքյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































