Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրեցուն պետք է վերադարձնել իր իսկական տեսակը»

Դեկտեմբեր 29,2011 12:49

Ասում է Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը

Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ կառավարությունը մարզպետարաններին 20 մլն դրամ է հատկացնում՝ մարզերի սոցիալական վատ վիճակը փոքր-ինչ մեղմելու ու անապահովների մատից փուշ հանելու նպատակով: Սակայն 2 տարի առաջ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որոշակի ուսումնասիրություններ կատարելով, նկատել էր, որ Շիրակի նախորդ մարզպետ Լիդա Նանյանը օգնություն ստացողների ցուցակում ընդգրկել է այնպիսի անուններ, որոնք համընկնում են մարզպետարանի աշխատակիցների հետ:

Երեկ «Առավոտը» Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են բաշխում գումարները, եւ մի՞թե կառավարության հատկացրածը բավարար է սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող Շիրակի մարզին: Նշենք, որ այս մարզում բնակիչների մեծ մասը բառի իսկական իմաստով դռներ է ջարդում, օգնություն ստանալու ակնկալիքով՝ քաղաքապետարանից մարզպետարան է վազում, այնտեղից էլ՝ եկեղեցի: Պարոն Պետրոսյանը մեզ վստահեցրեց, որ սոցիալական օգնությունը բացառապես տրվում է սոցիալապես անապահովներին, եւ որ մարզպետի կարգադրությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն աշխատում է սոցիալական ծառայությունների հետ, ուսումնասիրում է դիմումները, այնուհետեւ հանձնաժողովը ներկայացնում է իր եզրակացությունը տվյալ մարդու սոցիալական վիճակի վերաբերյալ, եւ նոր միայն մարզպետի կարգադրությամբ հատկացումներ են կատարվում: «Կարգադրության մեջ հստակ արտացոլված է մարդու անուն-ազգանուն-հայրանունը, բնակության վայրը եւ սոցիալական վիճակը: Բոլոր որոշումները դրված են կայքում, մենք թաքցնելու ոչինչ չունենք. ցանկացած պահի ցանկացած մարդ կարող է իրազեկվել, թե այդ գումարը ուր է գնացել, ում է հասել, ինչ նպատակի է ծառայել»: Ս. Պետրոսյանի տեղեկացմամբ՝ այս նպատակի համար հատկացված տարեկան գումարը արդեն սպառվելու վրա է: Մեր այն հարցին էլ, թե դա կբավարարի՞ շիրակցիներին, փոխմարզպետն ասաց. «Այդ գումարը, իհարկե, չի բավարարում, բայց դա մասսայական օգնության համար չէ, հիմնական նպատակը սոցիալական խոցելի խավին օգնելն է, իսկ նրանց մեջ մտնում են Հայրենական պատերազմի մասնակիցներն ու նույն պատերազմում հաշմանդամ դարձած մարդիկ, Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ ունեցող ընտանիքները, զինվորական պարտականությունները կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքները, 5 եւ ավելի անչափահաս երեխա ունեցողները, 1-ին կարգի հաշմանդամները, միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ երեխաները, ծերերի տունը, միայնակ ծերերը եւ վերջապես այն մարդիկ, որոնք ընդհանրապես զրկված են որեւէ տեսակի արտոնությունից, բայց ապրելու հնարավորությունները սուղ են»: Ս. Պետրոսյանի խոսքերով՝ այս մարդկանց միջինը հասնում է 25 հազար դրամի, իհարկե՝ կան մարդիկ, որոնց 30 կամ 50 հազար են հատկացնում. «Իրավիճակը գնահատելով ենք գումարը հատկացնում, բոլորին չէ, որ նույն չափի գումար ենք տալիս. օրինակ, ասենք, 5 ու ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքին միանշանակ 20 հազար դրամ ենք տալիս, փորձում ենք պահպանել սոցիալական արդարությունը»: Մենք նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում պտտվող այն խոսակցությունները, թե մարզպետ Գիզիրյանը շատերին օգնում է իր անձնական միջոցներով: «Մարզպետ Գիզիրյանը անձնական միջոցներ չունի, որ նման բան անի, մարզպետ Գիզիրյանը իր անձնական հեղինակության հաշվին, մարզի վարչական սահմաններից դուրս գործող գործարարների հետ աշխատանք տանելու միջոցով կազմակերպում է սոցիալական օգնություն. կոնկրետ հիմա 654 ընտանիքի համար ամանորյա արկղեր են պատրաստվել եւ ուղարկվում են Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին ու մասնակիցներին, Արցախյան պատերազմում անհայտ կորածների ընտանիքներին, զոհվածների ընտանիքներին»: Ըստ փոխմարզպետի՝ իրենք արդեն հատ-հատ ճանաչում են 700 խոցելի ընտանիքների ու բավականին լուրջ դրամական օգնություն են ցույց տալիս: Իսկ կգա՞ այն երանելի ժամանակը, որ Շիրակի մարզում այլեւս խոցելի խավ չի լինի, շիրակցին էլ իրեն մարդ կզգա ու չի մտածի իր հայրենիքը լքելու մասին, մեր այս հարցին ի պատասխան՝ փոխմարզպետը վստահեցրեց, որ մարզային իշխանությունները փորձում են ամեն ինչ անել Շիրակի մարզում աշխատատեղեր ստեղծելու համար: Իսկ թե կոնկրետ ի՞նչ են անում այդ ուղղությամբ, ըստ նրա՝ այս պահին իրենք հանրապետության նախագահի հանձնարարությամբ բանակցում են «Վիկես Արմենիա» ընկերության հետ՝ Գյումրիի անալիտիկ սարքերի գործարանի բազայի վրա թեթեւ արդյունաբերական ձեռնարկություն ստեղծելու համար: Ս. Պետրոսյանի տեղեկացմամբ՝ որպեսզի Ավստրիայից կտոր չներմուծեն, կտորը տեղում պետք է գործեն, ու կարի արտադրություն կազմակերպեն. մինչեւ տարեվերջ կստեղծեն 300 աշխատատեղ: «Որ ասենք, թե Գյումրիում բերելու ենք մեծ ավիացիոն կոմպլեքս, առաջիկայում դա չի լինելու, բայց որ մենք կարող ենք փոքր ու միջին ձեռնարկություն ստեղծել, պետք է գտնենք էդ մարդուն ու կողքը կանգնենք: Գյումրիում պետք է միջին խավ ձեւավորել: Սովետական Միության տարիներին բոլոր տեղերից գալիս էին Գյումրի՝ առեւտրականի մոտ, այսպես ասած՝ սովետական սպեկուլյանտի մոտ, էդ տրադիցիան պետք է զարգացնել, գյումրեցուն իր տեսակով պետք է դնենք իր տեղը»,- ասաց փոխմարզպետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031