Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նահանգապետ Կարո Սասունու խոսուն արձանը՝ Գյումրու ամենաբանուկ խաչմերուկում

Հուլիս 16,2026 20:08 Share

Գյումրու ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում, որի մոտ են գտնվում Շիրակի մարզային ոստիկանությունը, Շիրակի մարզպետարանը, այսօր բացվեց Շիրակի ազդեցիկ նահանգապետերից մեկի՝ Կարո Սասունու արձանը։

Նա հասարակական-քաղաքական գործիչ է, իրավաբան, պատմաբան, 1919 թվականին ընտրվել է Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ և 1920 թվականին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ։ Նա կանգնած է եղել Հայոց ազգային- ազատագրական պայքարի ակունքներում։

1914-1915 թվականներին մասնակցել է հայ ազգի փրկությանը, Թալինում մասնակցել է Դաշտադեմի ամրոցի կռվին, որի շնորհիվ էլ գրանցվել է Սարդարապատի հերոսական հաղթանակը։

Շիրակի նահանգապետ նշանակվելով՝ սկսել է անխնա պայքար կոռուպցիայի դեմ․ ինչպես ներկայացնում է «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» տնօրեն Ինգա Ավագյանը՝ կարճ ժամանակատվածում վերջ է դրել կոռուպցիային՝ հավասարաչափ պատժելով թե՛ կաշառք տվողներին և թե՛ վերցնողներին ։

Նրա՝ 2 մետր 40 սմ բարձրությամբ բրոնազաձույլ արձանի հեղինակը քանդակագործ Միսակ Մելքոնյանն է։ Ըստ քանդակագործի՝ արձանը երեք կարևոր խորհրդանիշ ունի․ ծխամորճը մտածելու, խորհելու խորհրդանիշ է, վզնոցը՝ ազատության խորհրդանիշն է, իսկ պարզած ցուցամատը նրա իշխանավոր լինելու վկայությունն է։

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը նշեց․ «Այս հուշարձանը պարզապես քանդակ չէ, այլ մեր պատմական հիշողության, ազգային արժանապատվության և սերունդներին փոխանցվող արժեքների կենդանի խորհրդանիշ է։ Այն կոչված է հիշեցնելու, որ ազատությունն ու հայրենիքի հանդեպ նվիրումը մշտապես կերտվել են անձնազոհության, կամքի և հավատքի շնորհիվ»։

Քանդակագործ Միսակ Մելքոնյան էլ, որն անչափ հուզված էր, ասաց․ «Կարո Սասունուն գուցե հանրությունն այդքան շատ չի ճանաչել մինչև այս պահը, բայց սրանից հետո համոզված եմ, որ մեր ազգը խորապես կճանաչի նրան, ոչ թե գրքերով կամ խոսույթներով, այլ իմ կերտած ստեղծագործությամբ։

Պիտի ասեմ, որ մեծ պատասխանատվության տակ եմ մտել, որովհետև համաձայնեք՝ հեշտ գործ չէ ներկայացնել մի անձնավորության, որն այդքան խորը, այդքան գիտակցական կյանք է ունեցել՝ ի նպաստ մեր հայրենիքի, մեր պետականությանը, և այն ապրումները և խոհերը, որը ունեցել է որպես ազգի նվիրյալ՝ ամեն ինչ ծառայեցրել է հայրենիքին։

Մեծագույն ցանկությունս է, որ արձանը դառնա գյումրեցիների սիրելի վայրը, որտեղ յուրաքանչյուրն իր ներկայությամբ իր խոնարհումը կբերի մեծ հայորդուն»։

Արձանը կյանքի է կոչվել երկու բարեգործների ջանքերով, նրանցից մեկը Աշոտ Ներսիսյանն է՝ «Զորավար Սեպուհ» հասարակական կազմակերպության նախագահը, մյուս բարերարը, որը տարածքն է բարեկարգել, Իվան Ալթհաճյանն է։

Իվան Ալթհաճյանը հարց տվեց՝ ինչո՞ւ Կարո Սասունու արձանը, ինչո՞ւ Գյումրիում և ինչո՞ւ այսօր ու պատասխանեց․  «Որովհետև Կարո Սասունու կերպարը մարմնավորում է շատ տարբեր հատկանիշներ: Նա ազատամարտիկ-ֆիդայի էր, ուսանող էր, գնաց Պոլիս, հաճախեց իրավաբանական ֆակուլտետ, հետո պետականաշինությամբ պսակվեց առաջին հանրապետության ժամանակ․ ընտրվեց Ազգային ժողովի անդամ, նշանակվեց մեր ներկա տերմիններով՝ Շիրակի մարզպետ և հետո բոլշևիկյան ու թուրքական ճնշումների տակ ահավոր վիճակ ստեղծվեց Հայաստանում, և Հայաստանը ստիպված խորհրդային դարձավ։ Նա դարձավ փետրվարյան ապստամբության ղեկավարներից։ Իր կինը՝ Լիլիա Սասունին, որի մասին կարող ենք իր չափ երկար խոսել, ահագին որբախնամ աշխատանք է տարել Թբիլիսում, Գյումրիում, բանտարկված էր փետրվարյան ապստամբությունից առաջ, փետրվարյան ապստամբության ժամանակ ազատվեց։

Կարո Սասունին հետո շարունակեց իր գործունեությունը՝ իբրև պատմաբան, իբրև մտավորական, իբրև ուսուցիչ և մեզ թողեց իր հուշերը Ցեղասպանությունից միչև փետրվարյան ապստամբություն»։

Իսկ թե ինչու նրա արձանը կանգնեցվեց Գյումրիում, ըստ բանախոսի, այս քաղաքը խորհրդանիշ է դիմադրության և տոկունության, Գյումրին թուրքական արշավանք, երկրաշարժ հաղթահարած ու հերոսներ ծնած քաղաք է, մշակույթի ռահվիրան է, հետևաբար և բնական է, որ Կարոն Սասունիի կերպարը մարմնավորող արձանը պիտի զետեղվեր այս քաղաքում։

«Գալով այն հարցին, թե ինչու արձանը տեղադրվեց այս օրերում, 150 տարի անց տարածաշրջանի աշխարհաքաղաքական պայմանները չեն փոխվել, թուրքի աշխորժակը չի բավարարված, այս խոսող արձանը՝ հայացքը դեպի Արևմտյան Հայաստան, պիտի լինի ներշնչող հաջորդ սերունդներին և պիտի դաստիարակի ու ուղղի մեր նոր ղեկավարությանը, որպեսզի պետականաշինությամբ զբաղվի և ամենակարևորը երբեք չծռի ու բարձր պահի մեր պատիվը»,- ասաց Իվան Ալթհաճյանը։

Արտաշես Շահբազյանն էլ, որը  Համազգային հայ կրթական միության կենտրոնական վարչության անդամ է, ասաց, որ  սա բարձր պետական  հնչեղություն ունեցող իրադարձություն պիտի լիներ, որովհետև Կարո Սասունին այդ կշռի մարդ է․ 20 տարուց ավել ազգային-ազատագրական պայքարի մեջ է եղել, պետական շինարարությանը, կռիվներին մասնակցած, Սփյուռքում իր գործունեությունը հայերի փրկությանը նվիրած անձ էր։

Նա տեղեկացրեց՝ Սասունում շատ նշանավոր է եղել Կարո Սասունու մայրը՝ Աննան, որի անունը մեծ ֆիդայինների անվան կողքին էր։

«Այսօրվա երևույթը համարում եմ խորհրդանշական․ հերոսի վերադարձ հայրենիք»,- ասաց բանախոսը։

Իրադարձությանը մասնակցում էր նաև Կարո Սասունու աշակերտը՝ Նշան Փալանճեան ճեմարանի նախկին տնօրեն Տիգրան Ճիմբաշյանը, որն իրեն համարեց բախտավոր վերջին սերունդը, որի հայ գրականության և հայ ազատագրական շարժման պատմության ուսուցիչը եղել է Կարո Սասունին։ Նա շեշտեց, որ Կարո Սասունին ընդունված ղեկավար էր  նաև քրդերի մոտ,  հայ-քրդական հարաբերությունների մասին գիրք ունի գրած։

Մանրամասները տեսանյութերում՝

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031