Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավազակախմբի կազմակերպիչը ոստիկանության զորքերից է

Դեկտեմբեր 29,2011 14:44

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր մի խմբավորման անդամների։ Ինչպես «Առավոտ»–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խմբի մեջ են ոստիկանության զորքերի աշխատակից Գևորգ Հովակիմյանն ու նրա հայրը՝ Ռադիկ Հովակիմյանը։ Մյուս անդամներին՝ եղբայրներ Դավիթ և Վարդան Սարգսյաններին քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են Վաղարշապատում։

Այս տարվա ապրիլի 27-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Երևանում զինված անձինք Ծարավ Աղբյուրի փողոցում փորձել էին ավազակային հարձակում կատարելու եղանակով հափշտակել ՀՀ ոստիկանության զորքերի աշխատավարձ տեղափոխող ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվող 93 մլն դրամը: Հանցագործները, հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել էին փախուստի:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի (Ավազակային հարձակում) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը պատմում է, երբ դեռ այն ժամանակ ինքը հանցագործության վայրում տեսաձայնագրման աշխատանքներ էր կատարում, նշված հանցագործությունը բացահայտելու համար որոշ հեռուստաընկերություններ դեպքի վայր էին հրավիրել գուշակների անգամ Մոսկվայից և ոստիկաններին համոզում էին, թե հանցագործությունը կբացահայտվի գուշակների շնորհիվ։ Բարեբախտաբար, ոստիկանության աշխատակիցները չտարվեցին գուշակություններով։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը նախօրոք պլանավորված է եղել ոստիկանության զորքերի աշխատակից Գևորգ Հովակիմյանի կողմից, որը լավ իմանալով, որ այդ օրը տեղափոխվելու է ոստիկանության զորքերի աշխատավարձը՝ իր հոր, Դավիթ և Վարդան Սարգսյանների հետ փորձել են հափշտակել խոշոր գումարը։ Դավիթ և Վարդան Սարգսյանների տանից հայտնաբերվել է նաև հրազեն։ Խմբի մեջ կան նաև այլ անդամներ, որոնց մասնակցությունը կատարված հանցագործության մեջ պետք է պարզի նախաքննական մարմինը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը այսօր արդեն ուղարկվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031