Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբան Հուռիի» «խուճուճ» ճակատագիրը

Հունվար 31,2012 13:57

«Անբան Հուռին»՝ նոր մուլտֆիլմ-մյուզիքլ» վերնագրով հոդվածում  տեղեկացրել էինք, որ մի խումբ երիտասարդներ, ռեժիսոր Արթուր Միքայելյանի գլխավորությամբ, նոր մոտեցումներով մուլտֆիլմ են նկարում՝ թումանյանական «Անբան Հուռի» հեքիաթի հիման վրա: 2011 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը Արթուրին դեբյուտ անելու հնարավորություն էր ընձեռել՝ տրամադրելով 1 մլն 330 հազար դրամ: Ռեժիսորն էլ նշել էր, որ այդ գումարով պատրաստել են ֆիլմի 2 րոպեն, իսկ բուն ֆիլմը պետք է 15-17 րոպե լինի:

«Առավոտի» հետ զրույցում Արթուր Միքայելյանը տեղեկացրել էր, որ ֆիլմի ողջ անձնակազմը երիտասարդներից է բաղկացած, ու ուսանողների հետ մեկ տարի շարունակ աշխատել է լավագույն մուլտնկարիչներից մեկը՝ Իգոր Պատրինը:

Օրերս Արթուրը նեղսրտեց, որ ֆիլմը շարունակելու հնարավորությունը կասեցված է, չնայած Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հավանել էր արված աշխատանքը ու խոստացել՝ «10 րոպե կստանաք»: Ա. Միքայելյանի խոսքով, այժմ կինոկենտրոնի ղեկավարը հայտարարում է, որ ում ուզի՝ նկարելու գումար կտա: Արթուրի խոսքով, մերժումը արդարացնելու համար կառույցը հորինել է՝ մյուս երիտասարդներին դեբյուտ անելու հնարավորություն ընձեռելը, որոնցից մեկը կինոկենտրոնի աշխատակից է, մյուսը՝ Գայանե Մարտիրոսյանի «մարդը», երրորդն էլ հրաժարվել է առաջարկից: Այս պատմության մեջ, ըստ մեր զրուցակցի, մեղքի բաժին ունի իրենց կուրսղեկ, մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը, ով կինոկենտրոնում հայտարարել է, թե «Անբան Հուռիում» իր սցենարն է օգտագործված, ինչը ապացուցել չկարողանալուց հետո, հնարվել է մյուս ուսանողներին դեբյուտ տրամադրելու՝ կինոկենտրոնի քայլը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը «Առավոտին» պարզաբանեց, որ ի սկզբանե որոշված է եղել դեբյուտի հնարավորություն տրամադրել Գայանե Մարտիրոսյանի կուրսի 4 երիտասարդների: Ըստ կինոկենտրոնի տնօրենի, պայման չի եղել, թե ողջ «Անբան Հուռին» հենց Արթուր Միքայելյանն է նկարելու: «Արթուրն իր մասը արել է, հիմա պիտի ուրիշ ռեժիսոր շարունակի, իսկ եթե չի ցանկանա «Անբան Հուռին» շարունակել, թող ուրիշ աշխատանք անի»,- հավելեց կինոկենտրոնի տնօրենը, այնուամենայնիվ ասելով, որ Արթուր Միքայելյանի արած գործը հաջողված է:

«Առավոտը» կապվեց նաեւ Գայանե Մարտիրոսյանի հետ: Նա չհամաձայնեց, թե ինքն է պատճառը, որ Արթուր Միքայելյանը չի կարողանում ավարտին հասցնել սկսած գործը. «Եթե ես լինելով կուրսի ղեկավար՝ հինգ տարի իրեն տարել եմ, ինչպե՞ս կարող եմ նման բան թույլ տալ ինձ: Պարզապես Արթուրն ինքն իրեն գերագնահատում է… Նա ստացավ 2 րոպե՝ փորձելու համար, դա մեր պայմանավորվածությունն էր, ու բոլոր ավարտած ուսանողներն էլ պիտի 2-ական րոպե ստանային եւ փորձեին իրենց ուժերը: Չգիտես ինչո՞ւ, Արթուրին թվաց, որ ինքը կարող է միանգամից տասը նկարել, մինչդեռ նման բան չկա, ու ինքը նեղացած է բոլորից… Հիմա Լեւոնի հերթն է, նա պետք է նկարի, հետո կլինի Վանուհին»: «Անբան Հուռիի» սցենարի «մասով» էլ տիկին Մարտիրոսյանը նշեց. «Այդ սցենարն արել ենք երրորդ կուրսում՝ ամբողջ կուրսով, իսկ «Անբան Հուռին» ես ցանկացել եմ նկարել դեռեւս 20 տարի առաջ: Իրենք ավելացումներ են արել սցենարի վրա՝ ամբողջ կուրսով, ինձ հետ միասին»:

Երիտասարդ ռեժիսոր Արթուր Միքայելյանը հիասթափված է, դրա համար էլ հայտարարում է. «Ես այլեւս հրաժարվում եմ կինոկենտրոնի ներկա ղեկավարության հետ որեւէ հարաբերություն ունենալ, քանի որ նրանք ի սկզբանե ասում են մի բան, անում՝ մեկ ուրիշը: Իսկ խոստումը չպահողների հետ չարժի աշխատել: Ի դեպ, իմ դիպլոմային աշխատանքը youtube-ում 70000-ից ավել դիտում ունի, շուտով «Անբան Հուռիի» 3 րոպեն էլ կտեղադրենք այնտեղ ու կարծում եմ՝ ժամանակն ու հանդիսատեսը կդատեն մեզ եւ ոչ թե չինովնիկները»:

Արթուր Միքայելյանի դիպլոմային աշխատանքը

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031