Այսոր «Հենարան» ակումբում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերադարձի մասին: Վերջինս նշել էր, որ հնարավոր է վերադառնա քաղաքական դաշտ ու մտնի ԲՀԿ, ուստի հարցին` դա ինչպե՞ս կանդրադառնա ձեր կուսակցության վրա` պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Օսկանյանը Հայաստանի Հանրապետության համար պրոֆեսիոնալ անձնավորություն է, որը պետական, քաղաքական գործունեության տարբեր դաշտերում եղել է: Հիմա եթե ինքը ցանկություն ունի մասնակցելու ընտրություններին, կարծում եմ` նա լրիվ դրա իրավունքն ունի: Դուք շեշտեցիք «Բարգավաճ», իսկ ինքը փնտրտուքի մեջ է, կարող է պատահի Հանրապետական մտնի»:
Մի քանի օր առաջ Քաղաքագետների միության մի շարք անդամներ, այդ թվում` Հմայակ Հովհաննիսյանը վստահեցնում էին, որ ԲՀԿ նախկին անդամ Կարեն Խաչատրյանին իբր նախագահի կողքին կանգնելու համար ոստիկանության պատասխանատու պաշտոն տալը Սահմանադրության խախտում է, քանի որ ոստիկանությունն ապակուսակցականացված կառույց պետք է լինի: Այս առնչությամբ Aravot.am-ը պարոն Բոստանջյանին հարցրեց` այդպիսի՞ն է մեր ոստիկանությունը եւ Կարեն Խաչատրյանին ոստիկանության պետ դարձնելու մեջ որեւէ օրենքի կամ ՍԴ խախտում չե՞ք տեսնում. «Իհարկե, չեմ տեսնում, իսկ ուզում էիք տեսնե՞ի, Կարեն Խաչատրյանի մասին ես ինչի՞ պիտի կարծիք կազմեմ, մարդ է, խոսացել է` դուք գնահատեք՝ լավ է ասում, ճիշտ է ասում, քաղաքականացվա՞ծ է, թե՞ չէ: Մարդը շատ առողջ էլ մոտեցում է ցուցաբերել` իրեն էլ որոշակի բան են տվել դրա համար, չէ՞»: Մենք ճշտեցինք` նորմա՞լ է, երբ կուսակցական խաղերի համար բան են տալիս: Պարզվեց` պարոն Բոստանջյանի համար դա, այնուամենայնիվ, նորմալ չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև