Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար բուհական կոռուպցիայի՞, թե՞ ԲՀԿ-ի դեմ

Փետրվար 02,2012 13:37 Share

ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը ռեկտորի պաշտոնը գերադասում է ԱԺ պատգամավորի աթոռից

Մի քանի օր է՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում. դասի չհաճախող արմավիրցի ուսանողից 150 հազար դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով օրերս ձերբակալվեց մանկավարժության ֆակուլտետի երկարամյա դեկան Արտաշես Մկոյանը: Ճիշտ է, երեկ փոխվել է նրա նկատմամբ խափանման միջոցը, եւ դասախոսը հանրապետությունից չհեռանալու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հանգիստ չի թողնում նաեւ մյուս ֆակուլտետների դեկաններին ու ամբիոնի վարիչներին, հերթով կողպում է ֆակուլտետների դռները, կաթվածահար անում դասերը, ստուգումներ է անցկացնում կաբինետներում, մի խոսքով՝ ամեն կերպ փորձում է մեղավորներ փնտրել: Ընտրությունների նախաշեմին գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները այս ամենի տակ ենթատեքստ են տեսնում, մտածում են, որ սա ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, այլ համատարած ընկած են ԲՀԿ-ական ղեկավարների ետեւից:

Այս թեմայի շուրջ մենք պարզաբանումներ խնդրեցինք Գյումրիի մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից: Նրանից նախ՝ հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է արդյոք իր թեկնածությունը մեծամասնական կարգով առաջադրել թիվ 33 ընտրատարածքում, այլ կերպ ասած՝ հանրապետական Աշոտ Աղաբաբյանի ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի դեմ: Ռեկտորը միանգամից բացառեց սա՝ տեղեկացնելով, որ երբեւիցե խնդիր չի դրել մասնակցել ընտրություններին: «Գուցե շփոթություն է ժողովրդի մեջ, որ ասում են՝ թիվ 33 ընտրատարածքի պատասխանատու Վարդեւան Գրիգորյան, մտածում են, որ եթե այդ պատասխանատվությունը ես վերցրել եմ, անպայման առաջադրվելու եմ: Նման որոշում ու նման մտադրություն չկա»,- ասաց բուհի ղեկավարը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ԱԺ ընտրություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե կուսակցության քաղխորհուրդը նրա թեկնածությունն առաջադրի: Պարոն Գրիգորյանը նաեւ հիշեցրեց, որ ինքը ժամանակին եղել է թե՛ Գերագույն խորհրդի եւ թե՛ ԱԺ պատգամավոր: ԱԺ նախորդ ընտրություններում եւս ընտրվել էր՝ զբաղեցնելով ԲՀԿ համամասնական ցուցակի 7-րդ համարը, սակայն հարազատ բուհում ռեկտոր աշխատելը գերադասել է պատգամավոր լինելուց: Մենք նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե բուհում ո՞ր կուսակցության ներկայացուցիչներն են գերիշխում՝ ԲՀԿ-ականնե՞րը: «Մի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում՝ եթե 6500 հոգանոց կոլեկտիվի մեջ ընդամենը 10-12 անդամ կա, եզրակացությունը թողնում եմ ձեզ: Ինչ քաղաքականացված լինելու մասին է խոսքը, բոլորը գիտեն, որ այս ինստիտուտում աշխատում են ե՛ւ հանրապետականներ, ե՛ւ դաշնակցականներ, ե՛ւ ՀԱԿ-ից անդամներ, այս կամ այն մարդը ինձ մոտ գնահատվել է իր աշխատանքով՝ ոչ անունով, ոչ ազգանունով, ոչ հայրանունով: Դուք, որպես լրագրող, շատ ինֆորմացված եք եւ, բնականաբար, ճշտել եք, որ չկա մեկը, որն ասի, թե Վարդեւան Գրիգորյանը երբեւէ կանչել է մեկին ու փորձել կուսակցական դարձնել»,- նեղսրտեց ռեկտորը: Նա նաեւ ասաց, որ ինքը երբեք չի խաղա մտավորականի արժանապատվության հետ: «Եթե շատ-շատերը չեն գիտակցում, թե ինչ է նշանակում պարտադրանքով կուսակցության անդամ դարձնելը, ես դա շատ լավ եմ գիտակցում, դա նշանակում է՝ հակառակ ռեակցիան է տալու: Եթե երիտասարդին ստիպես, նա կկորցնի իր արժանապատվությունը, չի կարողանա սկզբունքային քաղաքացի դառնալ, նա պետք է ազատ լինի իր մտածողությամբ, որպեսզի նրա մոտ սկզբունքայնություն ձեւավորվի, այլապես ստորացուցիչ, ստրուկի հոգեբանությամբ չենք կարողանա նորմալ քաղաքացիներ ուենենալ»,- այսպես մեկնաբանեց ռեկտորը: Ըստ նրա՝ եթե փորձես մտավորականին ասել՝ սա սեւ է, ինքը անպայման դեպի սպիտակը կգնա, որովհետեւ հոյակապ գիտի, որ դա սպիտակ է:

Ռեկտորը մանկավարժական ֆակուլտետի 70-ամյա դեկանի կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի ուզում տեսնել: «Եթե դա քաղաքականության հետ կապ ունենար, գուցե նրան կալանավորեին ինստիտուտում, ոչ թե փողոցում եւ ոչ՝ կիրակի օրը, աշխատանքային օր կլիներ, քննական շրջանի ընթացք կլիներ, բայց քննական շրջանի ընթացքն ավարտվել է, մեկ-երկու կուրս են մնացել: Դեպքը շատ ցավալի է եւ պատիվ չբերող մեր բուհին. 77 տարվա ընթացքում նման միջադեպ չի եղել մեր բուհում»: Մենք Վարդեւան Գրիգորյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հնարավոր, որ դասի չհաճախող ու դասախոսին կաշառք առաջարկող ուսանողը գնա ոստիկանություն ու գործ տա դասախոսի դեմ, եւ ինչո՞ւ ձերբակալված չէ կաշառք տվողը:

«Նախ ասեմ՝ ռեկտորի կաբինետը բաց է ինչպես աշխատողների, այնպես էլ ուսանողների համար, երեւի ուսանողների համար շատ ավելի բաց է: Չի եղել մի դեպք, որ տեսնեմ՝ ընդունարանում մի ուսանող է կանգնած, ու հանկարծ ես չընդունեմ, չլսեմ, մինչեւ վերջ հետամուտ չլինեմ հարցերի պարզաբանմանը, որովհետեւ ոչ բոլոր դեպքերում են ուսանողները մեղավոր: Ցանկացած հարց օբյեկտիվորեն լուծվել է, ուսանողը գիտի, որ իր ամենալավ հենարանը ռեկտորն է»,- ասում է Վ. Գրիգորյանը: Ըստ մեր զրուցակցի՝ նորմալ քննաշրջան կազմակերպելու համար քննաշրջանի ընթացքում փողոցից ոչ մեկին թույլ չեն տվել ելումուտ անել, ուսխորհրդին լիազորել են մտնել լսարաններ, լսել քննությունները, ֆիքսել բողոքները, իսկ քննություններին, որպես կանոն, ներկա է գտնվում ամբողջ կուրսը, մեկը լսում է մյուսի պատասխանը: «Ես մեր Քրեական օրենսգրքին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ կաշառք տվողն էլ պիտի անպայման պատժվի, բայց, ամենայն ազնվությամբ, չէի հավատում Մկոյան Արտաշեսից, նա 45 տարուց ավելի աշխատում է այստեղ, մեր ինստիտուտի շրջանավարտ է, որբ մեծացած, շատ կիրթ մարդ է, ունի հրաշք ընտանիք»,- տեղեկացրեց ռեկտորը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829