Լրահոս
Օրվա լրահոսը

Խզմալյանն Ազնավուրից խնդրում է իր տուն-թանգարանը

Փետրվար 02,2012 14:09 Share

Հայաստանի Ազգային հերոս,

Շվեյցարիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան տիար Շարլ Ազնավուրին

 

Պատվարժան մաեստրո

Օրերս Ֆրանսիայի Սենատի կողմից օրինականացված Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը ոչ միայն արդարության ու քաղաքակրթության հաղթանակ է, այլեւ հայկական կազմակերպությունների ու անհատների տեւական պայքարի արդյունք, որի մեջ անգնահատելի է նաեւ Ձեր ներդրումը։ Սակայն այդ նույն քաղաքակրթական արժեքները՝ խոսքի ու հավաքների ազատությունները, որոնք հնարավոր են դարձնում  արդարության հաստատումն ընդհանրապես, ցայսօր Հայաստանում մնում են բանտարկված:

Հայաստանում իշխանության եկած հակաժողովրդական ռեժիմը այսօր ձգտում է կեղծիքների եւ ճնշումների միջոցով հերթական անգամ բեմադրել «ընտրություններ» կոչվող կատակերգությունը,  ապահովելով իր վերարտադրությունը, ինչի հետևանքով երկիրը կքվելու է ավելի մեծ արտաքին պարտքի տակ, կտրուկ մեծանալու է արտագաղթը, և Հայաստանին սպառնում է էկոգաղութացման բնապահպանական մեծ աղետ։

Քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նախաձեռնությունների, դիմադրական շարժումների և խմբերի բոլոր փորձերը որոշակի ձևով շտկելու ստեղծված իրավիճակը, ժողովրդին իրազեկելու գոյություն ունեցող վտանգների մասին, անցկացնելով հանրային քննարկումներ, հավաքներ, բախվում են իշխանությունների կողմից ստեղծված անվերջ խոչընդոտների, դահլիճներ չտրամադրելու միջոցով,  ինչպես նաև իշխանության հետ սերտաճած օլիգարխներին պատկանող լրատվամիջոցների ու հեռուստատեսությունների միջոցով իրականացվում է տեղեկատվական շրջափակում: Նշված արգելքները ուղղված են հատկապես «Սարդարապատ» նախաձեռնության դեմ։

Առկա պայմաններում  դիմում եմ Ձեզ խնդրանքով և առաջարկությամբ` իշխանությունների կողմից հատկացված Ձեր անվան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար, ապահովելով այնտեղ խոսքի եւ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները ու վերածելով այն իրական ազատ խոսք հնչելու տարածքի, ինչպես հարիր է Ձեր անվանն ու համաշխարհային համբավին:

Սիրով և հարգանքներով`

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829