Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի ազատությո՞ւն, թե՞ անպատժելիություն. որտե՞ղ է անցնում կարմիր գիծը

Հունիս 26,2026 16:08 Share

Մի կողմից՝ սեփական կարծիքն անկաշկանդ բարձրաձայնելու ու իշխանություններին քննադատելու բացարձակ հնարավորություն, մյուս կողմից՝ ատելության խոսք, ֆեյք նյուզ ու թունավոր մթնոլորտ։ Խոսքի ազատությունը երբեք չի եղել և չի կարող լինել անսահմանափակ բոնուս։ Ժամանակակից աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն ունի սեփական հարթակն ու ձայնը, ամենասուր հարցը դարձել է ոչ թե «ինչպե՞ս խոսել», այլ «որտե՞ղ կանգ առնել»։

Այս հարցը հատկապես արդիական է Հայաստանում, որտեղ վերջին տարիներին ակտիվացել են քննարկումները խոսքի ազատության, ատելության խոսքի, ապատեղեկատվության և քաղաքական պատասխանատվության շուրջ։

Ազատ արտահայտվելու հնարավորությունն այսօր բախվում է լուրջ մարտահրավերների, որոնցից առաջնայինը սոցիալական մեդիայի տրամադրած անսահմանափակ հարթակներն են։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեդիան ունի երկսայրի ազդեցություն։

«Սոցիալական մեդիան բոլորին ձայն է տվել, բայց միևնույն ժամանակ դարձել է ֆեյք լուրերի, ապատեղեկատվության, վիրավորանքի և հայհոյախոսության տարածման հարթակ» ,- նշում է փորձագետը։

Այս ամենաթողությունը հաճախ վերածվում է ավելի վտանգավոր երևույթի՝ ատելության խոսքի, որի ազդեցությունը մարդկանց գիտակցության վրա շատ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը ընդգծում է, որ խոսքի ազատության և ատելության խոսքի միջև սահմանը հաճախ անցնում է այնտեղ, որտեղ խոսքը սկսում է վնասել այլ մարդկանց իրավունքները կամ ստեղծել թշնամանքի ու բռնության համար նպաստավոր միջավայր։

Կարապետյանն ընդգծում է. «Ատելության խոսքը կարող է ուղղակիորեն բռնության կոչ չպարունակել, սակայն այնպիսի խոսույթ ստեղծել, որը մարդկանց երևակայության մեջ նորմալացնում է բռնությունը կամ խտրական վերաբերմունքը այլ անձանց նկատմամբ»։

Նրա կարծիքով՝ վտանգավոր կարող են լինել ոչ միայն բացահայտ բռնության կոչերը, այլ նաև այնպիսի արտահայտությունները, որոնք հասարակության մեջ աստիճանաբար ձևավորում են թշնամանքի մթնոլորտ։

Որոշ գնահատականներով՝ Հայաստանում վերջին տարիներին հանրային քննարկումների դաշտն ավելի բաց է դարձել, քաղաքական տարբեր տեսակետներ ավելի հաճախ են հնչում, իսկ քաղաքացիներն ավելի ակտիվ են մասնակցում հանրային կյանքին։ Այս փոփոխությունը դրական է գնահատում Աշոտ Մելիքյանը.

«Բոլոր թերություններով հանդերձ՝ հետհեղափոխական շրջանում իրավիճակը շատ ավելի բարվոք է, քան նախորդ տասնամյակների ընթացքում»։

Մարիա Կարապետյանը ևս համամիտ է, որ Հայաստանում խոսքի ազատության ընդլայնումը տեսանելի է, քանի որ մարդիկ այսօր ավելի քիչ են վախենում բարձրաձայնել խնդիրների մասին և մասնակցել հանրային քննարկումներին։

Այդուհանդերձ, դաշտի ազատությունը դեռևս չի երաշխավորում դրա որակն ու արդարությունը։ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ներկայացնում է ավելի քննադատական տեսակետ՝ նշելով, որ խոսքի ազատությունը պետք է գնահատել ոչ միայն մարդկանց արտահայտվելու հնարավորությամբ, այլ նաև քաղաքական տարբեր ձայների համար հավասար պայմանների առկայությամբ։

«Խոսքի ազատությունը պարզապես ինչ ուզես ասելու կամ հայհոյելու ազատություն չէ․ դա նախ և առաջ քննադատող և հետաքննող մամուլ ունենալու հնարավորություն է», – հավելում է Խզմալյանը։

Նրա կարծիքով՝ ժողովրդավարական համակարգում կարևոր է, որ բոլոր քաղաքական և հասարակական խմբերը ունենան իրենց տեսակետները ներկայացնելու հավասար հնարավորություններ, ինչը կօգնի խուսափել մեդիայի վրա քաղաքական ազդեցություններից ու ապատեղեկատվությունից։

Որտե՞ղ է այս դեպքում ելքը, և ինչպե՞ս հասնել նրան, որ ազատությունը չոտնահարի դիմացինի իրավունքները։ Լուծումը պետք է փնտրել երկու հարթությունում՝ իրավական և անհատական պատասխանատվության։

Իրավական մակարդակում Աշոտ Մելիքյանը շեշտադրում է միջազգային չափանիշների կիրառումը, որոնք հստակ սահմանափակումներ են նախատեսում խտրականության, ռասիզմին կամ մարդու հիմնարար իրավունքների խախտմանը վերաբերող խոսքի դեպքում.

«Եթե կառավարությունը քաղաքական կամք ունի հաստատելու խոսքի ազատությունը որպես մարդու հիմնարար իրավունք, ապա իրավական ձևակերպումները գտնելը դժվար չէ։ Ավելի կարևոր է, թե այդ երաշխիքներն ինչպես են գործում գործնականում»։

Մյուս կողմից, կենսական է հանրային գործիչների, քաղաքական գործիչների և լրագրողների անձնական ու էթիկական պատասխանատվությունը, քանի որ նրանց խոսքը ազդում է հազարավոր մարդկանց վրա։ Պատասխանատու խոսքը չի նշանակում հրաժարվել քննադատությունից կամ լռել բարդ թեմաների մասին։

Մարիա Կարապետյանն առաջարկում է կարևոր մի բանաձև առողջ քաղաքական և հասարակական բանավեճի ձևավորման համար. «Պետք է թիրախավորել ոչ թե մարդուն, այլ նրա խոսքը կամ արարքը»։ Այս մոտեցումը թույլ է տալիս քննադատել գաղափարներն ու գործողությունները՝ առանց անձնական վիրավորանքների տիրույթ անցնելու։ Իսկ սովորական քաղաքացիների համար այս պայմաններում կենսական են դառնում մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և տեղեկատվության ստուգման հմտությունները։

Ազատությունը միայն խոսելու իրավունքը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ նպաստելու առողջ հանրային քննարկումների ձևավորմանը, հարգելու այլ մարդկանց իրավունքները և պահպանելու ժողովրդավարական արժեքները։ Ազատ խոսքն առավել արդյունավետ է այն ժամանակ, երբ այն զուգորդվում է պատասխանատվությամբ, հարգանքով և փաստերի նկատմամբ հավատարմությամբ։

 

Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։

 

Կարեն Կոլոսով, Հարություն Սարգսյան, Անի Ավանեսյան, Մարիամ Ասոյան, Անահիտ Ավագյան, Նունե Գրիգորյան, Էրիկ Մանուկյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930