Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Պուտինը թեժացրեց «կրակը»

Հունիս 03,2026 11:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

Կրեմլում դժգոհ են, որ Վաշինգտոնը «Թրամփի ուղի» է առաջ մղում, այլ ոչ թե «Պուտինի ուղի՞» 

Ռուսաստանն այն աստիճան սրեց ՀՀ-ԵՄ հարցը, որ Եվրամիությունը դատապարտեց Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը։ «Որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին եւ գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները», հայտարարել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։

«Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը եւ ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա», պնդել է ԵՄ խոսնակը՝ հավելելով, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին՝ «նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար»։

Մոսկվան սաստկացրեց դիրքորոշումը հատկապես վերջին երկու ամիսներին, ապրիլի 1-ին Փաշինյանի ռուսաստանյան այցից սկսած։

Կարծես, ՌԴ-ում որոշեցին, որ անմասն չեն մնալու Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից, Հայաստանի՝ ընտրություն կատարելու հրամայականի ձեւավորման գործընթացից՝ «հնարավորինս շուտ» հանրաքվե անցկացնել եւ կողմնորոշվել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ։

Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինն ասաց՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանը, մինչդեռ, հակադարձեց՝ Երեւանում գիտեն, որ երկու միությունների անդամակցությունը հնարավոր չէ: Ըստ նրա՝ այս պահին եղած օրակարգերը համատեղելի են: «Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն», հավելել էր նա: Փաշինյանը միաժամանակ ընդգծել էր՝ Մոսկվայի հետ Երեւանի հարաբերությունները երբեք չեն եղել եւ չեն լինի կասկածի տակ:

Սակայն Պուտինի պահանջի ձեւավորումը կամաց-կամաց զուգորդվեց ՌԴ-ի կողմից մի շարք սահմանափակումների կիրառմամբ հայկական խմիչքների, ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, ձկնատեսակի ներմուծման վրա։

Առաջին ծավալուն անդրադարձը, հիշեցնենք, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցներն էին՝ Փաշինյանի ապրիլյան այցից անմիջապես հետո։ Նա նախ արձանագրեց, որ Մոսկվային հուզում են Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի հեռանկարները. «Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը եւ ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը, լուրջ հարցեր են առաջանում դրանց ապագայի վերաբերյալ»: Օվերչուկը հստակ արձանագրեց, որ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, որը Ռուսաստանի համար դարձել է «թշնամական դաշինք»։ Փաստելով, որ դա հայերի իրավունքն է, միաժամանակ Օվերչուկը զերծ չմնաց զգուշացումներից՝ Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչները պետք է սթափ գնահատեն ԵՄ-ում ապրանքների վաճառքի հեռանկարները: Բացի այդ, Օվերչուկը զգուշացրեց՝ Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին խոսակցությունները կբարձրացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի աշխատանքի հարցը։

«Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե այն պահպանվի, պետք է մնա սեփական տնտեսության կարիքները սպասարկող ճանապարհ, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր շահը Հայաստանի, ինչպես նաեւ տարածաշրջանի բոլոր պետությունների հետ առեւտրի ավելացումն է, բայց եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, ելնելով փոխադարձության սկզբունքից, արդարացի կլինի հարցնել՝ եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկա լինել եւ վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկա լինել եւ վաստակել Ռուսաստանում», – նշեց նա։ Օվերչուկը նաեւ ասել էր՝ Ռուսաստանի բոլոր հարեւանները, նույնիսկ ԵՄ-ից, շահագրգռված են «Ռուսական երկաթուղիների» օգտագործմամբ, միայն Հայաստանն է հարցականի տակ դնում համագործակցության շարունակությունը:

Հիշեցնենք, Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը: «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», ասել էր նա:

Մոսկովյան այցից մեկ օր անց արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն անդրադարձավ հայկական երկաթուղու կառավարման թեմային:

«Քննարկումների իմաստը հետեւյալն է՝ մեր խնդիրը ձեւակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլեւ հակառակը՝ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որեւէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, եւ մենք միասին պետք է մտածենք, թե ինչ լուծում ենք գտնում», մանրամասնեց Փաշինյանը: «Ազատության» հարցին՝ հնարավոր լուծումը կարող է լինել այն, որ հայկական կողմը միակողմանի լուծարի պայմանագիրը, Փաշինյանը բացասական պատասխան էր տվել. «Այդ լծակն ունի Հայաստանը, բայց մենք չենք ծրագրում եւ չենք ուզում գնալ այդ ճանապարհով, լուծման քննարկումների ճանապարհով պետք է հանգել»:

Մոսկվան շարունակում էր՝ թեմա առ թեմա ներկայացնել այն դժբախտությունները, որոնք վրա են հասնելու Հայաստանի գլխին։

Օվերչուկը ապրիլի սկզբին ռուսական Առաջին ալիքի եթերում զգուշացրեց՝ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. «Եվրոպական Միության երկրների հետ հիմա ավիահաղորդակցություն չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա»։ Փոխվարչապետը նշել էր նաեւ՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երեւանի կողմից Եվրոպական Միության հետ մերձեցման վերաբերյալ ընդունված որոշման հնարավոր հետեւանքները։ «Գուցե շատ կոշտ է հնչում, բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա, քանի որ ընդունվել են Եվրոպական Միության հետ մերձեցման որոշումներ», – ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։

Արդեն մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հորդորեց Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, արագ որոշում կայացնել, որպեսզի Մոսկվայի հետ ապահարզանը «քաղաքակիրթ լինի»:

«Ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձեւակերպման հետ, որովհետեւ ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես էդ ձեւակերպման հետ համաձայն չեմ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որեւէ էդպիսի հարց դնել՝ նաեւ հանրաքվե, կանենք էն պահին, երբ որ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի», արձագանքեց Փաշինյանը, հավելելով, որ Երեւանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի. «Մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ, եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում, առանց լրացուցիչ նյարդի»:

Մայիսի կեսերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ այդպես Երեւանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր օգուտները։ Նա պնդեց, թե Արեւմուտքը ԱՊՀ այլ երկրների օրինակով փորձում է Հայաստանը իրեն ենթարկեցնել, «խզել ԱՊՀ-ում եւ ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առեւտրային, ներդրումային կապերը»։

Ակնհայտ էր, որ Ռուսաստանի կողմից խոսույթը սրելու ու կոշտ հայտարարությունների առիթը մայիսի սկզբին եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ երեւանյան միջոցառումներն էին, Ուկրաինայի նախագահի այցը Երեւան, նրա՝ երեւանյան հայտարարությունները: Այսինքն, առիթը՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններն են։ Մայիսի վերջին Աստանայում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն անգամ իրենց համատեղ հայտարարությամբ հարկ համարեցին մատնանշել. «հաշվի առնելով Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունները, այդ թվում 2025թ. «Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի՝ Ազգային ժողովի հավանությանն արժանանալը եւ նախագահի կողմից ստորագրվելը, ինչպես նաեւ Եվրոպական միության կողմից ՀՀ Կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը՝ արտահայտված Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովի արդյունքներով 2026թ. մայիսի 5-ին ընդունված համատեղ հռչակագրում…»։

Հանուն արդարության արձանագրենք, որ ԵՄ-ին «Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի՝ Ազգային ժողովի հավանությանն արժանանալուց հետո, անգամ այս գործընթացի հեղինակները չէին հիշատակում այդ թեման, քանի որ նրանց համար էլ էր ակնհայտ, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, առճակատման գնալու մտադրություն չունեն։ Հետաքրքրականն այն է, որ հիմա արդեն, երբ Մոսկվան թեժացրել է այդ թեման, այդ ուժերը սկսել են հիշել, որ այդ իրենք էին հեղինակել այդ գործընթացի մեկնարկը։

Այսինքն, Ռուսաստանն իր գործողություններով նպաստեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից «հանդարտ» ռեժիմում պահվող հարցը՝ դառնա Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման՝ ԱԺ ընտրություններից առաջ։

Այստեղ հարկ է հիշեցնել որոշ իրադարձությունների քրոնոլոգիա, որը կփաստի, որ Հայաստանում եվրոպական ինտեգրման կողմնակիցները, ցավոք, չեն ընկալվում որպես իրապես ազդեցիկ ուժեր, այդ ուժերից որոշներն այսօր անգամ 40-50 հոգանոց դահլիճ լցնելու խնդիր ունեն, սակայն հանդես են գալիս «ընդդիմափոխության» դիրքերից։

2025թ. մարտի 30-ին Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղի ունեցան ավագանու արտահերթ ընտրություններ, որոնցում մասնակցած «Եվրաքվեն» պարտվեց, այն դեպքում, երբ կառավարությունն այդ տարվա հունվարին հավանություն էր տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Հենց այդ փուլում այդ ուժերի վարկանիշը պետք է որ ամենաբարձրը լիներ, քանի որ նրանք ներկայացնում էին, թե իբր իրենց աշխատանքի շնորհիվ է, որ իշխանությունները գնում են ԵՄ-ի հետ մերձեցմանը: Հիշեցնենք, որ «Եվրադաշինքի» կազմում էին՝ Արամ Սարգսյանի առաջնորդած` «Հանրապետություն» կուսակցությունը, Տիգրան Խզմալյանի ղեկավարած` «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» եւ Արման Բաբաջանյանի ղեկավարած` «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։

Իսկ գործընթացը, հիշեցնենք, մեկնարկել էր 2024-ից, երբ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախագիծ շրջանառվեց, աշնանը Հայաստանում ստորագրահավաք տեղի ունեցավ. հոկտեմբերին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի ընդունման համար ստորագրահավաք նախաձեռնած խումբը հայտարարեց, որ հավաքվել է անհրաժեշտ թվով ստորագրություն, 50,000-ի փոխարեն 60,000։

Այսինքն, իշխանությունների բացահայտ աջակցության պայմաններում էլ Գյումրիում այդ ուժերը պարտվեցին, որն առանձնապես անսպասելի փաստ չէր այդ ուժերի համար։ Նրանց ակնկալիքներն ավելի համեստ էին՝ ընդամենը երրորդ փոխվարչապետի ինստիտուտի ստեղծում էին սպասում ՀՀ իշխանության կողմից, որն այդ ուժերի համոզմամբ` պիտի զբաղվեր ԵՄ ինտեգրման հարցերով։ Մասնավորապես, Արտակ Զեյնալյանը երրորդ փոխվարչապետի ինստիտուտի ստեղծման իրենց ակնկալիքի մասին հրապարակային խոսել է իր հարցազրույցներում: Սակայն իշխանության համակրանքի պայմաններում անգամ այս ուժերի այդ ցանկությունն էլ իրականություն չդարձավ։ Իսկ նրանց հետագա համագործակցության անհնարինությունը խորհրդարանական ընտրություններում արդեն մեկ այլ խոսուն ապացույց էր, որ անգամ նրանց ներսում միմյանց նկատմամբ հանդուրժողականություն չկա։

Ինչեւէ, հիշեցնենք, որ 2025թ. հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել մի քանի ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ Բայց Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ Փաշինյանը նաեւ արձանագրեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու եւ զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձեւավորել ընտրանքներ։ Այնուհետեւ ԱԺ-ն մարտի 26-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը: Իսկ ԱԺ-ի կողմից ընդունումից հետո ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ՀՀ նախագահը ստորագրեց 2025թ. ապրիլի 4-ին։

Արդեն մի քանի ամիս է՝ Ռուսաստանի իշխանությունների ջանքերի շնորհիվ Հայաստանի եվրոպական ապագայի օրակարգը թիվ մեկ խնդիրն է։ Կրեմլի «դարակներում» մոռացված՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած, ԱԺ-ի կողմից ընդունված, ապա՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրված ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի գործընթացը ռուսական կողմն արհեստականորեն դարձրեց առիթ՝ Հայաստանի հետ «քաղաքակիրթ ապահարզանի» թեմայի շրջանառման համար։

Հետեւաբար, մնում է հասկանալ, թե ո՞րն է Պուտինի իրական ակնկալիքը Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարի հայաստանյան կարճատեւ այցից, հայ-ամերիկյան փաստաթղթերի ստորագրումից հետո։

Իսկ գուցե Կրեմլում դժգոհ են, որ Վաշինգտոնը «Թրամփի ուղի» է առաջ մղում, այլ ոչ թե «Պուտինի ուղի՞»…

Չէ՞ որ հայաստանյան քաղաքական ուժերը փաստացի դեմ չեն «ԹՐԻՓՓ»-ին (ինչպես եւ պաշտոնական Մոսկվան 2025թ. օգոստոսի վաշինգտոնյան համաձայնություններից ու փաստաթղթերի ընդունումից անմիջապես հետո «ԹՐԻՓՓ»-ն ընդունելի համարեց)։ Նրանք պարզապես դեմ են՝ ամերիկյան ներկայությանը, սակայն միեւնույն ժամանակ ընդունելի են համարում նույն նախագծով՝ ռուսական ներկայությանը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930