Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի գյուղերում խեղդամահ են լինում անգամ ձիերն ու էշերը

Փետրվար 14,2012 22:27

Արթիկի ու Աշոցքի շրջանի գրեթե բոլոր գյուղերում արտակարգ իրավիճակ է, սառնամանiքի պատճառով ջրազրկվել են տասնյակ համայնքներ, բանը հասել է  նրան, որ որոշ գյուղերում, օրինակ` Հովտաշենում, ձյուն են հալեցնում խմելու համար, Վարդաքարում էլ բնակիչների  համար ստորգետնյա հորերից ջուր կրող էշերն ու ձիերն են արդեն խեղդամահ լինում: Իսկ Լանջիկում այսօր բողոքի ակցիա էր, չնայած  դաժան ցրտին` բնակիչները գյուղամեջ են ելել ու  ջուր պահանջել:

Իսկ այսօր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պաշտոնյաները մայրաքաղաքից ժամանել էին Շիրակի մարզ` գյուղապետերին համոզելու, որ իրենց հետ պայմանագիր կնքեն ու սպասարկման հետ կապված  բոլոր հարցերը իրենց կառույցի հետ լուծեն: Փոխարենը «Հայջմրուղկուղին» խոստանում է ներդրումներ կատարել, ներքին ցանց ստեղծել, որակ ապահովել: Ըստ նրանց, Շիրակի մարզում միշտ կասկածելի բաղադրությամբ ջուր են խմել, չվարակազերծված, քանի որ քլորակայան չկա, իսկ առողջապահության նախարարությունը միշտ իր պաշտոնական գրություններով արգելել է այս մարզի ջուրը խմել: Հիմա, որպեսզի այս հարցերը լուծվեն, «Հայջրուղկոյուղին» առաջարկում  է իր ենթակայության տակ մտնել: Սակայն սպասվածին հակառակ` շիրակցի գյուղապետերը բառի իսկական իմաստով  խայտառակեցին «Հայջմրուղկոյու» պաշտոնյաներին,  նրանց տարիների անգործությունը երեսով տվեցին:

Սկզբում նստած տեղից ելույթ ունեցավ Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը, ով անխնա քննադատեց Ջրմուղին, քաղաքավարի նրանց փող շորթող կազմակերպություն անվանեց: Հառիճի գյուղապետը դժգոհեց, որ թեև գյուղը ջրի գերավճար է տվել, բայց ջրի խերը չի տեսել: «Դատի են տալիս` ջրի փող են հավաքում, մի հատ չեն ասում` ջուր ապահովենք, գյուղը խեղդամահ է լինում, մի կաթիլ ջրի երես չենք տեսնում»,- ասաց գյուղապետը: Վերջինս ավելի  զայրացավ` «Հայջրմուղկոյուղու» ներկայացուցչից  լսելով, որ ինքը «վաղնջենական» ժամանակներից 6մլն 270 հազար դրամ պարտք ունի: «Ես ձեզ ասում եմ` գյուղը ջրի գերավճար ունի, դուք պարտք եք գովերգում, ասում եմ ` սա գրած, սարքած թիվ է»,-հունից ելավ գյուղապետը:

Ու այսպես բոլոր գյուղապետերը սկսեցին հերթով ելույթ ունենալ. բոլորի թեման նույնն էր` ջրմուղը մինչև օրս ի՞նչ է արել, որ նրան վստահենք: Դժգոհեցին թե Սառնաղբյուրի, թե Մեծ  ու Փոքր Մանթաշների , Նոր Կյանքի, Վարդաքարի, Տուֆաշենի , Անուշավանի գոյւղապետերը: Այնպիսի ըմբոստ ելույթներ էին հնչում, որ Ջրմուղի պաշտոնյաները մի պահ կարկամեցին: Մի քանի անգամ լսելով, որ «Հայջրմուղկոյուղին» ցանկություն ունի վտանգավոր ջրի որակը բարելավելու, Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը  տեղից բղավեց. «Էն ջուրը, որ ասում եք` ոչ հիգենիկ  է, գոնե դա մեզ տվեք»:

Մի խոսքով, պարզ դարձավ, որ ոչ միայն սառնամանիքին, այլ ամռանն էլ է խայտառակ վիճակ Շիրակի գյուղերում: Ըստ գյուղապետերի,   անասուններն անգամ  21-րդ դարում ջրախեղդ են լինում, հերթով սատկում են: Անուշավանի գյուղապետ Երվանդ Հակոբյանը ասաց, որ Ջրմուղը իր համայնքում անելիք չունի, իզուր իրենց գյուղ մտնելու փորձեր թող չանի`ղեկը նրանց ձեռքը տվողը չեն:  Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանն էլ  հավելեց, որ Ջրմուղի խերը 15 տարի չի տեսել, ջուրը հորերից են կրում` էշերով, ձիերով, հիմա էլ սահնակներով: Ըստ գյուղապետի` Վարդաքարի 900 բնակիչն ու 800 անասունը ոտքի վրա ծարավ մեռնում են: Ի պատասխան գյուղապետերի` «Հայջրմուղոկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Լևոն Գյումիշյանն էլ  նրանց հանգստացնում էր, թե սա զարգացող երկիր է, հո պետությունը չպիտի՞ ընկնի գյուղ առ գյուղ ու ջրամատակարարման որակի բարելավման համար փող բաժանի , դա պիտի անի մասնագիտացված կազմակերպության միջոցով, իսկ այդ կազմակերպությունը իրենք են:

Մեզ հետ զրույցում էլ պաշտոնյան, համաձայնելով, որ սպասարկումը իրոք վատ է  եղել, տեղեկացրեց, որ «Հայջրմուղկոյուղու» կառավարումը 2005թ.-ին մրցույթով հանձնվել է միջազգային կառավարիչի, որն էլ Ասիական զարգացման ու եվրոպական բանկերի միջոցով ներդրումներ է կատարում: «Դուք պատկերացնո՞ւմ եք, ասենք, հարյուր ընտանիք մի գյուղում, որն ինքուրույն ջրամատակարարում է իրականացնում, ոչ մի հսկողություն պետությունը չունի, նույնը առողջապահական մարմինները, դրա համար  էլ պետությունը շահագրգիռ  է մասնագիտական կառույցի հանձնելու», -ասաց Ջրմուղի պաշտոնյան: Գյուղապետերն էլ հյուրերին ցտեսություն ասելիս` խայթում էին` բա մինչև օրս բնակչության առողջության մասին ինչո՞ւ չէին մտածում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829