Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Հայ-ամերիկյան հարաբերությունները բազմազան են եւ բազմաբովանդակ»

Փետրվար 26,2012 10:11

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 25-ին տեղի է ունցել «Ա-ից Ա. (Հայաստանից (Արմենիայից ) ԱՄՆ) Հարմոնիայի աշխարհ» խորագրով համերգ: Այն ներկայացնում էր Հայաստանի և ԱՄՆ-ի 8-ից 14 տարեկան երեխաների համատեղ ստեղծագործությունները`իրենց տեսակի մեջ եզակի երաժշտական կոմպոզիցիաներ:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման խորհուրդը ներդաշնակությունն է, ինչը ես տեսնում եմ նաև հայ-ամերիկյան հարաբերություններում: Գնահատելով երկկողմ հարաբերությունները` ինձ համար շատ տպավորիչ ձևակերպում տվեց ԱՄՆ-ի  դեսպանը. հայ-ամերիկյան հարաբերությունները վերելք են ապրում  և, ըստ դեսպանի, դրանք երբևէ չեն գտնվել այնքան բարձր մակարդակում, ինչպիսին  գտնվում է նախագահներ` Օբամայի և Սարգսյանի օրոք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ այսօր երկու երկրների հարաբերությունները բազմազան են և բազմաբովանդակ և իրենց մեջ ներառում են մարդկային գործունեության բոլոր ոլորտները` սկսած տնտեսական ոլորտից, վերջացրած քաղաքացիական հասարակության ձևավորման գործում տեխնիկական և ֆինանսական օժանդակությունից: «Մենք կարևորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման և Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Մենք լի ենք վճռականությամբ` խորացնելու և ընդլայնելու մեր բարեկամական կապերը, որովհետև վստահ ենք, որ այդ կապերը նպաստելու են մեր ժողովուրդների  բարգավաճմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով  հայ և ամերիկացի ժողովրդին`երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

Համերգային նախագիծն իրականացվել է «Լույս» հիմնադրամի, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությամբ: Երաժշտական ստեղծագործություների դասերը վարել է հռչակավոր կոմպոզիտոր և նորարար Թոդ Մաքովերը:

Համերգում երեխաների ստեղծագործությունները կատարվել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի  և «Դոգմա» ռոք խմբի կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829