
Նիստի սկզբում դատարանում ներկայացվեցին գործով առանցքային վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքներով տեսաերիզները: Պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը, Ալվարդ Մնացականյանը եւ Լեւոն Պողոսյանը Արման Մնացականյանի տեսագրված նախաքննական ցուցումները համարեցին քննիչի ճնշմամբ գրված, ոչ արժանահավատ եւ դատարանին միջնորդեցին դրանք համարել անթույլատրելի ապացույց եւ չդնել կայացվելիք դատավճռի հիմքում:
Այնուհետեւ դատարանում ցուցմունք տվեց ավագ սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Արտակ Հովհաննիսյանը: Վերջինս Արտակ Նազարյանին համարեց «թույլ սպա», ում ամբաստանյալ երեք զինվորները ծաղրում էին: Վկան ասաց, որ իրենց ստորաժանումում «Ո» տառով մթնոլորտ էր»` նկատի ունենալով, որ գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը լեյտենանտ Արտակ Նազարյանի հետ ոչ կանոնադրական հարաբերություններ ուներ: Վկան ասաց, որ Արտակի զոհվելու օրը`2010թ. հուլիսի 27-ին «Բանակում» հեռուստասերիալի նկարահանող խումբը պետք է ժամաներ իրենց հենակետ, եւ այդ առթիվ իրենք նոր համազգեստ էին հագել:
Դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը հարցեր ուղղեցին Արտակ Հովհաննիսյանին: Դատարանում էլ մթնոլորտը խաղաղ չէր, վիճում էին պաշտպան Հրանտ Գեւորգյանը եւ դատավոր Սամվել Մարդանյանը: Պաշտպանը դատավորին հորդորեց չօժանդակել մեղադրողներին, իսկ դատավորն էլ պաշտպանին կոչ արեց «չափի մեջ մնալ»: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 6-ին:


















































