Երեկ «Ժառանգություն» կուսակցության համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գումարվեց «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարը։ Ու թեեւ դրան հրավիրված էին հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող բոլոր ուժերը, այդուհանդերձ, նրանցից ոչ բոլորն էին բարեհաճել ներկա գտնվել համագումարին: Չկային ո՛չ ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ո՛չ էլ ՀՀՇ-ականներ: ՀԱԿ-ից համագումարին ներկա էին առանձին կուսակցությունների առաջնորդներ՝ ի դեմս Արամ Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Պետրոս Մակեյանի:
Համագումարի բացման խոսքով հանդես եկավ կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, որին հաջորդեցին հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչների ողջույնի ելույթները՝ ՀՅԴ-ից՝ Վահան Հովհաննիսյանի, «Ազատ դեմոկրատներից»՝ Խաչատուր Քոքոբելյանի նաեւ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի ու նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի եւ այլոց:
Կարդացեք նաև
Համագումարում, ինչպես եւ ակնկալվում էր, ծավալուն ելույթով հանդես եկավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա երկրում առկա վիճակի համար մեղավոր համարեց բոլորին՝ իշխանությանը, քաղաքական ուժերին ու նաեւ հասարակությանը, որովհետեւ, նրա ասելով, հասարակության եւ պետական շահին համապատասխան միասնական օրակարգ երկրում առկա չէ:
Բանախոսը հատկապես կարեւորեց եւ փորձեց ըստ արժանվույն գնահատել Հայաստանում ծայր առած քաղաքացիական՝ բնապահպանական, հայոց լեզվի անաղարտության պահպանման եւ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկող, բանակին զինվոր տված եւ այսօր որդեկորույս մայրերի բողոքի շարժումները, որոնք նա գնահատեց որպես հանուն արդարության պայքար: «Սրանք անհրաժեշտ է զարգացնել, ո՛չ երբեք կուսակցականացնել, բայց նաեւ կուսակցություններին լծել միեւնույն աշխատանքին: Համակարգված, միահամուռ հասարակական շարժումը, ի վերջո, կբերի Հայաստանի ժողովրդավարացմանը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանի 20-ամյա կուսակցապետությունն էլ, ի վերջո, պետք է վերափոխվի սահմանադրական պահանջ հանդիսացող Հայաստանի Հանրապետության, որտեղ կառավարիչները հաշվետու են հասարակության առաջ:
Նա անհրաժեշտ համարեց, որ պետական պաշտոնյան «մի քիչ զուսպ լինի եւ ապրի հասարակ ժողովրդի պես, մինչեւ որ հասարակության անդամները կարողանան ոտքի կանգնել եւ մի քիչ մարդավայել ապրել: Հետո թող հարստանան, մենք էլ ուրախանանք»: Նաեւ անհրաժեշտ համարեց, որ Հայաստանի նոր իշխանությունը, «որը գալու է եւ գալու է ուժեղ եւ ամբողջական ձեւով, չի պահպանելու միայն մի կուսակցությունը, որն իրեն շփոթում կամ նույնացնում է պետական օրհներգի, զինանշանի եւ պետական սեփականության հետ»: «Անպայման չէ, որ ՀՀ կառավարությունը ոչ թափանցիկ որոշումների, վճիռների միջոցով միայն յուրայիններին տա առավելությունը՝ մոռանալով շարքային քաղաքացիների, նորմալ հայ մարդու հոգսերը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա խոսեց նաեւ աննպատակային օգտագործվող վարկերի մասին, որոնք շուտով կհատեն նաեւ վտանգավոր շեմը, եւ որոնք պետական պարտքի տեսքով ծանրացել են քաղաքացիների ուսերին:
«Ժառանգության» առաջնորդն ասաց, թե երկրում առկա վիճակը հրամայական է դարձնում իշխանափոխությունը: «Այսինքն՝ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության համադրման միջոցով պետք է ոչ միայն ձեւավորվի իշխանափոխության նպատակ, այլեւ պետք է համակարգի որակը փոխվի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խոսեց նաեւ ընտրությունների ու մասնավորապես ընտրական համակարգի մասին՝ նկատելով, թե զարգացած ժողովրդավարության համար մեծամասնական ընտրակարգը, որի դեմ հանդես են գալիս հայաստանյան ընդդիմադիր ուժերը, գուցե արդարացված է: Բայց ներկայիս Հայաստանում, նրա ձեւակերպմամբ՝ «հենց իշխանությունների խոստովանությամբ, դա եղանակ է ստրկատիրական, ֆեոդալական կարգեր իրացնելու համար եւ ընտրական փուլ մտնելու՝ 41-ը 0-ի դեմ առավելությամբ»:
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց իշխանությունների այն պնդմանը, թե՝ 100 տոկոսանոց համամասնական համակարգը հակասում է մեր երկրի Սահմանադրությանը: «Այսպես ասող իշխանությունը թող մի հատ մտածի, թե այսօր քանի՞ հարյուր հազար ՀՀ քաղաքացիներ զրկված են իրենց իրավունքից՝ պետության ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»,- նկատեց Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով նոր Ընտրական օրենսգրքով սահմանված այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները իրավունք չեն ունենալու համապետական ընտրությունների ժամանակ քվեարկել, իսկ ահա օտար երկրներում գտնվող մեր դիվանագետները կարող են քվեարկել էլեկտրոնային փոստով։ «Մարդը կամ քաղաքացի է, կամ քաղաքացի չէ, իսկ ի՞նչ է նշանակում եւ ինչպիսի՞ արհամարհանք է սեփական Սահմանադրության եւ ինքնիշխանության հանդեպ, երբ օտար երկրներում գտնվող քաղաքացին չի կարող իրացնել իր իրավունքը, այցելել ՀՀ դեսպանատուն, որը ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ քվեարկել այնտեղ։ Ո՞վ է խոսում մեր հակասահմանադրական նախաձեռնության կամ սահմանափակումների մասին։ Սա ի՞նչ խտրականություն է։ Մենք բոլորս գիտենք, թե այդ հարյուր հազարավոր չքվեարկողների քվեները ինչի համար են օգտագործվելու հետո»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերություններին, բայց ամենաուշագրավը նրա ելույթի՝ ԼՂ-ին վերաբերող հատվածն էր: Նա հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքները կուսակցության համար անընդունելի են, եւ ՀՀ-ն պետք է սկսի շարժվել որպես ինքնիշխան, ազգային պետական կառույց։ «Բայց առաջին հերթին Արցախն ինքը պետք է որոշի, թե ինքն ինչ է ուզում։ Արձանագրելով, որ անկախության հանրաքվեն Արցախի ժողովրդի կայացրած վճռի արդյունքն էր, որն արվեց միջազգային նորմերի սահմաններում, հաղթեց նախահարձակ Ադրբեջանին, բայց հիմա ինքը պետք է որոշի, թե ինչ է ուզում։ Արդյոք արցախյան հարցը միայն ցատկահարթա՞կ է, որ Ստեփանակերտի ազգընտիր ղեկավարները գան Երեւան, արժանանան Երեւանին։ Որովհետեւ եթե այդպես է, եթե Արցախը ինքը իրեն չի պաշտպանում իր էությամբ, իր դիվանագիտական զինանոցով մարտադաշտում վաստակած հաղթանակը, եթե ինքը, միայն ինքը միջնորդ է ավելի մեծ տեղեր հասնելու համար՝ թող հիմա որոշի, որ ինքը Հայաստանի մարզ է, ինչպես շատերը մտածում են, եւ թող Արցախի բոլոր քաղաքացիները ընտրեն եւ ընտրվեն Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ թե նրանցից միայն մի քանիսը։ Թող որոշի, բայց ես՝ որպես նախկին արտգործնախարար, ինչպես մյուս նախարարները, տարբեր շեշտադրումներով միշտ էլ ասել ենք, որ Արցախն արժանի է ճանաչման՝ իր անկախությամբ եւ ամբողջականությամբ, բայց Արցախն ինքը պետք է որոշի այդ հարցը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս իր ելույթն ավարտեց նրանով, որ ողջունեց նաեւ իր գլխավորած կուսակցության համագործակցությունը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ եւ հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը երկարատեւ եւ կայուն հեռանկար կունենա, նաեւ ըստ արժանվույն գնահատեց համագործակցությունը ՀՅԴ-ի հետ: Նա ակնարկեց, թե ընդհանուր եզրեր կան նաեւ արտախորհրդարանական ընդդիմության, այդ թվում՝ նաեւ ՀԱԿ-ի հետ համագործակցելու համար: Իր ելույթը Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց նրանով, որ հայտարարեց, թե՝ «մենք միասին սարեր ենք շարժելու, քանի որ սա մեր հայրենիքն է»:
Համագումարն ընդունեց նաեւ բանաձեւ, որը կարող եք կարդալ այստեղ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































