«Ես իմ կյանքը չեմ կապի միայն դեպքի հետ: Դրանցից անցել է մոտ 10 տարի: Այսինքն՝ դեպքը, իհարկե, շատ խայտառակ պատմություն էր, բայց չեմ կարծում, որ այդ դեպքն այսօր պետք է դեր խաղա իմ հարաբերությունների առումով այս կամ այն պաշտոնյայի հետ, որն այն ժամանակ այս կամ այն պաշտոնական դիրքն էր զբաղեցնում»,- Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը, ում ժամանակին Դուք մեղադրել եք Արտաշատում Ձեր
նկատմամբ կատարված մահափորձի մեջ, ինչպե՞ս եք պատկերացնում համատեղ աշխատանքը նույն թիմում, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով. «Ուղղակիորեն նման մեղադրանք անձամբ իմ կողմից եւ անձամբ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ չէր հնչել: Ես մեղադրեցի իշխանություններին, ընդհանուր առմամբ, ովքեր թույլ տվեցին, որպեսզի այդ դեպքը տեղի ունենա: Փաստորեն, տեղի ունեցավ դատավարություն, բացահայտվեցին մեղավորները եւ այլն, դատական վճիռ գոյություն ունի»:

«Ես այն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ, որ՝ այո, Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը պետք է թույլ տար որպեսզի բոլոր ուժերն անցկացնեին այնպիսի քարոզարշավ, որպեսզի ապահովեր բոլորի անվտանգությունը: Քարոզարշավի ժողովրդավարական անցկացման բոլոր հնարավորությունները պետք է նախագահի վերահսկողության տակ լիներ: Այդպես չեղավ: Մենք պայքարում էինք ժողովրդավարության համար, մեր ազգային ինքնության եւ նպատակների համար: Այդ պայքարն այսօր շարունակվում է, եւ այդ պայքարն այսօր շարունակելու համար մենք ընտրել ենք այս տարբերակը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը՝ հիմա, տարիների հեռվից, կարելի՞ է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանը նույնպես Ռոբերտ Քոչարյանի իշխանության զոհն էր, պարոն Բաբուխանյանը արձագանքեց. «Ես չեմ ուզում զոհերի, տուժվածների դասել մեր քաղաքական ու պետական գործիչներին: Ես, ընդհանրապես, «զոհ» բառը տվյալ դեպքում որեւէ առնչությամբ չէի օգտագործի: Երկրում կար մեկ նախագահ, այն ժամանակ այդ նախագահը վարում էր իր քաղաքականությունը: Հիմա՝ երկրում այլ նախագահ է, վարում է իր քաղաքականությունը: Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությանը մենք հիմնականում ընդդիմանում էինք, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, որը այսօր ակնհայտ է ինչ ուղղությամբ է տարվում, մենք այդ քաղաքականությանն աջակցում ենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































