Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Ապրիլ 09,2012 13:54

Դեռևս 1933 թվականին, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 48 շենքը հատկացվել է հորս ընտանիքին: Շենքին կից տարածքը զուրկ է եղել մի թիզ հողից, որովհետև այն զբաղեցրել է քաղաքի կենտրոնով հոսող Վարարակն գետի 6-7 մետր խորությամբ ձորը: 1953թ.-ից 1958թ.-ն ընկած ժամանակաշրջանում, հորս և իմ նախաձեռնությամբ ֆիզիկական ահռելի աշխատանքի և զգալի նյութական միջոցների ներդրմամբ, ձորի հողալցման, բարեկարգման, դրենաժավորման միջոցով ստեղծել, վերականգնել ենք շուրջ 8500ք.մ. հողատարածք, անցկացրել ոռոգման ջուր, և այն թողել հարևան 18 տնատիրությունների մշակմանը: Այդ տարածքից` 900ք.մ. կանաչապատված, ցանկապատված, ծառապատված, պտղատու այգի դարձված հողատարածքը    արդեն 50 տարուց ավելի է տիրապետում, օգտագործում և մշակում եմ ես: Այնուհետև հողատարածքին զուգահեռ շուրջ 200 մ երկարությամբ բացել, բարեկարգել եմ նոր փողոց, որի համար Հայաստանի Պետշինի և Գորիսի քաղսովետի գործկոմի կողմից ստացել եմ գրավոր շնորհակալություն:

1985թ.-ին Հայաստանի կառավարության որոշմամբ, 8500ք.մ. տարածքը ճանաչվել է տնամերձ հողատարածք և փողոցի հետ միասին թույլատրվել մտցնել քաղաքի գլխավոր հատակագիծ: Հետագայում, բոլոր 18 հողակտորները Գորիսի քաղաքապետարանի կողմից սեփականաշնորհվել են հօգուտ կից տնատիրությունների կամ էլ, իրենց ձեռնտու շահագրգիռ անձնավորությունների, բացի իմ կողմից օգտագործվող հողատարածքից, քանզի այդ հողատարածքը անձեռնամխելի է թողնվել  Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ` վերջինիս կամակատարը դառնալու պարտադրանքից հրաժարվելու, իմ կոմունիստական կուսակցության պատկանելության և քաղաքական հաշվեհարդարի արդյունքում: Ավելին, 20-րդ տարին է ընտանիքի անդամներով հալածվում, ահաբեկվում և հոգեբանական տառապանքի ենք ենթարկվում կոռումպացված, մաֆիոզ և հակաժողովրդական աշխատաոճով առաջնորդվող մարզի և Գորիսի չինովնիկների ճիրաններում:

Իմ կողմից օգտագործվող հողատարածքը զավթելու նպատակով` Գորիսի իշխանությունները գնացել են հնարավոր ամեն՝ կեղծիքների և ապօրինությունների: մասնավորապես, 1987թ-ից սկսած հորս և իմ կողմից 18 անգամ գրավոր դիմել ենք Գորիսի քաղաքապետարանին նշյալ հողատարածքը մեզ հատկացնելու խնդրանքով: Սակայն բոլոր դիմումներն էլ ոչ միայն անհիմն պատճառաբանություններով բանավոր մերժվել, այլև արհամարվել են և որևէ գրավոր պատասխան քաղաքապետարանից չեմ ստացել: Երեք անգամ փորձել եմ հարցը լուծել դատական ճանապարհով, սակայն քաղաքապետարանի կողմից դատարանին ներկայացված կեղծ տեղեկանքների պատճառով հայցադիմումները ընթացք չեն ստացել:

Ավելին, 2005թ.-ից սկսած, քաղաքի գլխավոր հատակագծում շենքի հողատարածքի սահմանային հատակագծերը պարբերաբար ակնհայտորեն կեղծվել են, ամեն անգամ ստեղծելով կամայական չափերով և իրարից տարբերվող հողատարածքի սահմանային գծագրեր` ելնելով տվյալ պահին իրենց անձնական շահերից: Իսկ 2010թ.-ի նոյեմբերին, առանց որևէ չափագրումներ անելու, քաղաքապետարանը կրկին կատարել է ակնհայտ կեղծումներ, իմ կողմից փաստացի օգտագործվող 900 քմ. հողատարածքը կադաստրի ստորաբաժանումում կամայականորեն ձևակերպել է որպես 420-ական քմ. երկու հողակտորների, «Անհայտ տնամերձ անօգտագործելի հողատարածքներ»  ձևակերպումով, և փոխված հասցեով մտցրել քաղաքապետարանի բալանս, ապա դրել աճուրդի` «անօգտագործելի հողամասեր»  ձևակերպումով:  Ամեն ինչ արվել է գաղտագողիության շղարշի տակ, որ ես չկարողանամ օգտվեմ օրենքով սահմանված իմ իրավունքներից, մասնավորապես ՀՀ Հողային օրենսգրքի 72 հոդվածով սահմանված` հողամասի նկատմամբ իմ նախապատվության իրավունքից:

ՀՀ Հողային օրենսգրքի սահմանված կարգի կոպիտ խախտումով  կայացած ձևական աճուրդով` հողատարածքներից մեկը սեփականաշնորհվել է Սյունիքի մարզպետի կնոջ եղբայր Մելիք Բարսեղյանին, երկրորդը` քաղաքապետարանի դալալին` վերջինիս մտերիմ ընկերոջը: Ընկերը, հաջորդ օրը նոտարական գրասենյակում 2մլն դրամով վաճառք է ձևակերպել Մելիք Բարսեղյանին` նրան դարձնելով 840քմ-ի սեփականատեր: Օրեր անց վերջինս հողամասը նվիրատվություն է ձևակերպել իր մորը, իսկ մայրն էլ 5 մլն դրամով վաճառել է Մելիք Բարսեղյանի զոքանչին:

Այսպիսով, կայացել է փաստացի գոյություն չունեցող չափերով երկու 420քառ.մ հողակտորների առքուվաճառք-սպեկուլյացիա` հետագայում իմ բողոքարկման դեպքում հնարավոր խոչնդոտներ ստեղծելու նպատակով:

Այսպիսով, սեփական բարօրության և հարստության նպատակով, Սյունիքի մարզպետի կողմից (Գորիս քաղաքի կամակատար պաշտոնյաների միջոցով), մարզի հերթական բնակչի նկատմամբ դաժանաբար և անողոքաբար իրականացվել է ակնհայտ զավթողական և ապօրինի գործողություն, պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում` ապավինելով իր նկատմամբ ձևավորված անպատժելիության մթնոլորտին:

2011թ. ապրիլից սկսած՝ Մելիք Բարսեղյանը շքախմբով, ոստիկանության աշխատողների ակտիվ մասնակցությամբ պաշարել են հողատարածք-այգին`սպառնալով ցաքուցրիվ անել` հերթական դղյակի շինարարությունը սկսելու համար, որոնց ահաբեկչությունից խուսափելու համար առ այսօր գրեթե գտնվում եմ տնային կալանքում:

2011թ-ի մայիսին հայցադիմում եմ ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Դատարանը դատաքննության ընթացում ցուցաբերել է ակնհայտ կողմնակալ վերաբերմունք, ոչ մի շահագրգռվածություն չի ցուցաբերել առանցքային կարևորություն ունեցող հարցերի պարզաբանմանը, ապացույցների հետազոտմանը և համադրմանը, չի անդրադարձել հողատարածքի հատակագծերը կեղծելու, շուրջ 18 դիմում-բողոքներ չքննարկելու և չպատասխանելու, «անհայտ տնամերձ» և «անօգտագործելի» հողատարածքներ  ձևակերպելու, շուրջ 20 տարի դիտավորյալ քաղաքապետարանի բալանս չմտցնելու հարցերին, չի բավարարել իմ կողմից ներկայացված հողամասի տեղատեսության միջնորդությունը և մերժել է հայցադիմումի միանգամայն արդարացված և ՀՀ օրենքների համապատասխան հոդվածների հիման վրա  ներկայացված պահանջները: Ավելին դատարանը ոտնահարելով իմ օրենսդրական իրավունքները, ակնհայտորեն կամայական մեկնաբանություններ է տվել ներկայացված օրենքների հոդվածներին:

Իմ իրավունքների նկատմամբ նման ապօրինի մոտեցում է ցուցաբերվել նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կոմից, որը նույնիսկ առաջ է անցել ընդհանուր իրավասության դատարանից` օրենքների վերոհիշյալ, այնպես էլ մի շարք այլ հոդվածների, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանոմ ապացուցված և չվիճարկված փաստերի վերաբերյալ իր զարմանալի, անբացատրելի և կամայական ձևակերպումներով:  Նույնիսկ առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստը հիմք չի ընդունվել և ավելին`հաստատված է համարվել դրան հակառակ փաստ: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ վերաքննիչ դատարանն ընդհանրապես ծանոթ չէր գործի նյութերին կամ դիտավորությամբ խեղաթյուրել է դրանք:

2012թ-ի մարտի 22-ին վճռաբեկ դատարանը առանց վարույթ ընդունելու` իմ վճռաբեկ բողոքը վերադարձրել է ինձ: Համոզված եմ, որ դա արվել է առանց ուսումնասիրելու իմ կողմից ներկայացված բոլոր հիմնավորումները, նախորդ դատարանների կողմից կատարված ակնհայտ խախտումների և օրենքների կամայական մեկնաբանումների վերաբերյալ իմ ներկայացրած ապացույցները:  Դրանով մի ավելորդ անգամ ևս ապացուցվել է, որ դատարանները արդարադատություն իրականացնելու մարմիններից վեր են ածվել հովանավորչության միջոցով հարցեր լուծելու մարմինների:

Այսպիսով, կարելի է փաստել, որ բոլոր դատարաններն էլ լիովին կատարել են մարզի տխրահռչակ «ամենակարողի» պատվերն ու կամքը` ակնհայտորեն ոտնահարելով իմ` ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները:  

Մեծարգո պարոն նախագահ,

Այնուամենայնիվ, հավատալով ՀՀ-ում օրենքի գերակայության վերջնական հաղթանակին, ինչպես նաև հիմնվելով այն հանգամանքի վրա, որ 2011թ-ի դեկտեմբերի 22-ին դատաիրավական համակարգի խնդիրներին վերաբերող խորհրդակցության ժամանակ Դուք կարևորել եք արդար դատավարությունների անցկացումը և անձանց ոտնահարված իրավունքերի վերականգնումը, խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան մարմիններին` հանգամանորեն ուսումնասիրելու մարզի և Գորիսի վերոնշյալ պաշտոնատար անձանց կողմից իմ նկատմամբ իրականացրած կեղծիքներն ու ապօրինությունները` դրանք վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Խնդրում եմ նաև Ձեր միջնորդությունը` ՀՀ ընդհանուր իրավասության, վերաքննիչ քաղաքացիական ու վճռաբեկ դատարանների կողմից շահարկվող հողատարածքի զավթման գործում ակնհայտ կողմնակալ և անօրինական որոշումների կայացման փաստը ուսումնասիրելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև վճռաբեկ դատարանի կողմից իմ բողոքը վարույթ չընդունելու որոշումը վերանայելու հարցում` վերականգնելու համար իմ սահմանադրական, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

 

Մարտին Մայսուրյան         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30