Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ արտառոց գործողություն, կարո՞ղ է տիեզերանավ իջեցներ»

Ապրիլ 18,2012 19:10

Ապրիլի 18-ին Իջեւանում տեղի ունեցավ  2010թ. հուլիսի 27-ի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը:

Այն կայացավ առանց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի եւ վերջինիս ներկայացուցիչներ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի: Նիստում շարունակվեց գործով վկա Գարեգին Սայադյանի հարցաքննությունը:  Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի  պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցին պատասխանելով՝  վկան ասաց, որ  վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի հետ հեռախոսազրույցից, երկուստեք հայհոյանքներից հետո լեյտենանտ Արտակ Նազարյանի տրամադրությունն ընկել է: Սակայն  նա չկարողացավ հիշել, թե երբ է տեղի ունեցել այդ հեռախոսազրույցը: Գ. Սայադյանն ասաց, որ հուլիսի 26-ի կեսօրին Արտակ Նազարյանի տրամադրությունը վատացել է, սակայն չկարողացավ նշել դրա որեւէ  պատճառ: Վկա Սայադյանը հայտնեց, որ իրենց հենակետում ալկոհոլային խմիչքներ չեն եղել, սակայն չկարողացավ բացատրել, թե ինչպես է Արտակ Նազարյանն օգտագործել ալկոհոլային խմիչք: Սայադյանի վկայությամբ՝ ինքն Արտակից խմիչքի հոտ չի զգացել, թեեւ նրանից մի քանի մետր հեռավորությամբ է եղել:

Պատասխանելով ավագ լեյտենանտ Վահագն  Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանի հարցերին, վկան, թեեւ ոչ հաստատուն, սակայն ասաց, որ Վահագն Հայրապետյանը, Հակոբ Մանուկյանի եւ Արտակ Նազարյանի միջեւ կռվի ժամանակ նրանց բաժանելով հանդերձ, բռունցքով մի հարված է հասցրել Արտակ Նազարյանի կրծքին: Սայադյանն  ասաց, որ այդ դեպքին  ներկա էին նաեւ այլ զինվորներ, որոնց սակայն նա  չէր հիշում: Պաշտպան Պողոսյանը նույն հարցը տարբեր շարադրանքներով հնչեցնելով՝ փորձում էր վկայից պարզել, թե  Վ. Հայրապետյանը  հարվածե՞լ է Ա. Նազարյանին: Լ. Պողոսյանը  հարցրեց, թե Վահագն Հայրապետյանն այդ միջադեպի ժամանակ արտառոց ի՞նչ գործողություններ կատարել, որ Սայադյանը նրան հիշում է:  Դատավոր Մարդանյանն արձագանքեց. «Ասաց՝ խփել է:  Ի՞նչ արտառոց գործողություն, կարո՞ղ է  տիեզերանավ պիտի իջեցներ»:

Պաշտպան Լ.  Պողոսյանը    միջնորդեց  որպեսզի  իր պաշտպանյալ Վ. Հայրապետյանին վերաբերող մասով վկա Գարեգին Սայադյանի ցուցումունքները դատարանի կողմից համարվեն  ոչ արժանահավատ: Երբ Գ. Սայադյանը  ավարտեց ցուցմունքներ տալը, նա փորձեց  նախորդ օրվա նման դահլիճից դուրս գալ ոչ թե ընդհանուր, այլ՝ ծառայողական մուտքից: Դա հարուցեց ամբաստանյալ զինծառայողների ծիծաղը: Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանը  ռեպլիկ նետեց.

-Պապային կսպասես, որ պապայի հետ գնաս:

Նա նկատի ուներ, որ ներկայումս զորացրված  Գարեգին Սայադյանին զինվորական դատախազն  է դատարան բերել: Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 2-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30