Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյան. «Հ1-ը ամենից շատ լուսաբանել է ՀՀԿ-ին, «Կենտրոն»-ը՝ ԲՀԿ-ին, «Երկիր Մեդիան» ՀՅԴ-ին»

Ապրիլ 19,2012 15:17

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր ներկայացրեց մայիսի 6-ի ընտրություններին մասնակցող թեկնածուներին, համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 08.04.12‐14.04.12թթ. ժամանակահատվածում տրամադրված եթերաժամանակի վերաբերյալ տվյալներ: Ամալյանի տպավորությունը նախընտրական քարոզչության անցած շրջանի մասին հետեւյալն է. «Լրատվամիջոցները հաջողել են ապահովել պայմաններ թեկնածուների, քաղաքական ուժերի համար: Այս ժամանակահատվածում ՀՌԱՀ-ը բողոքներ չի ստացել ոչ քաղաքացիներից, ոչ շտաբներից»:

Բանախոսի ձեւակերպմամբ՝ նախընտրական քարոզչության առաջին շաբաթվա ամփոփումից հետո պարզվել է, որ քաղաքական ուժերն օրենսդրորեն իրենց տրամադրված անվճար եւ վճարովի եթերաժամանակից օգտվել են այնքան, որքան իրենք են նպատակահարմար գտել. «Ի դեպ, այս առումով, քաղաքական ուժերին հեռուստաընկերությունների, ռադիոհաղորդումների, հրավերներն ընդունելու մասով 0 ցուցանիշ ունի «Միավորված հայեր» կուսակցությունը, ինչի հետ կապված հեռուստաընկերություններին նամակներ ենք ուղղել, եւ պարզաբանումներ ստացել, որ տվյալ քաղաքական ուժն ինքը ցանկություն չի հայտնել մասնակցելու»:

Ամալյանը հայտնեց, որ անդրադարձ է եղել քաղաքական ուժերի գործունեւությանն առանձին մասով, հաղորդումները չեն կրել լրատվական բնույթ, այսինքն՝ այստեղ ակնհայտ անհավասարություն կա: Ինչպես նաեւ լրատվական բնույթի թողարկումներում, նրանց գործունեության լուսաբանման ժամանակը եւս հավասարաչափ չի բաշխվել ուժերի միջեւ եւ թվերի անհամաչափությունը Գրիգոր Ամալյանին մտահոգում է:

«Ստացված արդյունքների հետ կապված մենք մի շարք հեռուստաընկերությունների գրություններ ուղղել ենք, կապված անհամաչափ բաշխված եթերաժամերի հետ, որովհետեւ մինչեւ երեք անգամ տարբերություն կա: Մասնավորապես՝ Հանրայինի ուշադրությանն ենք հրավիրել այն հանգամանքին, որ իր լրատվական թողարկումներում առավելապես լուսաբանվել է «Հանրապետական» կուսակցությունը, նույնատիպ գրություն ուղարկվել է «Կենտրոն», որտեղ առավել շատ լուսաբանվել է «Բարգավաճ Հայաստանը», նաեւ «Երկիր Մեդիա»՝ այստեղ առավել եթերաժամանակ հատկացվել է «Հայ հեղափոխական դաշնակցությանը», եւ մեկ գրություն էլ ուղարկվել է «Հ2», որտեղ եւս առավել շատ լուսաբանվել է «Բարգավաճ Հայաստանը»: Այս գրությունները նախազգուշացումներ, վարչական տույժեր չեն, բայց ՀՌԱՀ-ը նրանց ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ նախընտրական քարոզչության շրջանում քաղաքական ուժերի լուսաբանման ժամանակ պահպանել հավասարակշռությունը բոլորի միջեւ», – նշեց Ամալյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՌԱՀ-ի որոշմամբ արդեն վարչական տույժ է կիրառվել 2 հեռուստաընկերությունների նկատմամբ՝ Հրազդանի «Սիրակ» եւ Սպիտակի «Աննա եւ Կարեն»-ի:

Ամալյանը նաեւ ասաց, որ եթե հեռուստաընկերությունների կողմից չընդունվի իրենց առաջարկը, այս դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցներ. 1 մլն դրամ տուգանք, կամ՝ հեռուստաընկերությունները կարող են կորցնել լիցենզիաները, տույժերի կրկնման դեպքում: Նշվեց նաեւ, որ կուսակցություններն ըստ իրենց օգտագործած եթերաժամանակի լուսաբանվել են այսպես. առաջին տեղում ԲՀԿ-ն է, երկրորդում՝ ՀՅԴ-ն, երրորդում՝ ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դեմկուսը, Կոմկուսը, «Միավորված հայերը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30