Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքը որպես ցեղասպանության վկա»

Ապրիլ 21,2012 13:39

Ապրիլի 23-ին, ժամը 12:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Ցուցադրության մեջ ներառնված են շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր միավորներ:

Ցուցադրության մեջ ներկայացված գրքերը բաշխված են տարբեր խորագրերի ներքո: Թանգարանի սրահներում ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող եզակի հրատարակություններ: Առանձին սեղաններով տրված են համիդյան ու Ադանայի կոտորածներին առնչվող ու դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, առանձին երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան և այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները, որոնք ներկայացնում են մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների անհերքելի վկայությունները: Ներկայացված գրականության մեծ մասը լույս է տեսել օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության տարիներին և հիմնավոր պատասխան է մեր օրերում կիրառվող թուրքական ժխտողականության բոլոր դրսևորումներին:

Ցուցադրության մեջ ներառնված հազվագյուտ ու արժեքավոր գրականությունը վերջին հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ջևան Չելոյանցի (Մոսկվա), ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Տիգրան Քալայջյանի (Կիպրոս), ինչպես նաև «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի հավաքածուն հարստացել է արժեքավոր գրականությամբ` Մատիաս Բորլունդի (Դանիա), Լաուրա Դաունի (Շվեդիա), Սուրեն Բայրամյանի (Եգիպտոս), Ռուբեն Գալչյանի և այլոց նվիրատվությունների շնորհիվ:

Ցուցադրության մեջ ներառնված գրքերի մի մասն առկա է միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մեջ:

Հայոց ցեղասպանության թանգարանն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային գրադարանին, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանին և ՀՅԴ Բյուրոյի գրադարանին ցուցադրության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:


Հայոց ցեղասպանության թանգարան 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30