Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Փոլադյանը հարցազրույց է տվել ալ-Բաաս պաշտոնաթերթին

Ապրիլ 25,2012 19:38

         Ապրիլի 24-ին  սիրիական ալ-Բաաս պաշտոնաթերթը տպագրել է ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի ծավալուն հարցազրույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հարցազրույցում պատմական էքսկուրս կատարելով` ՀՀ դեսպանը, հատկապես, անդրադարձ է կատարել 19-րդ դարի երկրորդ կեսից, մանավանդ Սուլթան Աբդել Համիդի ժամանակաշրջանում /1894-1896թթ./ իրականացված ջարդերին, որի զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Դեսպան Փոլադյանը հանգամանորեն ներկայացրել է 1908թ. ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած երիտթուրքերի ոճրագործությունները, որի զոհ դարձան 1.5 մլն. հայեր:

         ՀՀ դեսպանը դատապարտել է նաև Թուրքիայի թե´ նախկին, և թե´ ներկա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը` ընդգծելով, որ դրանով նրանք խուսափում են իրենց նախնիների իրականացրած զարհուրելի ոճրագործությունների ողջ պատասխանատվությունից:

         Բացի այդ հեղինակն անդրադարձել է հայ-արաբական հակաօսմանյան պայքարին և արաբների, մասնավորապես սիրիացիների` հայությանը օթևան տալուն և մարդասիրական վերաբերմունքին: Այլևայլ հարցերի թվում Արշակ Փոլադյանն անդրադարձել է արաբական երկրներում արաբ գիտնականների կողմից Հայոց ցեղասպանության ուսումնասիրման խնդրին:

         Բարձր գնահատելով արաբների անգնահատելի դերը մեր ժողովրդի պատմության ամենաօրհասական պահին` դեսպան Փոլադյանը հույս է հայտնել, որ բարեկամ Սիրիայի` մոտ ապագայում ձևավորվող նորընտիր խորհրդարանը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը` դրանով իսկ մարդասիրական պարտքը կատարելով Սիրիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից նահատակված հազարավոր հայերի հիշատակի նկատմամբ:

         Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են սիրիական թե´ տպագիր և թե´ էլեկտրոնային մամուլի ու հեռուստատեսության կողմից:

         Ապրիլի 24-ին սիրիական հեռուստատեսությամբ հատուկ թողարկում է հեռարձակվել Հայոց ցեղասպանության մասին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30