Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աստված շռայլ է գտնվել մեր նկատմամբ. ՀՀ նախագահը Գավառում էր

Ապրիլ 26,2012 00:57

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզկենտրոնում էր ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան դիմավորելու եւ ՀՀԿ նախընտրական ծրագրին ծանոթանալու համար Գավառի կենտրոնական հրապարակում հավաքվել էին մեծաթիվ բնակիչներ` ոչ միայն Գավառից, այլեւ հարակից գյուղերից:

Իր ելույթում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շեշտը դրեց երկու կարեւոր խնդիրների վրա: «Մեր հիմնախնդիրներից առաջինը Սեւանա լճի խնդիրների լուծումն է: Սեւանը մեր հացն է ու մեր հոգսը: Մեր պարգեւը: Աստված շռայլ է գտնվել մեր նկատմամբ: Մենք հանձն ենք առել ոչ միայն Սեւանը փրկելու, այլեւ դրա պաշարները վերականգնելու գործը»: Նախագահը հավելեց նաեւ, որ Սեւանա լճի պահպանման հիմնական քայլերից մեկն արված է: «Այս տարի կավարտվեն Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցումն ու կոյուղացանցերի նորացումը»,- նշեց Ս. Սարգսյանը:

«Մենք որպես կառավարող քաղաքական ուժ` մեր առաքելությունը տեսնում ենք աշխատող մարդու հոգսերը թեթեւացնելու մեջ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը Գեղարքունիքում 2011 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 40 տոկոսով, նախորդ տարում հանրապետության գյուղատնտեսության  համախառն արդյունքի մեկ հինգերորդը ապահովել է Գեղարքունիքի մարզը:  Սա ավելին է, քան հանրապետության որեւէ այլ մարզ: Մենք վստահորեն ասում ենք, որ դուք աշխատող մարդիկ եք, մենք նաեւ լավ գիտենք, որ որքան մարդ կա, որ աշխատանք չունի»,- ասաց ՀՀ նախագահը:

«Հրապարակվող թվերը, իհարկե, հուսադրող են, բայց մենք թե Գավառի, թե Գեղարքունիքի, թե ողջ Հայաստանի կենսամակարդակը համարում ենք ոչ բավարար: Մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ պայմանների»,- իր խոսքում ասաց ՀՀ նախագահը:

Այնուհետեւ ՀՀ նախագահը Հայաստանը համեմատեց Սեւանա լճի հետ, որի ջուրն առաջ բարձրացվում էր սանտիմետր առ սանտիմետր, իսկ հիմա` մետր առ մետր: «Բարեփոխումների նոր ալիքը մեր երկրի երեսից սրբելու է շատ բան, որ հնացած է եւ ապրել է իր դարը: Մյուս կողմից բերելու է նոր մոտեցումներ, նոր աշխատաոճ, նոր կենսամակարդակ, նոր աշխատատեղեր, նոր գիտակրթական ու առողջապահական նշաձող: Նոր Հայաստան, որին մենք արժանի ենք, որը կախված է ոչ միայն իշխանություններից, այլեւ յուրաքանչյուրիդ կամքից, ընտրությունից»,- ասաց ՀՀ նախագահը:

Եւ ամենավերջում նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց բոլորին մասնակցել ընտրություններին եւ իրենց ակտիվ ընտրությամբ օգնել երկրի կայացմանը. «Մայիսի 6-ին մասնակցեք ընտրություններին: Ձեզնից յուրաքանչյուրի քվեն մեր համար կարեւոր է, ձեր քվեով է ձեւավորվելու ՀՀ ազգային ժողովը, կառավարությունը»:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30