Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,2012 15:28

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ յոթերորդ

ԲԱՐՁՐ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Եվ մեկից երջանկացած Լիանան Կարենին ապշահար հարցրեց՝ «ի՞նչ պրեմիերա», եւ Կարենն ասաց՝ «պիեսիդ պրեմիերան», եւ Լիանան ապշահար հարցրեց՝ «ի՞նչ պիես», եւ Կարենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քո գրած պիեսի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մի պիես չեմ գրել», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «հորդ մասին էն գրածդ չտեսնված պիես ա դառել», եւ Լիանան  զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա դառել», եւ Կարենն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «դարձրել ենք», եւ Լիանան հարցրեց՝ «ո՞վ ա դարձրել»,  եւ Կարենն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դարձնողը», եւ Լիանան ժպտալով հարցրեց՝ «դո՞ւ», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «շա՜տ շնորհակալ եմ», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար ես շնորհակալ», եւ Կարենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ հետս դու-ով ես խոսում», եւ Լիանան փռթկացնելով հարցրեց՝ «էն մարդու անունն ինչ է՞ր», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞ր մարդու», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էն՝ որ պաշտոնի բարձրացում ա ստանում ու կնոջը խորհուրդ  ա տալի, որ բոլորի հետ դուք-ով խոսա», եւ Կարենը ծիծաղելով հարցրեց՝ «Մացակ Պապյանի կանա՞յք», եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էդ անեկդոտը միշտ  հիշում էի, բայց էդ Մացակ Պապյանի անունը մտահան էի արել», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ ես ծիծաղում», եւ Լիանան փռթկացնելով ասաց՝ «էդ անեկդոտը հենց հիշում եմ, ծիծաղս բռնում ա», եւ Կարենը  ներողամտորեն ժպտալով ասաց՝ «էդ անեկդոտ չի», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝  «իրական պատմություն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ Մացակ Պապյանն էլ իրական անձնավորություն ա», եւ Լիանան մի քիչ  մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էդ իրական պատմությունը հենց հիշում եմ, ծիծաղս բռնում ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ուշ ա տեղ հասել», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ուշ տեղ հասել», եւ Կարենը ժպտալով  ասաց՝ «էդ պատմությունը որ հեռախոսով քեզ պատմեցի, վաբշե չծիծաղեցիր», եւ Լիանան մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «էդ մոմենտին մտքերով ուրիշ տեղ էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց հետո որ էդ պատմածդ հիշում էի, ծիծաղս բռնում էր», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «այսինքն, ճիշտ եմ ասում», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչն ես ճիշտ ասում», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «ուշ ա տեղ հասել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ էդ պահին մտքերով ուրիշ տեղ էի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրախ եմ», եւ Լիանան հարցրեց՝ «ինչի՞ համար ես ուրախ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրախ եմ, որ հետս արդեն դու-ով ես խոսում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդքան բանի համա՞ր», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրախ եմ, որ քեզ նորից տեսա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «է՞լ ինչի համար ես ուրախ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրախ եմ, որ ուրախ ես», եւ Լիանան մի քիչ մտածեց եւ կոնյակի շիշը ցույց տալով ասաց՝ «էս զադիցն ա», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ զադ», եւ Լիանան իր բաժակից կում անելով ասաց՝ «էս կոնյակից որ մի քանի կում եմ արել, տրամադրությունս լավնացել ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ էլ թվաց՝ ինձ ես տեհել, դրա համար ա տրամադրությունդ լավնացել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «էդ էլ գումարած», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «ինձ տեհել ես, դրա համար ա չէ՞ տրամադրությունդ լավնացել», եւ Լիանան կարմրելով ասաց՝ «մեր բարբառով լավ էլ տժժացնում ես, պարոն Ջանիբեկյան», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հորդ կերպարի մեջ էնքան եմ խորացել, որ, կարելի ա ասել, արդեն հիսուն տոկոսով լոռեցի եմ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Հրանտ Մաթեւոսյանի հոր կերպարի մեջ էլ էիր ահագին խորացել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց քո հոր կերպարի մեջ ավելի եմ խորացել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու ամենից շատ քո՛ հոր կերպարի մեջ ես խորացած», եւ Կարենը ժպտալով  հարցրեց՝ «իմ հորն էլ գիտե՞ս», եւ Լիանան ասաց՝ «իրա կինոները տեհել եմ», եւ Կարենը հարցրեց՝ «իրա կինոներից ո՞րն ես տեհել», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «Ժայռը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վայ թե «Սարոյան եղբայրներում» էլ կա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ կինոյում ա խաղ արել», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «ամենակարեւորները տեհել ես» եւ ձգվելով ու Լիանայի թուշը պաչելով ասաց՝ «մեռնեմ կինոգետ ջանիդ», եւ Լիանան հետ քաշվելով ու կարմրելով ասաց՝ «ես մենակ չեմ, պարոն Ջանիբեկյան» եւ ավելի կարմրելով ավելացրեց՝ «աղջիկս սենյակներում ֆռֆռում ա», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «աղջիկ էլ ունե՞ս», եւ Լիանան  ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «աղջիկ էլ ունեմ, մարդ էլ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ մարդդ էլ ա սենյակներում ֆռֆռում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մարդս մոսկվաներում ա ֆռֆռում», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞ւմ հետ ա ֆռֆռում», եւ Լիանան մի քիչ մտածեց, բաժակից կում արեց ու ասաց՝ «ում որ հետաքրքրում ա, թող էն էլ պարզի», եւ Կարենը կոնյակի շշին նայելով հարցրեց՝ «էսքանը մենակ ե՞ս խմել», եւ Լիանան մի կում էլ արեց ու ժպտալով հարցրեց՝ «ասե՞մ՝ քո համար էլ բաժակ բերեն», եւ Կարենը Զավենի բաժակը վերցնելով ու Լիանայի բաժակին խփելով ասաց՝ «ես Զավենի բաժակով էլ կարամ խմեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հազար տարվա  ընկերներ ենք», եւ Լիանան ժպտալով հարցրեց՝ «էդքան տարիքով ե՞ք», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «չի էրեւո՞ւմ», եւ Լիանան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «համենայն դեպս, հազար տարեկան  չէի տա», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «բա ինչքա՞ն կտաս», եւ Լիանան ուշադիր նայեց Կարենին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս պահի դրությամբ երեւի ինձանից ջահել ըլնես», եւ քանի որ էդ պահին էդ տարածքում միայն իրենք էին, Կարենը Լիանային գրկեց, համբուրեց ու ասաց՝ «մեռա քեզ զանգելով, շան աղջիկ» եւ նորից համբուրեց ու հարցրեց՝ «ինչի՞ էիր հեռախոսդ անջատել» եւ Զավենի բաժակը դատարկելով ավելացրեց՝ «արդեն կարոտից գժվում էի», եւ Լիանան կարմրելով ասաց՝ «կամաց գոռա. աշխատողները կլսեն» եւ շշնջալով ավելացրեց՝ «էս թանգարանի ժողովուրդն արդեն չիմ ինձ  ճանաչում են», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «երբվանի՞ց են  ճանաչում», եւ Լիանան ասաց՝ «արդեն երրորդ օրն ա՝ առավոտից իրիկուն էս թանգարանում եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս թանգարանի կնանիք արդեն չիմ ինձ ճանաչում են», եւ Կարենը Լիանային համբուրելով հարցրեց՝ «մենակ կնանի՞ք», եւ Լիանան Կարենին հրելով ասաց՝ «ամոթ ա՝ կտենան», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «կնանի՞ք», եւ Լիանան ասաց՝ «տնօրենն էլ ա ճանաչում», եւ Կարենը Զավենի բաժակը լիքը լցնելով՝  Լիանային հարցրեց՝ «բա Զավենը ո՞նց իմացավ, որ ես ու դու իրար ճանաչում ենք», եւ Լիանան հարցրեց՝ «տնօրենը՞», եւ Կարենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Լիանան ասաց՝ «ես եմ իրան ասել», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «փաստորեն, կյանքդ պատմել ես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «կյանք կա՞, որ պատմեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդամենն իրան ասել եմ, որ քեզ մի անգամ տեսել եմ», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «էդքան բա՞ն», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ավել ի՞նչ կարայի ասեի», եւ Կարենը Լիանային համբուրելով հարցրեց՝ «իրան չես ասե՞լ, որ պիեսիդ գլխավոր դերակատարն եմ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ես նոր քեզնից իմացա, որ գրածս էդ  զադը պիես ա», եւ Կարենը նորից Լիանային համբուրելով ասաց՝ «էն էլ ի՜նչ պիես ա», եւ Լիանան Կարենին հրելով ասաց՝ «ամոթ ա, կտենան», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «կնանի՞ք», եւ Լիանան կարմրելով ասաց՝ «կարող ա տնօրենն ու աղջիկս էլ տենան», եւ Կարենը հարցրեց՝ «բա աղջիկդ ո՞ւր ա», եւ Լիանան մի քիչ  մտածեց ու ասաց՝ «մին սենյակներում ա վազվզում, մին էլ դուս ա գալի հայաթ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «արդեն երրորդ օրն ա՝ էս թանգարանում ենք», եւ Կարենը  զարմացած հարցրեց՝ «էս թանգարանում ի՞նչ եք անում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «դիրըս ա գալի», եւ Կարենը հարցրեց՝ «ի՞նչն ա դիրըդ գալի», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «էս թանգարանի մթնոլորտը», եւ Կարենը դիմացի կոլաժին նայելով ասաց՝ «օղորմածիկի հետ մոտիկ էի», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «օղորմածիկն ո՞վ ա», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «Սերգեյը», եւ Լիանան հարցրեց՝ «Սերգե՞յն  ով ա», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «Փարաջանովը», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «իրան տեսել ե՞ս», եւ Կարենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ մոտիկից», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «երնեկ աչքերիդ», եւ Կարենը բաժակը բարձրացնելով ասաց՝ «շատ ուրախ եմ, որ քեզ տեսա» եւ մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ավելացրեց՝ «կարելի ա ասել՝ երջանիկ եմ», եւ Լիանան իր կոնյակից կում անելով ասաց՝ «երջանկությունը խաբուսիկ ա», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞նց ա խաբուսիկ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ՝ երջանկությունը փոփոխական ա», եւ Կարենը հարցրեց՝ «այսինքն», եւ Լիանան մի քիչ մտածեց, բաժակից կում արեց ու ասաց՝ «առաջներում  ինձ էլ էր թվում թե՝ երջանիկ եմ», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «հիմի երջանիկ չե՞ս», եւ Լիանան իր կոնյակից կում արեց, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամաց-կամաց սկսում եմ երջանկանալ», եւ Կարենը Զավենի բաժակից կում արեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ եմ սկսում», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «լավ ա, որ ինձանից օրինակ ես վերցնում», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «երջանկանալու իմաստո՞վ», եւ Լիանան փռթկացնելով ասաց՝ «չէ. կում-կում խմելու իմաստով», եւ Կարենը բաժակը Լիանայի բաժակին խփելով ասաց՝ «մեր կենացը խմենք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թեկուզ կում-կում», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «որ ասում ես՝ թող մեր կենացն ըլնի», եւ Կարենը Լիանային համբուրելով ասաց՝ «մեր երջանկության համար խմենք», եւ Լիանան կարմրելով ու բաժակից կում անելով ասաց՝ «երջանկությունն ըսենց խոսքով ասելով չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երջանկությունը բառ չի», եւ Կարենը հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ  Լիանան բաժակից կում անելով՝ բավական եկար մտածեց ու ասաց՝ «երջանկությունը կյանք ա», եւ հիմա, երբ Լիանայի անունից էս վերջին միտքը գրեցի, վերստին Մարտիրոս Սարյանի ասածը հիշեցի,  եւ հիմա ձեզ էլ եմ ուզում հիշեցնել, որ ծերունազարդ վարպետը լրագրողի «ի՞նչ է երջանկությունը» հարցին շատ կարճ ու շատ կոնկրետ պատասխանել ու ասել էր՝ «երջանկությունը  ապրելն է», եւ հիմա, ահա, Լիանան էլ մոտավորապես նույնն ասաց՝ էն տարբերությամբ, որ վարպետ Սարյանը միանգամայն ինքնուրույն էր էդ ասել, մինչդեռ Լիանան ընդամենն իմ շնորհիվ ու իմ միջոցով Ջանիբեկյան Կարենին էդ բանն ասաց, եւ այլ կերպ հնարավոր էլ չէր, որովհետեւ ես առ էսօր ոչ միայն Լիանային չեմ տեսել,  այլեւ Կարենին էլ ոչ մի կերպ չեմ հաջողացնում հանդիպել, որպեսզի իր էս հերթական երջանկության  մանրամասներն ու էդ երջանկության մասին գրելու իրավունքը կորզեմ, եւ ահա ինքնագլուխ՝ առանց իրենից իրավունք ստանալու՝ իր էս ամենավերջին երջանկության մասին էսքան  անկաշկանդ, էսքան հիմնավոր ու էսքան հավաստի գրում եմ, եւ, խոսքը մեր մեջ, էսքանից հետո եթե Կարենն ինձ էդ իրավունքը չտա էլ, շարունակելու եմ եւ իր էս հերթական երջանկությանն ամբողջական տեսք եմ տալու, եւ, խոսքը մեր մեջ, դրա իրավունքն ունեմ էլ, եւ էդ իրավունքն ինձ անձամբ Կարենն ու անձամբ Լիանան են տվել՝ Նազենիի հաղորդման ընթացքում իրենց իսկ երջանկության մասին ի լուր Հայոց աշխարհի բարձրաձայնելով, եւ չնայած բարձր ջերմությանս պատճառով Ծաղկաձորում էդ հաղորդման կրկնությունը չտեսա, Անթառանյան Լիանայի ու Ջանիբեկյան Կարենի անձնական երջանկության մասին ավելին գիտեմ, քան՝ շարքային հեռուստադիտողները, որոնց բախտ է վիճակվել Նազենիի էդ հաղորդումը դիտել, որովհետեւ Լենան ինձ Կարենի ու Լիանայի երջանկության մասին նաեւ էնպիսի դետալներ ու մանրամասներ է պատմել, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնացել Նազենիի հաղորդման շրջանակներից, եւ չնայած Վլադիմիր Իլյիչ Լենինը  կինոյի դերը գերագնահատում էր, եւ չնայած Լենինից ու կինոյից հետո ուրիշներն էլ հեռուստատեսության դերն են գերագնահատել, եւ չնայած գեղարվեստական գրականության դերը որեւէ մեկը դեռեւս չի գերագնահատել, գեղարվեստական գրականությունը եղել է, կա ու լինելու է,  եւ  կինոյին ու հեռուստատեսությանն էլ երբեւէ չի զիջելու, եւ եթե հեռուստատեսությունը հատկապես մասսայականության տեսանկյունից կինոյին գերազանցեց, եւ չնայած գեղարվեստական գրականությունը  մասսայականության տեսանկյունից էդ երկուսին էլ էականորեն է զիջում, այդուհանդերձ, գեղարվեստական գրականությունը մնացած բոլոր տեսակետներից էդ երկուսին էականորեն է գերազանցում, եւ սա անձամբ իմ կարծիքն ու տեսակետն է, եւ իմ էս անձնական կարծիքն ու տեսակետը հիմա իմ անձնական  փորձով ավելի հաստատվեցին ու  ամրապնդվեցին, եւ հիմա գրական ու գեղարվեստական իմ էս ամենավերջին էջերի շնորհիվ դուք, փաստորեն, Կարենի  էս ամենավերջին երջանկության մասին ավելի շատ բան գիտեք, քան նույնիսկ ինքը՝ Նազենին, եւ մինչեւ իսկ Անթառանյան Լենայից ավելին գիտեք, եւ էդ աշխարհասփյուռ ու աշխարհացունց երջանկության մասին մինչեւ անգամ Ջանիբեկյան Կարենից ու Անթառանյան Լիանայից ավելին գիտեք, որովհետեւ վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենան ինձ ոչ միայն Նազենիի էդ հաղորդման բովանդակությունն էր մանրակրկիտ հաղորդել, այլեւ դրան գումարել էր էդ երկուսի երջանկության մասին անձամբ իր իմացածը, եւ ահա ես էլ իմ հերթին Անթառանյան Լենայի պատմածին իմ իմացածն ու մանավանդ պատկերացրածը գումարելով՝ բավական մանրազնին, բավական խորազնին ու բավական համոզիչ ձեզ ներկայացրի Ջանիբեկյան Կարենի էս ամենավերջին երջանկության մասին իմ իմացածն ու մանավանդ պատկերացրածը, եւ հիմա դուք, փաստորեն, գեղարվեստական գրականության եւ մասնավորապես իմ էս գեղարվեստական արձակի շնորհիվ Ջանիբեկյան Կարենի ու Անթառանյան Լիանայի էս համատեղ ու աղմկահարույց երջանկության մասին ավելի շատ բան գիտեք, քան բոլոր մյուսներն ու նույնիսկ էդ երջանկության անմիջական կրողները,  եւ սա դեռ ամբողջը չի, որովհետեւ Կարենի ու Լիանայի էս կիսատ մնացած պատմությունս շարունակելով՝ պիտի ասեմ, որ երբ Լիանան Կարենի հարցին պատասխանելով ասաց՝ «երջանկությունը կյանք ա», Կարենը վերստին առիթը բաց չթողնելով՝ վերստին գրկեց ու համբուրեց միանգամայն երիտասարդ եւ միանգամայն խոստումնալից դրամատուրգ Անթառանյան Լիանային եւ վերստին Լիանային համբուրելով ասաց՝ «մեռնե՜մ խելքիդ»,  եւ Լիանան էս անգամ առանձնապես չդիմադրեց Կարենին. ավելին. թողեց, որ Կարենը բավական երկար համբուրի, որովհետեւ էդ պահի դրությամբ Լիանան դեռեւս չգիտեր, որ ինքը տաղանդավոր դրամատուրգ է, եւ իր մոտալուտ ճակատագրից ու բախտից անտեղյակ՝ թողեց, որ Կարենն իրեն շատ երկար համբուրի, բայց շուտով՝ էդ չափազանց  տեւական  համբույրից հետո Լիանան փախավ Կարենի գրկից, եւ դրա պատճառն ամենեւին էլ Կարենի էդ տեւական համբույրից հագեցումը չէր, այլ այն, որ էդ  տեւական համբույրի ամենաթեժ պահին Լիանան աչքի պոչով տեսավ թանգարանի էդ ամենաընդարձակ  սրահ մտած իր հարազատ աղջկան, բայց հարազատ աղջկան էդ ընդարձակ սրահ մտնելուն պես նկատելով՝ Լիանան անմիջապես Կարենի գրկից չփախավ՝ ոչ թե էն պատճառով, որ արդեն ուշ էր եւ աղջիկն արդեն ամեն ինչ տեսել էր, եւ ոչ էլ էն պատճառով, որ եթե էդ պահին ինքը Կարենի գրկից դուրս պրծներ, դեմ-դիմաց էր դուրս գալու աղջկան, այլ հիմնականում էն պատճառով, որ աղջիկը բակից ներս մտնելով եւ մորն ու անծանոթ մորուքավորին  գիրկընդխառն տեսնելով՝ վերստին բակ փախավ, եւ Լիանան մի պահ թողնելով, որ Կարենն իրեն ավելի ուժեղ համբուրի, մի քանի վայրկյան անց միայն հասկացավ կատարվածն ու տեղի ունեցածը, եւ կատարվածն ու տեղի ունեցածը տեսնելով ու հասկանալով՝ Կարենի գրկից դուրս թռավ եւ ուզում էր վազել աղջկա հետեւից, բայց Կարենը Լիանայի թեւից բռնելով հարցրեց՝ «էդ ո՞ւր ես վազում», եւ Լիանան կարմրելով ասաց՝ «արդեն անհամություն ա դուս գալի» եւ մի քիչ մտածեց ու ավելի կարմրելով ավելացրեց՝ «քեզ խելոք չես պահում» եւ մի քիչ էլ մտածեց  ու էլ ավելի կարմրելով ավելացրեց՝ «մի գլուխ պաչպչում ես», եւ Կարենը Լիանային համբուրելով ասաց՝ «սրանից հետո ինձ խելոք կպահեմ», եւ Լիանան նեղսրտած ասաց՝ «արդեն ուշ ա» եւ նեղսրտած ավելացրեց՝ «արդեն տեհել ա», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա տեհել», եւ Լիանան հոգոց հանելով պատասխանեց ու ասաց՝ «աղջիկս», եւ Կարենը հարցրեց՝ «աղջիկդ ի՞նչ ա տեհել», եւ Լիանան գլուխը կախելով պատասխանեց ու ասաց՝ «մեր պաչպչվելը», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ա տեհել», եւ Լիանան ավելի կարմրելով ասաց՝ «հենց նոր» եւ նեղսրտած ավելացրեց՝ «տեհավ ու ամոթու փախավ հայաթ» եւ մի քիչ մտածեց ու նորից գլուխը կախելով ավելացրեց՝ «փոխանակ մերն ամաչի, աղջիկն ա մոր տեղակ ամաչում», եւ Կարենը թեւանցուկ Լիանային սեղանի մոտ բերելով հարցրեց՝ «մերն ի՞նչ ա արել, որ ամաչի», եւ Լիանան թեւը Կարենից փախցնելով ասաց՝ «ինչ որ արել ա՝ մերն ա արել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչ որ կատարվել ա, իմ պատճառով ա կատարվել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ավելի կարմրելով ասաց՝ «ինչ որ կատարվել ա, իմ թույլտվությամբ ա կատարվել» եւ մի քիչ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «ես որ թույլ չտայի, դու զոռով չէիր կարա ինձ պաչեիր», եւ Կարենը Լիանայի բաժակը Լիանային տալով եւ իր բաժակը  Լիանայի բաժակին խփելով ասաց՝ «էղածն արդեն էղած ա», եւ Լիանան նեղսրտած հարցրեց՝ «ի՞նչն ա էղած», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «աղջիկդ արդեն տեհել ա», եւ Լիանան Կարենին թարս նայելով  հարցրեց՝ «էդ արդեն ձեռ ե՞ս առնում», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞նց եմ ձեռ առնում», եւ Լիանան ասաց՝ «մեր բարբառով ես խոսում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անկախ ինձանից ա ստացվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հայրիկիդ կերպարի մեջ էնքան եմ խորացել, որ անկախ ինձանից ձեր բարբառով եմ խոսում», եւ Լիանան թարս նայեց Կարենին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշ բաների մեջ էլ ես շատ խորացել» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «իմ թույլտվությամբ ու իմ մեղքով»:

 

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30