Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House. Հայաստանը` «կիսաավտորիտար կառավարում ունեցող պետություն»

Հունիս 06,2012 11:48 Share

«Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող  պետությունների շարքում», – պնդում են Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները այսօր հրապարակած հերթական զեկույցում:

«Պետություններն անցումային շրջանում» կոչվող այս փաստաթուղթն ամփոփում է Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ հետխորհրդային տարածքի 29 պետություններում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված միտումները:

Հատուկ ուշադրության են արժանացել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությունը, ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության  վիճակը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը:

Պետությունները հետազոտության հեղինակների կողմից գնահատվել են յոթ բալանոց սանդղակով, որտեղ մեկ միավորը համապաստասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ յոթ միավորը նշանակում է, որ տվյալ պետությունում ավտորիտար կառավարում է:

Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում Freedom House-ի մասնագետները գնահատել են 5.39, ինչն աննշան կերպով ավելի լավ է, քան նախորդ տարի արձանագրված 5.43-ը: Այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որն այս զեկույցում դասվել է անցումային կամ «հիբրիդային» տիպի պետությունների շարքին:

Ժողովրդավարության զարգացման եւ կայացման առումով Հայաստանից ավելի վատ վիճակում են միայն Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը. երկրների այս խումբը Freedom House-ը դասել է ավտորիտարների շարքին:

Անդրադառնալով առանձին ոլորտներին տրված գնահատակններին` զեկույցի հեղինակները որոշակի բարելավումներ են նկատում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Զեկույցում մասնավորաբար ասված է. – «Էլեկտրոնային կառավարության համակարգի ներդրումը Հայաստանում եւ Վրաստանում կարող է դիտվել որպես դրական քայլ`  ուղղված ստորին մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարին»:

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա մնացած գրեթե բոլոր ցուցանիշները նախորդ տարվա  համեմատ անփոփոխ են: Այսպես, ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը, ըստ զեկույցի հեղինակների,  5.75 է, ինչն անգամ ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում, էլ չասած  հարեւան Վրաստանի կամ միջազգային հանրության մի զգալի հատվածի կողմից չճանաչված Կոսովոյի մասին:

Լրատվամիջոցների անկախության առումով իրավիճակը եւս մխիթարական չէ` այստեղ Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ Տաջիկստանը:

Ամենաբարվոք ցուցանիշն արձանագրվել է  քաղաքացիական հասարակության կայացման ոլորտում, որտեղ Հայաստանի արձանագրած առաջընթացը համադրելի է Վրաստանի եւ բալկանյան մի շարք պետությունների հետ:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930