Այս հոդվածը բավականին ուշացումով գրեցի, որպեսզի տեսնեմ, թե ԱՄՆ նախագահ Թրամփն ինչպես է իրեն դրսեւորելու Հայաստանի հարցում, որպեսզի ներկայացնեմ, թե ինչու իրեն՝ Բայդենի ժամանակ այդպես պահեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հատկապես Արցախի Հանրապետության հարցում, որն այդպես էլ արձանագրվեց պատմության մեջ, որի մասին էլ ուզում եմ ներկայացնել ընթերցողին անցյալի ժամանակագրությամբ: Քանզի նաեւ շատ կարեւոր է, որ Բլինքենը պաշտոնը թողնելուց օրեր առաջ մեր արտգործնախարարի հետ կնքեց հայ-ամերիկյան հարաբերությունների հերթական համաձայնագիրը, ինչը մեծ կասկածների առիթ տվեց հայ փորձագետներին, ապացուցեց, որ նրանք երիցս ճիշտ էին, որի վերաբերյալ էլ անում եմ հետեւյալ հաստատումը:
Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնում են ոչ միայն հայ, այլեւ օտարազգի տարբեր տրամաչափի գործիչների, փորձագետների, քաղաքագետների: Այս հարցի շուրջ նրանք ունեն ամենատարբեր մոտեցումներ, մտահոգություններ: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի եւ Բայրամովի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արեց հայտարարություններ, որոնք բավականին վիճարկելի են: Արտաքուստ դրական հայտարարությամբ, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների միջեւ լինելու են աննախադեպ խաղաղություն ու հաշտություն, Բլինքենը չէր խոսում Ալիեւի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականության, շրջափակման մեջ գտնվող արցախցիների հանդեպ դրսեւորվող անմարդկային վերաբերմունքի մասին: Նա թերեւս այս տարածաշրջանին նայում է վարդագույն ակնոցով ու չի տեսնում շրջափակման մեջ ապրող արցախահայերի վատացող կենսապայմանները, չի լսում Ալիեւի հոխորտանքները, պարբերաբար իրականացվող ռազմական ագրեսիան ու սադրանքները Հայաստանի նկատմամբ, որոնց հետեւանքով պարբերաբար հայեր են զոհվում:
Բլինքենն այնպես է ներկայացնում իրավիճակը, թե իբր ԱՄՆ-ի, մասնավորապես՝ իր, աննախադեպ ջանքերի շնորհիվ են կողմերը եկել հաշտության համաձայնության, երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսեւորեցին հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների միջեւ երկարատեւ հակամարտությունը դադարեցնելու հարցում. «Նրանք կշարունակեն ունենալ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տեւական եւ կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում: Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր եւ շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, եւ ես հավատացած եմ, որ համաձայնությունը տեսանելի է եւ գտնվում է հասանելիության սահմաններում: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կունենա ոչ միայն պատմական նշանակություն, այլեւ խորապես բխում է Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների շահերից ու շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս: Վերջնական համաձայնությունը հասանելի է, եւ մենք վճռական ենք՝ շարունակել օգնել մեր բարեկամներին՝ հասնելու դրան»,- վստահեցրել էր Բլինքենը։
Այս հայտարարությանն արձագանքեց Պենտագոնի նախկին պաշտոնյա, ամերիկյան Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը, ով մասնագիտացած է Իրանի, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով: Նա այսպիսի հրապարակում արեց. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ես-ը հայերի կյանքեր կարժենա»: Ռուբինն իր մտահոգությունը հայտնեց արցախահայությանը սպասվող վտանգների մասին, մասնավորապես, գրեց. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է պարտադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի շուրջ, որն ավանդաբար հայաբնակ անկլավ է այժմյան Ադրբեջանում: Բլինքենը կարող է խաղաղության գործարքը դիտել որպես հաջողություն, որը նա կարող է շեփորահարել այլ ձեռքբերումներից զուրկ պաշտոնավարման ֆոնին, բայց Բլինքենի գործողությունների հետեւանքը հսկայական կլինի: Նա կարող է Խաղաղության Նոբելյան մրցանակ ցանկանալ, ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ամենասարսափելին այն է, որ Բլինքենն ակտիվորեն անտեսում է Ալիեւի գործողությունները՝ նույնիսկ այն դեպքում, երբ Ալիեւը ցեղասպանություն է հրահրում եւ ժխտում է մի ամբողջ բնակչության օրինական շահերը: Քանի որ հայկական հողերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցիները քանդում են եկեղեցիները եւ ավերում հազարամյա մշակութային կոթողները, գերեզմանատները։ Նրանք հերքում են որեւէ պատմական կապ հայկական համայնքների եւ այն հողերի միջեւ, որոնց վրա հազարավոր տարիներ ապրել են աշխարհի առաջին քրիստոնեական պետության հիմնադրումից 1722 տարի առաջ: Ահա թե ինչու ադրբեջանցի վերականգնողները եկեղեցիների վրայի հայերեն գրություններն ավազով պայթեցնում են եւ պնդում, որ դրանք պատկանում են հին ալբանացիներին, այլ ոչ թե հայերին: Այն, որ Բլինքենը լռում է, երբ Ադրբեջանը հայ քահանաներից պահանջում է հրաժարվել Դադիվանքի վանական համալիրից, հուշում է անտարբերության մասին՝ մշակութային արժեքներն արմատախիլ անելու նկատմամբ: Ասել է թե՝ Բլինքենի լռությունն ավելի շուտ կանոն է, քան՝ բացառություն: Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի հայ համայնքն ինքնակազմակերպվել է ժողովրդավարական ճանապարհով։ Freedom House-ը նրանց համարել է ավելի ժողովրդավարական երկիր, քան Ադրբեջանը, որը դասվում է աշխարհի ամենավատ բռնապետությունների շարքին: Այս շաբաթ ամեն ինչ թեժացել է։ Մայիսի 28-ին Ալիեւը պահանջել է հանձնել Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահին, սակայն առաջարկել է, որ համաներում կառաջարկի այլ էթնիկ հայ վարչակազմերի եւ ընտրված պաշտոնյաների համար, եթե նրանք ընդունեն ադրբեջանական իշխանությունը: Տարօրինակ կերպով, Պետդեպարտամենտը բարձր է գնահատել Ալիեւի առաջարկը։ Սա հումանիտար աղետ է ստեղծում: Հենց որ էթնիկ հայերն իրենց դնում են Ալիեւի իշխանության տակ, նրանք դառնում են ադրբեջանցի հպատակներ՝ չունենալով քաղաքացիական կամ մարդկային իրավունքներ: Ալիեւն արդեն իսկ արհամարհանք է դրսեւորել հայերի նկատմամբ՝ նրանց 5 ամիս պարենային, դեղորայքի եւ վառելիքի շրջափակման ենթարկելով։ Նա կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին բաժանել է ծնողներից, իսկ տարեց քաղաքացիներին՝ խնամողներից՝ ոմանց թույլ տալով այցելել Հայաստան, միայն թե զրկել նրանց վերադառնալու իրավունքից։ 2020թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ադրբեջանական ուժերն ահաբեկչությունն ընդունեցին որպես մարտավարություն։ Նրանք տարածում էին գերիների գլխատման, անդամահատումների եւ գերեզմանոցների ոչնչացման տեսանյութեր, որպեսզի թե սեփական բնակչությանը զգայնացնեն, թե հայերին ստիպեն փախչել… Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը, բայց չի ուզում նրա բնակիչներին: Տրամաբանությունը մնում է նույնը. սպանել 8 հազարին՝ ստիպելով այդ թվից 10 անգամ ավելի մարդկանց փախչել՝ բացահայտելով խաղաղապահների եւ դիվանագետների անզորությունը: Ժամանակն է վերջ տալ բարոյական համահարթեցմանը. ժողովրդավարությունը պետք է լինի խաղաղության նախադրյալը։ Այդպես եւս վերջ կդրվի ազգամիջյան ատելության հրահրմանն Ադրբեջանի դասագրքերում եւ լրատվամիջոցներում: Սահմանազատման ձգձգումը մինչեւ խաղաղության ավարտը միայն կանաչ լույս է տալիս Ադրբեջանին՝ հրաժարվելու իր պարտավորություններից:
Կարդացեք նաև
Փաստացի, Բլինքենի էգոյի, միամտության եւ փառասիրության գինը վճարվեց տասնյակ հազարավոր հայերի կյանքով»։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
03.05.2025


















































