Կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը չի կասկածում գործընկեր, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների անկեղծությանը:
«Մենք դա համարում ենք անցած շրջան, եւ մեր բոլոր գործողությունները հիմա միտված են ապագա աշխատանքներին, մեր ծրագրի իրականացմանը»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչությունն արդեն երկու նիստ է գումարել՝ ի՞նչ հարցեր են քննարկվել եւ ի՞նչ որոշումներ են կայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված անձանց խորհրդարանում ներկայացվածության առումով դեռեւս վիճելի խնդիրներ կան կուսակցությունում, ասաց «Ժառանգության» վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը: Տիկին Փոստանջյանը չմանրամասնեց, թե հատկապես ի՞նչ առաջարկներ են ներկայացրել վարչության անդամները: Ասաց, որ դրանք զուտ աշխատանքային առաջարկներ են, որոնք վերաբերում են կուսակցության հետագա երեք ամիսների գործունեությանը եւ միտված են «Նոր Հայաստանի» կերտմանը, «Ժառանգություն» խմբակցության առաջնահերթություններին: Որոշումներ կընդունվեն հաջորդ վարչության նիստում: Հետաքրքրվեցինք՝ կուսակցության վարչությունում քննարկվե՞լ են համագումարում հնչած այլընտրանքային, քննադատական տեսակետները, բոլորը բավարարվա՞ծ են կուսակցության նախկին պատգամավորներին վարչության կազմում տեսնելով: Զարուհի Փոստանջյանը մեր հարցին հարցով պատասխանեց. «Ինչի՞ համար է բավարար, պատերազմ գնալո՞ւ», եւ ավելացրեց. «Մենք պատերազմում ենք, իսկ պատերազմում լինում են տարբեր իրավիճակներ: Մենք գնացինք մի մարտական գործողության, որը կոչվում էր 2012-ի խորհրդարանական ընտրություններ: Ճիշտ է՝ մենք չենք հաղթել, բայց մենք չենք էլ պարտվել: Մեր յուրաքանչյուր պատգամավոր մարտիկ է եւ շարունակում է մնալ մարտիկ, անկախ նրանից՝ նա այսօր գտնվում է ԱԺ-ո՞ւմ, ԱԺ-ից դո՞ւրս, թե՞ գործադիրի որեւէ օղակում: Եվ դեռ շատ հարցական է, թե այս խորհրդարանը որքան ժամանակ է իր գործունեությունը ծավալելու: Մեր ամբողջ խնդիրն է Հայաստանում արտակարգ լուծումներ հարուցելը: Մենք վերականգնելու ենք այն իրողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի զգա իր պատկանելիությունը ու չլքի երկիրն ու փախչի հայրենիքից»: Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ 2008-ի նախագահական եւ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո հայ ժողովուրդը ստացել է պատիժ՝ ցմահ ազատազրկման տեսքով, հետեւաբար գտնում է, որ «Ժառանգությունը» խնդիր ունի այս իրավիճակը փոխելու՝ անկախ իր անդամների՝ խորհրդարանում կամ այդ պատերից դուրս գտնվելուց. «Բոլոր այդ մարդիկ եկել են «Ժառանգություն» այն ժամանակ, երբ կուսակցության գրասենյակը փակ էր: Նրանք այնպիսի մարտիկներ են, որ կապ չունի, թե որտեղ են գտնվում: Մենք չենք թողնելու, չենք համակերպվելու եւ մենք արտակարգ իրավիճակներ ենք հարուցելու»:
«Առավոտի» հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ կուսակցության համագումարը տվեց բոլոր հարցերի պատասխանները եւ խնդիրների լուծումները, որոնք առկա էին ներկուսակցական շրջանակներում, մեր զրուցակիցը պատասխանեց «Ներկուսակցական շրջանակներում խնդիրներ չեն էլ եղել: Մենք որոշումներն ընդունել ենք կոլեգիալ կարգով ու «դեմեր» չենք ունեցել: Մենք գնացել ենք միասնական թիմի տեսլականով եւ նույնիսկ հպարտ ենք այդ թիմով գնալու համար, որովհետեւ առաջին անգամ փորձեցինք մեր հասարակությանն ասել, որ այո, հնարավոր է հավաքվել մեկ տանիքի տակ, մեկ գաղափարի շուրջ եւ գնալ առաջ: Մենք սա ենք ցանկացել իրականացնել: Իհարկե, դժվար է՝ տարբեր թիմեր, տարբեր մարդիկ, տարբեր ակունքներով: Բայց մի բան կարեւոր է, որ այդ բոլոր մարդիկ հանձնառություն են ստանձնել նոր Հայաստանի համար, հանձնառություն են ստանձնել, որ նախկինում իրենք սխալներ են թույլ տվել եւ դրանք պետք է շտկեն: Դա շատ կարեւոր է, ու մենք դրան հասել ենք: Հասել ենք՝ «Ժառանգության» ներքո: Եվ սրա համար նաեւ հպարտ ենք»: Պատգամավոր լինել-չլինելը այս պարագայում նա էական չի համարում. «Այն հինգ տարիները, որոնց ընթացքում «Ժառանգությունը» նոր մոտեցումներ, սկզբունքներ ներմուծեց քաղաքական դաշտ, դրանք այնպիսի տարիներ էին, եւ «Ժառանգությունն» այնպիսի գործիչների տվեց, որոնք ստեղծելու են քաղաքականություն՝ անկախ նրանից, թե որտեղ կլինեն: Կարեւորն այն է, որ այդ մարդիկ կրում են «Ժառանգությանն» իրենց պատկանելիությունը: Նրանք էլի բռնկվելու են, էլի հրաբխելու են եւ փոփոխության ակունքն են լինելու»:
Կարդացեք նաև
Ի պատասխան «Առավոտի» հաջորդ հարցի՝ ինչպե՞ս է իր աշխատանքները կազմակերպելու «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը՝ ինքնուրո՞ւյն, թե՞ կուսակցության վարչության որոշումների համատեքստում, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք կողմնակից են կոլեգիալ որոշումների. «Մեր գործընկերները մեր մտածելակերպի մարդիկ են եւ «Նոր Հայաստան» ծրագիրն են իրականացնելու: Ես չեմ կասկածում, որ մեր գործընկերներից ինչ-որ մեկը կարող է չցանկանալ իրականացնել այն, ինչ որ ծրագրել ենք»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































