Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ չհանդիպեցինք տեղեկատվության, որը փաստեր, թե հայրենիքի համար զոհված զինվորին արժանացրել են որևէ շքանշանի կամ մեդալի

Հունիս 12,2012 10:47

Օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ զոհված զինվորների` Հրաչ Սամվելի Սարգսյանի, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանի, Կարեն Կամոյի Դավթյանի հուղարկավորությունը կատարվել է զինվորական արարողակարգով, որին մասնակցել են նաև Հայոց բանակի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զոհված զինծառայողների ընտանիքներին պետությունը օրենքով սահմանված կարգով օժանդակություն է հատկացրել:

Թվում է` պետությունն արել է նվազագույնը, որ պարտավոր էր: Ու թեև ոչինչ այլևս չի սփոփի որդեկորույս մորը, ոչ մի սպեղանի չի մեղմի զավակին կորցրած հոր և մյուս հարազատների կսկիծը, այնուամենայնիվ, կարծում ենք, կան բաներ, որոնք  նույնիսկ այսպիսի ողբերգական իրադրություններում առավել կարևոր են, քան զանազան օժանդակությունները:

Խոսքը զոհված զինվորների հարազատներին այնպիսի բարոյական փոխհատուցման մասին է, որը փոքր-ինչ կմեղմեր նրանց վիշտը, ցավի անտանելի ծանրությունը «կհամակշռեր» այն մխիթարիչ գիտակցությամբ, որ իրենց զավակն ընկել է հերոսի մահով, և դրա վկայությունը ոչ թե ֆինանսական օժանդակություններն են, այլ Հայրենիքի ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: Իսկ Հայրենիքը երբեմն տարօրինակորեն ժլատ է իր զավակներին գնահատականներ բաշխելիս:

Վերջին օրերի հայ-ադրբեջանական լարված դիմակայությանը հետևելիս այդպես էլ չհանդիպեցինք տեղեկատվության, որը փաստեր, թե հայրենիքի համար զոհված զինվորին արժանացրել են որևէ շքանշանի կամ մեդալի: Մինչդեռ էլ ե՞րբ, եթե ոչ այս օրերին էին հարկավոր դրանք, և էլ ո՞ւմ, եթե ոչ հայրենիքի համար ընկածներին էին շնորհվելու դրանք: Ո՞ւմ համար են պահվում շքանշաններն ու մեդալները: Մի՞թե կա առավել մեծ ծառայություն, քան սեփական կյանքը զոհելը, ուրեմն ինչո՞ւ է հապաղում հայրենիքը, ինչո՞ւ իր զինվորին հետմահու չի պսակում մի շքանշանով կամ մեդալով: Ավելին` ինչո՞ւ է հայրենիքը երբեմն այնքան կողմնակալ, որ նույնիսկ մահվան գնով նվաճված պարգևը չի շնորհում իր նահատակին, մինչդեռ զարմանալի շռայլությամբ այդ անում է նրանց համար, ովքեր, թեկուզ (գուցե) շատ բան են արել իր համար, բայց արյուն չեն թափել ու կյանք չեն զոհել: Նրանցից ոմանք նույնիսկ երբևէ խրամատ ու դիրք չեն տեսել, հրացան ու ավտոմատ չեն բռնել. չեն ծառայել:

Այս խոսքերն անշուշտ հնչում են փոքր-ինչ մշուշոտ ու վերամբարձ, բայց հեռուն գնալ պետք չէ. նայեք մերօրյա «իշխանաց» դասի երևելիներին, նրանց մեդալներով ու շքանշաններով «ճոխացած» կենսագրականներին և ասվածի ճշմարտացիության մեջ կհամոզվեք ինքներդ:

«Երկիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930