Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյանը՝ մանկապարտեզի՝ «ֆանար» աչքերով, գզած մազերով, նկարազարդված եղունգներով տնօրենների մասին

Հունիս 19,2012 22:27

«Մանկապարտեզի տնօրեններ կան, ոնց որ թատրոն եկած լինեն, երեխաներն այնպես են վրան նայում»,- Aravot.am-ի հետ զրույցում մանկապարտեզների «խնդիրների» մասին անկեղծացավ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա բոլոր տնօրեններին զգուշացրել է դասական հագնվել, հետեւել իրենց արտաքինին. «Ձեզ չեմ ասում «բրենդային»  հագեք, բայց հիշեք, որ մանկապարտեզ եք մտնում: Բրիջիները հագնում էին, պլեչիկները հագնում էին…  Դու քո բակում կարող ես այդպես նստես: Ես բակ էլ այդպես չեմ իջինի, ամոթ է: Հյուրդ եկավ, դու քո հյուրին անգամ այդպես ամոթ է, որ  ընդունես, քո տան մեջ անգամ: Դու ի՞նչ իրավունք ունես, ուսումնական հաստատություն ես մտնում՝ բավական չի, դու քաղաքապետարան, քաղաքապետի ընդունարան ես այդպես մտնում, խորհրդակցության ու հանդիպման ես գալիս քաղաքապետի հետ: Որպես կին՝ մեկ, կրթության ոլորտում ես ղեկավարում՝ երկու, բա ես չասե՞մ՝ ձեզ տիրություն արեք»:

Տիկին Սողոմոնյանը խոստովանում է, որ իր հանդիմանություններից հետո մանկապարտեզների՝ թատրոնային կերպարով տնօրենները ահագին փոխվել են. «Տնօրեն կա՝ ես կանչեցի ասեցի՝ մազերդ ո՞նց ես հարդարում, սա ի՞նչ է, դու մի հատ նայիր քո գլխին, դու կին ես, մի հատ արի հայելու մեջ նայենք: Դու ինձանից գեղեցիկ ես՝ որպես կին, բայց քեզ արհեստական տգեղացնում ես: Հիմա այդ կինն այլեւս այդ տեսքով չի գալիս, ամեն անգամ նայում է ինձ՝ ծիծաղում է: Դիմահարդարման համար եմ անգամ խոսացել, ասել եմ՝ «ֆանարներ» եք սարքում ձեր աչքերը, այդ երկար եղունգները՝ վրան նկարներ արած, ամոթ է, գեղանկարչությո՞ւն է ձեր մատները:  Հիմա այդպես չկան, շատ-շատ են փոխվել»:

Մանկապարտեզներում տիկին Սողոմոնյանի ջանքերով, այսպես ասած, «դրեսս կոդ» է մտել, որը գործում է նաեւ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների համար: Աշակերտների համար հագուստի սահմանափակումներ չկան. «Ուղղակի զգուշացնում ենք, որ դասականի մեջ լինեն, թափանցիկ չլինեն, որ ներքնահագուստը երեւա, պորտերը բաց չլինի, միշտ ասել եմ՝ բաց պորտեր դպրոցում չտեսնեմ, որ գալիս եմ, դա մերը չէ, դա Արեւելք է: Չենք պարտադրել ոչ մի բան, ազատ է, բայց՝ դասականը պահելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930