Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառակերության համար դատված իջեւանցի կինն օգնության խնդրանքով դիմել է Ադրբեջանի կառավարությանը

Հունիս 24,2012 19:34

Ադրբեջանական aze.az լրատվական կայքը տեղեկացնում է,որ հունիսի 20-ին Ադրբեջանի պետական հեռագրական գործակալությունում նամակ է ստացվել 14-ամյա Դավիթ Դավթյանից, ով հայտնել է, որ Հայաստանում չի կարող կրթություն ստանալ, չի կարող հաղթահարել իր դեմ հարուցված խոչընդոտները եւ այդ պատճառով «իր փրկությունը որոնում է Հայաստանից դուրս»:

Իսկ հունիսի 22-ին նույն՝ «ԱզերԹաջ» գործակալությունում ստացվել է Դավթի մոր՝ Ֆելմիրա Դավթյանի նամակը: Ֆելմիրան օգնություն է խնդրել տարբեր երկրների կառավարություններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությունից,նաեւ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամից, Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններից եւ լրատվամիջոցներից: Ֆելմիրան գրել է. «Սարքված 300 դոլար կաշառքի համար ինձ 666 օր պահել են բանտում եւ ամեն կերպ ստորացրել են: Չեմ ապրելու այն երկրում, որտեղ կազմակերպել են այսպիսի ակցիա՝ «Միասին» եւ «Կաշառակերություն» կարգախոսների ներքո սեւ շրջանակում տեղադրել են իմ եւ հարեւան երկրի նախագահի (Իլհամ Ալիեւի) լուսանկարները: Փրկեցեք մեզ այս դժոխքից, այն պետությունից, որի բանտում ինձ 666 օր տանջել են: Ես ազատվել եմ միայն քաղաքակիրթ երկրների օգնությամբ: Եվ չնայած ես ազատվել եմ, ինձ արգելել են դեռ 666 օր հեռանալ երկրից: Փրկեցեք մեզ այն պետությունից, որտեղ իմ տաղանդավոր տղային՝ 7 գրքերի հեղինակին զրկել են կրթություն ստանալու իրավունքից»: Հայկական պետություն եւ մշակույթի հանդեպ վիրավորանքներով համեմված այդ նամակի վերջում Ֆ. Դավթյանը հրապարակում է իր հետագա ծրագիրը. «Այս պետությունը ինձ եւ իմ երեխային դատապարտում է սովի՝ մեզնից գողանալով ամեն ինչ: Եվ եթե 666 օրից մենք հրաշքով կենդանի մնանք, բոլոր դեպքերում մեզ սպանելու են եւ մեզ սպանողներն արդարացվելու են, իբր եղել է ինքնապաշտպանություն: Ամեն րոպե մեզ կարող են զրպարտել: Ինձ համար հայկական էթնոսի ուսումնասիրությունը նույնքան կարեւոր է, որքան 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններինը: Ապացուցվող թեորեմը դժվար չէ մեկ անգամ եւս ապացուցել: Կարծում եմ, որ պարզ է, թե ինչու ինձ չի կարելի այս երկրից դուրս գալ: Փրկեցեք»:

«Առավոտն» նախկինում տեղեկացրել է ,որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հեռակա ֆակուլտետի նախկին դեկան , Իջեւան քաղաքի 52-ամյա բնակիչ Ֆելմիրա (Ֆեմիդա) Դավթյանը մի ուսանողից 300 դոլար կաշառք վերցնելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: 2011թ. փետրվարի 10-ից Ֆեմիդան ազատության մեջ է: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն մինչեւ 2013թվականը նա պիտի ներկայանա այլընտրանքային պատիժների կիրառման ծառայության աշխատակցին ու ստորագրի համապատասխան մատյանում: Ըստ օրենքի՝ նա կարող է կարճ ժամկետով բացակայել հանրապետությունից, ավելի երկար ժամկետով բացակայելու դեպքում նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի: Ֆ. Դավթյանը մտադիր էր 2012թ. մարտի 8-ին Երեւանում ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա այդ փորձը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930