Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները ծանոթանում են անտառների կենսաբազմազանությանը

Օգոստոս 09,2012 16:03

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի  նախաձեռնությամբ  եւ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ընթանում են  «Ճանաչիր Հայաստանի անտառները» խորագրով բնապահպանական սեմինար-արշավներ՝ երիտասարդության  շրջանում Հայաստանի անտառների դերի եւ նշանակության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Սեմինարները մասնակիցներին հնարավորություն են տալիս տեսական գիտելիքներ ստանալ անտառների կենսաբազմազանության, անտառային էկոհամակարգերի մասին,  իսկ արշավների ընթացքում երիտասարդները մեկնում են մարզերի անտառային գոտիներ՝ մասնագետների աջակցությամբ բնաշխարհին  տեղում  ծանոթանալու համար: Aravot.am-ի հետ զրույցում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանն ասաց, որ արշավախմբերն արդեն այցելել են Հանքավանի եւ Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառներ. «Տեղում անտառներին ծանոթանալուց հետո մասնակիցներին տրվել են հարցաշարեր՝ ստուգելու համար ստացած գիտելիքների մակարդակը: Ի ուրախություն մեզ, նրանց տեղեկացվածության աստիճանը բարձր էր: Առհասարակ, արշավների ընթացքում հետաքրքրության պակաս չի լինում: Կենդանի կամ բույս տեսնելուց մասնակիցներն անմիջապես սկսում են  հարցեր տալ»:

Արսեն Գասպարյանը նշեց, որ շուրջ 350 դիմորդից ընտրվել է 75 տարբեր   մասնագիտություն ունեցող մասնակից՝ տնտեսագետ, իրավաբան, բնապահպան, կենսաբան: Արշավների ընթացքում մասնակիցներն առնչվել են ապօրինի  ծառահատման եւ  անտառների պահպանության խնդիրների հետ. «Այդ իսկ պատճառով  արշավականներին սովորեցնում ենք անտառի հանդեպ ճիշտ վերաբերմունք: Օրինակ՝ բացատրում ենք, թե ինչ հետեւանք կարող է ունենալ ծխախոտը նետելը, կամ ինչ անել օձ տեսնելիս: Նմանատիպ միջոցառումները ճիշտ մոտեցում են ձեւավորում անտառների հանդեպ»:

Արսեն Գասպարյանը հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է այցելել Դիլիջանի ազգային պարկ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031