Լրահոս
Օրվա լրահոսը

Թափուկ վառելափայտի հավաքումը վտանգում է անտառի բնակիչների կյանքը. բնապահպան

Մայիս 22,2026 17:44 Share

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը թույլատրում է անտառամերձ համայնքների բնակիչներին անտառից անվճար հավաքել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ (թափված ճյուղեր, բների մնացորդներ և այլն)՝ էներգակիրների թանկ ու բնակչությանը հասանելի չլինելու բացը լրացնելու համար: Մինչդեռ բնապահպաններն ահազանգում են, որ թափուկների զանգվածային հավաքումն անտառներից լուրջ վնաս է հասցնում կենսաբազմազանությանը:

Երևանի բուսաբանական այգու նախկին տնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարանի Զավեն Պ․ և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս, «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի կենսաբազմազանության փորձագետ Արսեն Գասպարյանի (լուսանկարում) խոսքով՝ կենսաբազմազանության մի զգալի մասը կախված է հենց թափուկներից. «Կա ձևակերպում, որ թափուկ կարող է համարվել թե կանգուն մահացած ծառը, թե ընկած ճյուղերն ու բնափայտի տարբեր հատվածները: Սա մեզ մոտ դիտարկվում է որպես վառելափայտ, մինչդեռ անտառի կենսաբազմազանության միջինում 30 տոկոսը, իսկ առանձին դեպքերում մինչև 70 տոկոսը ուղղակիորեն պայմանավորված է թափուկների առկայությամբ»:

Բնապահպանն ընդգծում է, որ թափուկներն, օրինակ, անտառի բազմաթիվ բնակիչների համար ապրելավայր ու աճելավայր են. «Այդ տեսակների մեջ են մտնում միջատները, սնկերը, քարաքոսերը, մամուռները և այլն: Երբ տարածքից մաքրվում է թափուկը, նրանց կյանքը վտանգվում է, և թափուկի բացակայության պայմաններում կենսաբազմազանությունը տվյալ տարածքում նվազում է: Բացի դրանից, որ թափուկը ապրելավայր ու աճելավայր է, նաև սննդի աղբյուր է»:

Արսեն Գասպարյանի դիտարկմամբ՝ ավանդական անտառտնտեսության մոդելը թափուկը դիտարկում է որպես խնդիր, որը պետք է անտառից հեռացվի. «Այն դիտարկվում է որպես հիվանդությունների բուն, իսկ մարդկանց համար՝ ռեսուրս: Սակայն հաշվի չի առնվում, որ իրականում թափուկը շատ կարևոր է թե կենսաբազմազանության, թե անտառի էկոհամակարգի կայունության համար»:

Թափուկի ձեռքբերման ծավալներն ըստ տարիների

Նշենք, որ անտառամերձ համայնքների բնակիչները թափուկ վառելափայտի կտրոնները հիմնականում ձեռք են բերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից: Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի անտառամերձ համայնքների բնակիչներին տրամադրվել է հետևյալ չափաքանակով թափուկ վառելափայտ՝ 2021թ.՝ 74331 խմ, 2022թ.՝ 80093 խմ, 2023թ.՝ 78988 խմ, 2024՝ 41856 խմ, 2025թ.՝ 44519 խմ:

Նշված տարիների ընթացքում թափուկ վառելիքի ձեռքբերման ծավալներով առաջատար են եղել Տավուշի, Լոռիի, Սյունիքի մարզերը: Օրինակ՝ Տավուշի անտառամերձ բնակավայրերի բնակիչներին տրամադրվել է՝ 2021թ.՝ 42810 խմ, 2022թ՝ 39195.5 խմ, 2023թ՝ 44062 խմ, 2024թ՝ 17311.5 խմ, 2025թ.՝ 17509.5 խմ թափուկ վառելափայտ, Լոռիի բնակիչներին՝ 2021թ.՝ 21130 խմ, 2022թ՝ 25402.2 խմ, 2023թ.՝ 23020.5 խմ, 2024թ՝ 14997.5 խմ, իսկ 2025թ.՝ 15077.5 խմ, Սյունիքի բնակիչերին՝ 2021թ.՝ 4975.5 խմ, 2022թ.՝ 7118.5 խմ, 2023թ՝ 5893 խմ, 2024թ.՝ 6270.6 խմ, 2025թ.՝ 7564 խմ:

Թափուկ վառելափայտի ամենաքիչ քանակությունը տրամադրվել է Շիրակի մարզի անտառամերձ բնակավայրերի բնակիչներին՝ 2021թ.՝ 32.07 խմ, 2022թ.՝ 347 խմ, 2023թ՝ 245 խմ, 2024թ.՝ 291 խմ, 2025թ.՝ 298.79 խմ:

Լուծման ուղին՝ բալանսավորված էկոլոգիական քաղաքականություն

Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում խնդրի լուծումը, Արսեն Գասպարյանը պատասխանեց. «Չենք կարող ուղղակի արգելել թափուկ հավաքելը, այլ պետք է հասկանանք, թե ինչպես բալանսավորել այդ ռեսուրսի օգտագործումը, որպեսզի և կենսաբազմազանությանը չվնասենք և որոշակի չափով հնարավորություն տանք անտառամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվելու այդ ռեսուրսից: Օրինակ՝ կարող է կիրառվել այնպիսի մեխանիզմ, որ թափուկը հավաքվի համաչափ քանակությամբ, այլ ոչ թե միայն առավել հասանելի վայրերից»:

Արսեն Գասպարյանը հիշատակեց նաև, որ Հայաստանն իր կենսաբազմազանության ծրագրով հանձնառել է ավելացնել բնության հատուկ պահպանվող տարածքների մակերեսը, որն այսօր կազմում է 13.1 տոկոս: Ըստ բնապահպանի՝ նախատեսվում է մինչև 2030թ. այս ցուցանիշը հասցնել 20 տոկոսի. «Բացի մակերեսի ընդլայնումից, կա ևս մեկ թիրախ. պետք է բարձրացնել պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունն ու բարելավել ենթակառուցվածքները»:

Շրջակա միջավայրի նախարարությունից ևս հետաքրքրվել էինք, թե ի՞նչ վնաս է հասցնում կենսաբազմազանությանը թափուկ վառելափայտի հավաքումը: Նախարարությունից, սակայն, առաջարկել էին հարցմամբ դիմել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին. «Բնական ռեսուրսներին պատճառված վնասի չափի հաշվարկը կատարվում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից»,-ընդգծել էին գերատեսչությունից: Ուշագրավ է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստացված հարցումը կրկին վերահասցեագրել է ՇՄ նախարարությանը:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031