Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը զբոսայգու տարածքը 99 տարով տվել է իր որդուն

Օգոստոս 09,2012 20:11

Իջեւանի ավագանու 2006թ. հուլիսի 14-ի` «Քաղաքաշինական նպատակներով տարածքներ հատկացնելու մասին» որոշումով  2007թ. հունիսի 22-ին կայացել է քաղաքաշինական նպատակներով կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ: Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն  այդ օրը հաստատել է այդ հողամասերի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները: Դրանով քաղաքապետը Իջեւանի Անկախության փողոցում 1500 քառակուսի մետր տարածքը առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցելու  համար,  99 տարի ժամկետով, վարձակալությամբ տվել է  հարազատ որդուն` Նաիրի Ներսիսյանին:

Մարզկենտրոն Իջեւանի կենտրոնում` քաղաքային  զբոսայգու լճակի շրջակա  1500 քմ տարածքի տարեկան վարձավճար է սահմանվել չնչին  գումար` 45 հազար դրամ: Այդ որոշման 2-րդ  կետով Վ. Ներսիսյանը քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Ա. Հակոբյանին, մասնագետ Է. Քամալյանին  հանձնարարել է  կազմել հողահատկացման փաստաթղթեր եւ մրցույթի հաղթողների հետ կնքել հողամասերի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագրեր :  Մեկ  տարի հետո` 2007թ. հուլիսի 18-ի Իջեւանի  ավագանին  քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի առաջարկով  համայնքի բյուջեից 9 միլիոն դրամ է հատկացրել քաղաքային զբոսայգու լճակի եւ հարակից տարածքի բարեկարգման համար: Ավագանու որոշման մեջ նշված է, որ «ՍԻ-ԷՅՉ-ԷՖ ինտերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ նախատեսվում  է  իրականացնել  քաղաքային զբոսայգու լճակի եւ շրջակայքի փուլային բարեկարգման ծրագիր, եւ քաղաքապետի առաջարկությամբ այդ  ծրագրում ներդրում  է կատարվել: Համայնքի բյուջեից  4 միլիոն դրամ տրամադրվել է  լճակի վերանորոգման, 5 միլիոն դրամ` լճակի շրջակայքի բարեկարգման համար:

Ավագանու որոշման նշված չէ, թե այդ ծրագրի ընդհանուր արժեքը որքան է, «ՍԻ-ԷՅՉ-ԷՖ ինտերնեյշնլ» կազմակերպությունը ի՞նչ  ներդրում պետք է կատարեր այդ ծրագրում եւ արդյոք դա արե՞լ է:  2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը պարտվեց: Դրանից ավելի քան մի ամիս անց, դեկտեմբերի 22-ին, երբ Վ.  Ներսիսյանի լիազորությունների ժամկետը  լրացել էր, սակայն նախկին քաղաքապետը համառորեն չէր ազատում աշխատասենյակը, Իջեւանի նոտարը վավերացրել  է նշված տարածքի վարձակալության պայմանագիրը:

Նորընտիր քաղաքապետ  Վարդան Ղալումյանը դեկտեմբերի 22-ի առավոտյան գրավոր  դիմել  է  անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանում, հայտնելով, որ  նախկին քաղաքապետի լիազորությունների ժամկետը լրացել է, եւ նրա  որոշումների հիման վրա կադաստրային ձեւակերպումներ չպետք է արվեն: Կադաստրի ստորաբաժանումը  մերժել է վերոհիշյալ  տարածքի  վարձակալության իրավունքը  գրանցել: Նաիրի  Ներսիսյանը դրա դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, դատը դեռ չի կայացել: Ոշագրավ է, որ  քաղաքապետարանը 9 միլիոն դրամ է ծախսել զբոսայգու լճակի եւ շրջակայքի բարեկարգման համար, սակայն Նաիրի Ներսիսյանի հետ Վարուժան Ներսիսյանի կնքած պայմանագրում 1500 քմ  տարածքի վարձավճարը  նույնն է մնացել` ընդամենը 45 հազար դրամ: Ինչպես ասում են` կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031