Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով փաստաբանները ստացել են միջնորդությունների մերժման հիմնավորումները

Օգոստոս 23,2012 16:04

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների համոզմամբ, նախաքննական մարմինը անհիմն կերպով է մերժել իրենց բոլոր միջնորդությունները։ Փաստաբաններն այսօր գրավոր ստացել են իրենց միջնորդությունների մերժման հիմնավորումը, որտեղ, ըստ նրանց, որեւէ հիմնավորում չկա։

Նախաքննական մարմինը, մերժելով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները, նշել է, թե այդ միջնորդությունները անհիմն են եւ դրանց մի մասը վերաբերում են քրեական գործից անջատված մասին։ Ոստիկանությունը ավելի վաղ հայտարարել էր, թե ձեռք է բերել ապացույցներ այն մասին, որ «Հարսնաքար»-ի գործով 6 կալանավորվածներից բացի ծեծկռտուքին մասնակցել են եւս մի խումբ մարդիկ, եւ հետեւաբար նրանց հայտնաբերման ուղղությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է։ Գործից անջատված մասը հենց այդ անձանց հայտնաբերմանն է վերաբերում։

«Ազատություն» ռադիոկայանը նկատում է, որ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները միջնորդել էին գործում որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին, վերծանել նրա հեռախոսազանգերը, հարուցված գործը՝ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, վերաորակել որպես սպանություն, ինչը ավելի խիստ պատիժ կսահմաներ մեղադրյալների համար՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում։

Փաստաբան Լուսինե Հակոբյանն ասում է, թե չի հասկանում՝ օրինակ ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավելը կամ նրա հեռախոսազանգերը վերծանելը գործի անջատված մասի հետ։

«Մենք հիմնավորել էինք, որ նա գործի հենց այդ մասի հետ կապ ունի եւ գտնում ենք, որ մերժումը անհիմն է։ Մնացած հեռախոսային վերծանումների եւ այլնի մասով ասվում է, որ գործից առանձնացված մասով դեռ նախաքննությունը շարունակվում է։ Անհասկանալի պատճառներով անընդհատ հղում է կատարվում այդ գործից առանձնացված մասին։ հասկանալի է, որ դա ուղղակի պատրվակ է, որովհետեւ ընդհանրապես մտադրություն չկա արդյունավետ, լրիվ բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն կատարելու»։

Հավելենք, որ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները պատրաստվում են բողոք ուղարկել Գլխավոր դատախազություն՝ նախաքննական մարմնի կողմից իրենց միջնորդությունները անհիմն մերժելու կապակցությամբ։

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031